Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «ՆԱԻՐԻՏԻ» ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

977
Տարածել
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia

Առանձնակի փորձություններով ճանապարհ

Ջոկատը

«Նաիրիտի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատը (ՀՓՋ) ստեղծվել է 1936 թվին` գործարանը կառուցելու ընթացքում: «Դրանից առաջ Երևանում եղել է ընդամենը երկու հրշեջ մաս: Սկզբում՝ հին տեխնիկա, որը ժամանակի ընթացքում արդիականացվել է: Շենքը միշտ եղել է նույն տեղում, սկզբում՝ փոքր, 1948-ին կառուցվել է երկրորդ հարկը, մի քանի անգամ վերակառուցվել է, իսկ վերջնական ու ավարտուն տեսք է ստացել 1982-ին»,- ասում է ՀՀՋ հրամանատար, փ/ծ գնդապետ Արարատ Ավագյանը: Սկզբում կոչվել է «Նաիրիտի» պահպանության 6-րդ , հետո՝ 7-րդ ռազմականացված հրշեջ մաս. հենց այդ նշանակությամբ էլ անցան ՀՀ ԱԻՆ ենթակայության տակ: «Սկզբում, բացի «Նաիրիտից», ջոկատը սպասարկել է նաև «Պոլիվինիլացետատը» և «Ավտոդողերի գործարանը», դրանց հրշեջները «Նաիրիտի» ենթակայության տակ էին, հետո առանձնացան որպես 13-րդ և 15-րդ ռազմականացված հրշեջ մասեր և մեր 7-րդի հետ, 1982-ին, կազմեցին մի ընդհանուր 1-ին հրշեջ ջոկատ»,- շարունակում է հրամանատարը:

Հատուկ քիմիական օբյեկտների պահպանությունը, բացի դրանից՝ ջոկատի ենթակայության տակ էր ազգային օպերայի, մարզահամալիրի շենքերի պահպանությունը: 1997-ին ցրվեց ջոկատը, քանի որ այլևս չէին գործում «Պոլիվինիլի» և «Ավտոդողերի» գործարանները, և կրկին 7-րդ ռազմականացված հրշեջ մասը մնաց առանձին: Իսկ 2005-ին վերանվանվեց «Նաիրիտի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատ: «Ի դեմս ԱԻՆ փրկարար ծառայության՝ ՀՀՋ-ն «Նաիրիտ» գործարանի պահպանությունն իրականացնում է պայմանագրային հիմունքներով: Ջոկատի տեխզինվածությունն ապահովում է «Նաիրիտը», իսկ անձնակազմը ենթարկվում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը: Այս պահին 33 հրշեջ-փրկարար է ընդգրկված անձնակազմում, ունենք 4 թափուր տեղ: Ծառայությունն իրականացնում ենք 4 հերթափոխով և 2 մարտական հաշվարկով»,- շարունակում է փ/ծ գնդապետը: Պահպանություն է իրականացնում միայն «Նաիրիտ» գործարանի 156 հա տարածքում և հարակից եզրերում՝ կանխելով հնարավոր հրդեհի թափանցումը: «Եթե «բարձր կանչ» է գրանցվում հանրապետությունում, մենք անպայման արձագանքում ենք: Մեր տղաներից 20 հոգի մասնակցել են Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին: Ոչ վաղ անցյալում՝ 1990-ականներին, տարեկան ունենում էինք 40-50 հրդեհի կանչ, անձնակազմն էլ 60-ի էր հասնում, իսկ հիմա հրդեհների հաճախականությունը նվազել է՝ հասնելով տարեկան 5-7-ի»,- կրկին տեղեկացնում է հրամանատարը:

Սակայն այդքանով չի սահմանափակվում ջոկատի գործունեությունը, մշտապես վերահսկում են տարածքը, պարբերաբար կանխարգելում հնարավոր հրդեհների բռնկումը և մշտապես հսկում գործարանում կատարվող կրակային՝ զոդման և այլ աշխատանքները, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքներն են իրականացնում: Մեքենաները 30 տարվա են, գույքը արդիականացման կարիք ունի, սակայն երբեմնի արտադրական հսկան ի վիճակի չէ որևէ բան ձեռք բերելու: Մարտական հարդերձանք ու որոշայկի գույք փրկարար ծառայությունն է տրամադրել: Հիմնականում եղածը նորոգում ու թարմացնում են սեփական ուժերով ու միջոցներով: Նաիրիտցիների ուսումնական աշտարակը լավագույնն է հանրապետությունում և արդեն քանի տարի է՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատների միջև հրշեջ-կիրառական մարզաձևի մրցումներն այստեղ են անցկացվում: Իսկ ՀՀՋ-ն այդ մրցումներում արդեն 3-րդ տարին է, որ գրավում է առաջին տեղը: 1985-ին էլ ԽՍՀՄ երիտասարդական հրշեջ-կիրառական մրցումներն են անցել «Նաիրիտի» հրշեջ մասի տարածքում:

 

Հրամանատարը

Ջոկատի հնաբնակը՝ վետերանը, հենց հրամանատարն է՝ փ/ծ գնդապետ Անդրանիկ Ավագյանը: Սեպտեմբերի 11-ին նա կդառնա 60 տարեկան: 60-ից 35,5-ն իրենը լինելուց բացի, նաև ծառայությանն են՝ գծելով հրշեջ-փրկարարի անցած ուղին, որն սկզբնավորվել է հենց «Նաիրիտում»՝ շարքայինից մինչև հրամանատար, արդեն 23,5 տարի: «Աշխատանքի եմ անցել 1982-ի մարտի 16-ին, որպես հրշեջ, 1983-ի վերջերին ստացել եմ կրտսեր լեյտենանտի կոչում և աշխատել որպես հրահանգիչ: Իսկ 1986-ին ընդունվել եմ Մոսկվայի հրշեջ ակադեմիան և հեռակա սովորել աշխատանքին զուգահեռ` արդեն ավագ ինժեներ»,- ասում է ՀՀՋ հրամանատարը՝ փ/ծ գնդապետ Անդրանիկ Ավագյանը: Իսկ 1992-ին տեղափոխվել է 4-րդ հրշեջ մաս, որպես պետի տեղակալ մինչև 1994-ի փետրվարը, որից հետո վերադարձել է հարազատ «Նաիրիտ»՝ արդեն որպես հրամանատար: Այդ ընթացքում մասնակցել է Արցախյան ազատամարտին. «ՆԳ նախարարի հրամանով գործուղվել ենք Լաչին՝ Ղոչազ կոչվող տարածք, որպես դիրքապահ: Մասնակցել եմ նաև Հադրութի շրջանի Տունի գյուղի պաշտպանական մարտերին»: Տունին հրամանատարի ծննդավայրն է, որի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ, այնուհետև ընդունվել է Ղափանի շինարարական տեխնիկում: Իսկ հայրը՝ զինվորական պահեստային սպա, 1991-ին զոհվել է հարևան Տեղ գյուղում: Պարգևատրվել է «20  և ավելի տարի անբասիր ծառայություն» մեդալով, «Երկրապահի» մեդալով երկու անգամ, արժանացել մի շարք պատվոգրերի տարբեր գերատեսչությունների կողմից:

Բարդ ու առանձնակի ծանր փորձություններով է ուղեկցվել հրամանատարի մարտական ուղին. «Նաիրիտ», «Պոլիվինիլ», «Ավտոդողերի» գործարան: Մասնակցել է նաև մեկ այլ բարդության ու առանձնակի ծանրության՝ ատոմակայանի, մարզահամալիրի հրդեհաշիջումներին: Իսկ ամենադաժան տպավորությունները, որ ճնշում են մինչ օրս՝ 88-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներն էին: «Ցավոտ դեպքեր շատ են եղել՝ 1/12 արտադրամասի, 1/9 արտադրամասի պայթյունները, որոնք մարդկային կյանքեր են խլել, և էլի նման ողբերգական ավարտով դեպքեր, բայց ամենացավոտը երկրաշարժն էր, որի փրկարարական աշխատանքներին մասնակցում էի առաջին օրվանից: Ձայն ես լսում, բայց չես կարողանում օգնել, դա է ամենից ցավոտը»,- դեռ ցավ զգալով ասում է հրամանատարն ու նկատում, որ իր անցած մարտական ուղին իրեն պարտադրում է մշտապես լինել երիտասարդների կողքին. «Առաջինը ես գնամ, նոր՝ իմ հետևից երիտասարդը: Թույլ չտամ անփորձ մարդուն առաջ գնալ, թեկուզ խիզախ է, քանի որ վտանգը միշտ կա հատկապես քիմիական հրդեհներ մարող մեր ջոկատի համար»: Որպես հավելում նշում է նաև, որ իր բոլոր տղաների ծնողներին գիտի, ծանոթ է ընտանիքներին և նրանց վերաբերվում է ինչպես իր որդիների:

«Գրեթե իմ ամբողջ գիտակցական, հասուն կյանքն անցել է հրշեջ-փրկարարի ճանապարհով, իմ կյանքի ամեն օրն է, իմ ապրելակերպն է, այլ կյանք ես չեմ պատկերացնում: Եթե նորից ծնվեի, նույն ճանապարհն էի անցնելու: Գիշերը կանչ եղավ՝ այստեղ եմ, ցերեկը կանչ չկա՝ դարձյալ այստեղ եմ»,- ասում է հրամանատարը՝ ինչպես ճակատագրից են խոսում: Այդ ճակատագիրը միայնակ չի կրում. որդին զինվորական է, դուստրը՝ բուժաշխատող, կինը՝ նույնպես: Ընտանիքի բոլոր անդամներն են մարդ փրկելու նույն բովանդակության մեջ: Միջոցները թեպետ տարբեր են, սակայն միմյանց լրացնող ու ամբողջացնող: «Հոգեկան բավարարվածություն եմ զգում այն բոլոր դեպքերում, երբ կարողանում ենք շտապ հետախուզում կազմակերպել և արագ մարել հրդեհը՝ առանց մարդկային կորուստների»,- որպես նպատակ է նշում ՀՀՋ հրամանատար, փ/ծ գնդապետ Արարատ Ավագյանը: Իսկ չիրականացված երազանքը նոր հրշեջ տեխնիկա ձեռք բերելն է, լիարժեք պայմաններով ծառայությունն իրականացնելու համար: Ասում է, որ աշխատանքից դուրս գալուց հետո էլ սա կմնա երազանք, քանի դեռ չի իրականացել:

Լաքիէթինոլի հրդեհը

 

Օգոստողի 28-ը լաքիէթինոլի

4-րդ մեծ հրդեհն էր «Նաիրիտում» վերջին երկու տասնամյակի ժամանակագրության մեջ: 2/11 տեղամասի 4 բետոնե տարաներում այրվում էր մոտ 200 տ լաքիէթինոլ՝ սպառնալով հարակից մետաղե տարաներում պահվող նույն քիմիական դյուրավառ նյութին: ՀՀՋ 4-րդ դասակի հերթափոխն էր և հենց նրանք են առաջինը հասել դեպքի վայր՝ իրականացնելով հրդեհաշիջման աշխատանքներ, մինչև 3-րդ կանչով օգնության կգային մյուս ջոկատները: «Հասնելով հրդեհի վայր՝ ամեն մեկս կատարել ենք մեր պարտականությունները: Դժվար էր շիջելը, շատ բարձր ջերմաստիճան էր, բայց մեզ համար, երբ այստեղ անցնում ենք ծառայության, անհաղթահարելի վիճակներ չկան, ուսումնավարժանքների ժամանակ ամեն փորձության պատրաստվում ենք: 6 տարի է՝ ջոկատում եմ, և սա առաջին մեծ դեպքն էր ինձ համար, բայց տպավորությունն այնպիսին էր, որ էլի եմ մասնակցել նման հրդեհների, չէի զարմացել: Ե՛վ հրդեհաշիջում էի իրականացնում, և՛ ուշադրությունս անձնակազմի կողմն էր՝ հանկարծ մեկին մի բան չպատահի»,- ասում է օղակի հրամանատար, փ/ծ ավագ Խաչիկ Միրզիկյանը:

Փ/ծ ավագ սերժանտ, ավագ հրշեջ Գեղամ Մարտիրոսյանի գործունեությունը նախ օգնելն էր օղակի հրամանատարին՝ կատարելով նրա ցուցումները. «Ջրագծերն էի փռում, անընդհատ հետևում ջրի անխափան մատակարարմանը, խնդիր առաջանալիս դրանք արագ վերացնում: Ինձ համար նույնպես առաջին խոշոր դեպքն էր, բայց արտասովոր որևէ բան չկար, քանի որ բոլորս էլ հոգեբանորեն պատրաստ ենք նման իրավիճակներին»: Իսկ փ/ծ սերժանտ Մկրտչյանը 3 տարի է ջոկատում, նրա համար էլ առաջին լուրջ փորձությունն էր. «Բռնկված շրջակա խոտածածկ տարածքն էինք շիջում և հովացման աշխատանքներ կատարում: Ամեն մեկս ստացած ցուցումով մեր աշխատանքն էինք կատարում առանց խուճապի, սովորականի պես՝ ինչպես ուսումնավարժանքների ժամանակ»:

Սակայն պատասխանատվության և գործողությունների անմիջական կազմակերպման զգալի մասը խմբի պետ, փ/ծ կապիտան Ղազարյանի ուսերին էր ծանրացած, որի պարտականությունն էր գնահատել իրավիճակը, կազմակերպել անձնակազմի ճիշտ աշխատանքը և խստորեն պահպանել անվտանգության կանոնները, քանի որ պայթյունավտանգ, երբեմն էլ թունավոր քիմիական նյութի հետ գործ ունեն. «Անձնակազմը մարտական բացազտում իրականացրեց և սկսեցինք հովացման աշխատանքները: Հրդեհի ուժգնությունը ստիպեց նախ 2-րդ կանչ հաստատել, բայց եկած օգնությունը բավարար չէր, քանի որ հրդեհը սպառնում էր ամբողջ արտադրամասն ընդգրկել: Մեզ մնում էր բարձր՝ 3-րդ կանչ հաստատել: Հրդեհն ահավոր էր, բայց տղաների աշխատանքից գոհ եմ, նրանք կանխեցին վատթարագույնը»:

Դժվարություն չի առաջացրել անգամ այն խնդիրը, որ գործարանի հրշեջ-հիդրանտները չեն գործում և մեքենաներն ստիպված էին դրսում՝ քաղաքային հիդրանտներից լիցքավորվել: Ջուր հասցնելու այդ լարված աշխատանքն իրականացնողներից էր վարորդ, փ/ծ սերժանտ Անդրանիկ Բիլյանը, որի ընտանիքում հրշեջ լինելն ավանդույթ է, ծնողները, քույրերը նույն մարտական ուղին են անցել. «Արագ փոխում էինք փողրակները, միմյանց փոխարինելով՝ մեքենաները ջուր էին մատակարարում, ամեն ինչ կազմակերպված էր, և խնդիրներ չառաջացան: Եթե ներսի հիդրանտները գործեին, շատ ավելի հեշտ ու արագ կլիներ աշխատանքը, գնալ-գալու վրա ավելորդ ժամանակ չէինք կորցնի»:

Իսկ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Սամվել Արզումանյանը՝ 20-ամյա փորձառություն ունեցող ջոկատի վետերանն ու հնաբնակը, հրամանատարից հետո, որ թեպետ արձակուրդում, սակայն հրդեհի բռնկվելուց կես ժամ հետո արդեն դեպքի վայրում էր, նախ նշում է, որ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները վստահություն են ներշնչում հրշեջներին: Գիտեն, թե ինչ նյութ է այրվում և ինչպիսի ծուխ է արձակում, որքան հեռավորությունից պետք է շիջել, որպեսզի անվտանգ լինի. «Ոչ միայն ես, այլև մեր մյուս տղաները, ովքեր այդ օրը հերթափոխի չէին, արագ հասել են, փոխվել` հագնելով մարտական հագուստ, և անցել տղաներին օգնելու՝ ըստ իրենց տրված առաջադրանքի: Կապ չունի, թե ում հերթափոխն է, եթե դեպք է պատահել, բոլորը մի մարդու պես հավաքվում են: Ունենք թոշակի անցած հրշեջներ, որոնք, հանկարծ տեսնում ես, թան-մածուն վերցրած եկել են, որովհետև տղաները ծխի մեջ են աշխատում, հանկարծ չթունավորվեն: Ի սկզբանե դրվածքն այդպես է եղել ջոկատում և մինչ օրս պահպանվում է»:

Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարը տեղեկացնում է, որ թեպետ օգոստոսի 31-ի գիշերը մեքենաները դուրս են բերվել արտադրամասից, բայց հսկողությունը մշտապես կա. 32 աստիճանի պայմաններում բռնկվող լաքիէթինոլի անվտանգությունը պահպանվում է շոգ եղանակին մշտապես ջրով հովացում տալով, բայց դա մետաղե տարաներին միայն, իսկ բետոնե տարաների դեպքում հնարավոր չէ: Կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկում անվնաս ազատվել անպիտան թափոնից: Որպես հեղուկ ստացվող լաքիէթինոլը քարացած էր ոչ միայն այրված բետոնե, այլև պահպանվող մետաղե տարաներում` ժամկետանց լինելու հետևանքով:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ