Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀԻՑ ՀՐԴԵՀ

ՀՐԴԵՀԻՑ ՀՐԴԵՀ

464
Տարածել

Ամառն անցավ չափազանց շոգ պայմաններում: Օգոստոսին օդի ջերմաստիճանը մի քանի անգամ ռեկորդային եղավ, նաև՝ հրդեհաշատ: Սկզբում «Խոսրովն» էր, հետո՝ «Բյուրականը»՝ խոտածածկ տարածքներն էլ չհաշված: Ու տպավորություն էր, որ փրկարարները մի ճակատամարտը չավարտած, ուժ ու միջոցներ դեռ չհամալրած՝ նորից մարտի են նետվում: Ու կարծես հրդեհի դեմ այդ թեժ կռիվներում միայնակ են, պաշտպանված չեն. չի գիտակցվում աղետը և անվստահություն է սերմանվում հրշեջ-փրկարարների աշխատանքի նկատմամբ:

Հարցնում են՝ ինչո՞ւ են շատացել հրդեհները: Բազմիցս ենք նշել՝ անտառային հրդեհների առաջացման պատճառը մարդկային անզգուշությունն է, փնթիությունը: Անտառների, չոր խոտածածկ տարածքների հրդեհային անվտանգության երաշխիքը օրենսդրական շատ ու շատ բացերի լրացումն է: Ժամանակն է խստացնել պատժամիջոցները: Այդպես է աշխարհի զարգացած երկրներում: Ավելի սերտացնել է պետք ԱԻՆ-ՏԻՄ գործակցությունը: «Բյուրականի» օրերին քամու ուղեկցությամբ խոշոր հրդեհներ էին Ջաջուռում և Դիլիջանում: Մարվեց արագ ու միասնական գործողությունների շնորհիվ: Ավաղ, Շիրակում փրկարարներց մեկը այրվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

Հարցնում են՝ ինչո՞ւ մարված անտառը օր հետո նորից վառվեց, ինչո՞ւ ԱԻՆ-ը չհետևեց, որ չբռնկվի: Ու նույն լրատվամիջոցը կարող չէ գրելու թաքնված ծխացող օջախների մասին, չգիտե, որ մարված անտառում, եթե 1000 աչք էլ հետևի, միևնույն է, արևի ջերմությունից հրդեհի վտանգը կա:

Հարցնում են, ինչո՞ւ են ծառի ճյուղերով հանգցնում այրվող խոտածածկը: Հրշեջների փորձով և վերջապես EuroFire-ի չափանիշներով բարդ ռելիեֆ ունեցող խոտածածկերում հրդեհաշիջումը ջրով՝ խնդիր է: Հարմար են ծառի ճյուղերը, իսկ առավել հարմար՝ սովորական ցախավելն ու հատակի ավելը: Դրանք թեթև են ու չեն հոգնեցնում՝ ի տարբերություն չհրկիզվող ծածկոցների, շորերի, ծառի ճյուղերի: Մեկ հարվածով շատ տարածք են հանգցնում: Հնարավորություն են տալիս մի քանի փրկարարով մարել 1 կմ-ից ավելի կրակե գիծ:

Հարցնում են. Բյուրականում հրշեջ մեքենաների մեծ մասն ինչո՞ւ էին ջրով բեռնված՝ կանգնած ճամփեզրին: Ճապոնական այս հսկաները կրում են 10 տ ջուր: Այդ տարողությամբ մեքենաները չէին կարող աշխատել բարդ ռելիեֆում: Հրդեհաշիջման մարտավարությամբ՝ նրանց շնորհիվ կրակին մոտիկ տարածքներում ջրի պակաս չի եղել: Այդ մեքենաներից շատ ամենագնացներ են գործել անտառում: Մեծ ճնշման տակ մեքենայում ջուրը վերջանում է հաշված րոպեներում: Ու լիցքավորումն արագացրել են այս մեքենաները:

Ասում են, թե կարելի էր հրդեհը երկու ժամում հանգցնել: Եթե անտառապահների հսկողությունը աչալուրջ լիներ, գուցե հնարավոր լիներ, բայց երբ իրավիճակը բարդացել է՝ անհնար է եղել: Եվ բոլոր փրկարարներն են գործել ուժերի առավելագույն չափով: Բոլորը՝ հատուկ ջոկատայիններ՝ հրդեհից հրդեհ անցած:

Պարոնայք, չիմացածը մի՛ ներկայացրեք իբրև ճշմարտություն: Մեզ մոտ բավարար պաշտպանված չեն անտառները, այդ մասին է պետք մտածել, գիտակցել աղետի վտանգը, վստահել հրշեջ-փրկարարներին: