Գլխավոր Նորություններ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՐՑՈՎ

«ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՐՑՈՎ

600
Տարածել

Միջազգային փորձագետները՝ Երևանում

Սեպտեմբերի սկզբին տեղեկացրել ենք, որ օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հաջորդ օրը

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

 

Քննարկվել է գործարանից եկող քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերը միջազգային փորձագետների օգնությամբ լուծելու խնդիրը: Միջազգային կառույցների ներկայացուցիչներն ասել էին, որ պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ԱԻ նախարարությանը:

ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանից տեղեկացանք, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) և Արտակարգ արձագանքման համակարգող եվրոպական կենտրոնի (ERCC՝ Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծրագրերի ECHO, ցանցի օղակ) աջակցությամբ սեպտեմբերի 11-ին Հայաստան է ժամանել երեք փորձագետ.

Վիլիամ Կռուզ Մոռեյ՝ թունավոր նյութերի և քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային՝ CBRN տեխնիկական խորհրդատու (Շվեյցարիա),

Քրիստոֆ Լիբոն՝ Փարիզի  հրդեհային բյուրոյի թունավոր նյութերի և քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային՝ CBRN տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա),

Մալվիանա Հեդեն՝ շրջակա միջավայրի ինժեներ (Շվեդիա):

Փորձագետները հանդիպել են նախարար Դավիթ Տոնոյանին, եղել «Նաիրիտ» գործարանում, զրուցել գործարանի տնօրենի հետ: Փորձագետներին է ներկայացվել նրանց հետաքրքրող ամբողջ տեղեկությունը. գործարանի պատմություն, հրդեհից հետո ստեղծված իրավիճակ, հրդեհից այրված պահեստարանների վիճակ, գործարանում պահվող նյութերի տեսակներ և այլն:

Հաջորդիվ փորձագետները կուսումնասիրեն մեր օրենսդրական դաշտը (քիմիական նյութերի և թափոնների պահպանում, իրացում, չեզոքացում, մարդկանց և շրջակա միջավայրի համար առկա ռիսկեր և այլն), հետազոտություններում կներգրավվեն շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրություն-հետազոտությունը կավարտվի սեպտեմբերի 22-ին, որից հետո կներկայացվի խնդրի լուծման առաջարկների փաթեթ:

«Նաիրիտից» եկող ռիսկերը գնահատելու հարցում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ասել է, որ «Վեոլիա Ջրի» կազմում կան մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են օգտակար լինել:

Կողմերը պայմանավորվել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը փոխանցել «Նաիրիտի» վերաբերյալ տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում ընկերության փորձագետները կգան Հայաստան՝ խնդրի լուծման առաջարկ կազմելու համար: