Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ

605
Տարածել

Փորձի փոխանակման լավ առիթ աշխարհի փրկարարների համար

Սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա- Հերցոգովինայում կանցկացվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Բոսնիա-Հերցոգովինա 2017» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը: Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ: Իսկ սեպտեմբերի 17-21-ը Մոլդովայում դաշտային վարժանք կանցկացվի Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries՝ PPRD East-2) ծրագրի շրջանակներում՝ EU MOLDEX 2017: Հայ փրկարարները կմասնակցեն երկու վարժանքին էլ: Մոլդովա կմեկնի 24 փրկարար, Բոսնիա-Հերցոգովինա՝ 47 փրկարար:

 

Մոլդովա

«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East-2) ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին (2010-2014 հատվածում՝ PPRD East-1, 2014-ից մինչ օրս (PPRD East-2), և այդ ընթացքում եղել են քննարկումներ, համաժողովներ: EU MOLDEX 2017 դաշտային վարժանքն առաջինն է: Կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր երկրները՝  Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, նաև Չեխիան, Դանիան, Ռումինիան: EU MOLDEX 2017 դաշտային վարժանքում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ԱԻՆ փրկարար ծառայության Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Ուլիկյանը: Ներգրավված է քաղաքային որոնողափրկարարական մեկ թիմ՝ 14 հոգի, երկու բժիշկ, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգ իրականացնող հինգ մասնագետ, թիկունքի ապահովման մեկ մասնագետ: Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա վարժանքի ղեկավար կազմում:

Վարժանքի սցենարի համաձայն՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, փլվել են բազմաթիվ շենքեր, ջրամբարների պատվարներ են վնասվել, թունավոր և վտանգավոր նյութեր տեղափոխող տրանսպորտային միջոցներ են վթարվել: Մոլոդվան միջազգային օգնություն է խնդրում: Վարժանքի նպատակն է ստուգել PPRD East ծրագրի մասնակից երկրների փրկարարական կարողությունները: Շեշտը դրվելու է միջազգային համագործակցության վրա, սակայն Մոլդովան հնարավորություն է ունենալու արձանագրել օգնություն խնդրող՝ «հյուրընկալ» երկրի փրկարարներ ընդունելու կարողությունների հնարավոր բացերն ու նախանշել շտկումների ու զարգացումների ուղղությունները:

 

Բոսնիա-Հերցոգովինա

«Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին կմասնակցի 30 երկրի փրկարար (Հայաստան, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պակիստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, նախկին հարավսլավական հանրապետություն՝ Մակեդոնիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այսպիսի վարժանքներ EADRCC-ը կազմակերպում է ամեն տարի: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր: «Բոսնիա-Հերցոգովինա 2017» դաշտային վարժանքում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Մուրադյանը: Ներգրավված են քաղաքային որոնողափրկարարական մեկ թիմ՝ 30 հոգի, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգ իրականացնող վեց մասնագետ, երեք ջրասուզակ: Մենք ներկայացուցիչներ կունենանք վարժանքի ղեկավար կազմում, գնահատողների, դիտորդական խմբերում, միջազգային ուժերի համակարգման կենտրոնում:

Վարժանքի սցենարի համաձայն, Բոսնիա-Հերցոգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևներից վարարում է Սավա գետը, հետո այլ գետեր, ու վտանգվում են ջրամբարներ, ջրհեղեղ է սկսվում՝ վնասելով Տուզլա, Լուկավաչ, Գրաչանիկ քաղաքները, Մոդրիկ լճի մատույցների և լիճը թափվող Սփրեչա գետի երկայնքով տեղակայված գյուղերը: Մոտակա լեռան լանջերի սողանքներն են ակտիվանում, տուժում է 40 շենք և 160 առանձնատուն, այդ թվում՝ դպրոցներ, բուժհաստատություններ, վնասվում՝ 15 կամուրջ, տասնյակ ճանապարհներ են ավերվում, ջուրը քշում է հարյուրավոր ընտանի կենդանիներ, տարհանվում է 1500 մարդ, անհետ կորած է 20-ը, առողջապահական հաստատությունները գերբեռնված են, հաստատվել է, որ աղտոտված է խմելու ջուրը, սննդի պակաս է զգացվում, չհաստատված լուրեր կան, որ նախկինում ականապատ և ականազերծված տարածքից ջրի հոսքը չպայթած ականներ է բերել: Երկրի իշխանությունը մտածում է միջազգային օգնություն խնդրելու մասին: Այս աղետից մեկ օր անց գրանցվում է 5  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: 12 վայկյան տևած ցնցումներից զոհվում է 30 մարդ, հանքերից մեկում հանքափորներ են արգելափակվում հողի տակ, վնասվում են հին շենքեր, արդյունաբերական ձեռնարկություններից մեկում թունավոր նյութերի արտանետում է եղել, մեծապես տուժում են հաղորդակցության ուղիներն ու միջոցները: Սեյսմոլոգները չեն բացառում, որ ցնցումներ դեռ էլի կլինեն, ինչից կարող են վնասվել ջրամբարների պատվարները: Երկրի ազգային միջոցները բավարար չեն ու միջազգային անհապաղ օգնության խնդրանք է տարածվում:

«Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնում» վստահ են, որ միջազգային դաշտային վարժանքները տարբեր երկրների փրկարարների միջև փորձի փոխանակման հիանալի հնարավորություն են: ՆԱՏՕ «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնը» հիմնադրվել է 1998 թվականին աղետների կառավարման և աղետյալ երկրներին միջազգային օգնություն հասցնելու գործիք է: Հիմնադրման օրվանից մինչ օրս կենտրոնն ավելի քան 60 անգամ արձագանքել է աղետից տուժած երկրների օգնության խնդրանքներին:

Այսպիսի մեծամասշտաբ ու բազմազգ վարժանքների ծրագրով նախատեսված են ինչպես տեսական մաս՝ քննարկումներ, այնպես էլ գործնական մաս՝ օրվա լույս և մութ ժամերի համար: Վարժանքի տված դասերը դառնում են ուսուցողական նյութ երկրների քաղաքացիական պաշտպանության համակարգերի և փրկարարական ստորաբաժանումների համար:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հ.Գ. «Բոսնիա-Հերցոգովինա-2017» և EU MOLDEX 2017 վարժանքներում մեր փրկարարների գրանցած արդյունքների մասին՝ վարժանքներից հետո: