Գլխավոր Նորություններ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ.

ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ.

864
Տարածել

«ՓՐԿԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՁԻԳ, ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՎ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ»

Փ/ծ գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը 2004-ին գլխավորել է Արտակարգ իրավիճակների վարչությունը: 2006-ին ՀՀ փրկարար ծառայության տնօրենն էր, 2008-2010-ին՝ ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենը: 2009-ին միաժամանակ աշխատել է նաև նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: Նա զգալի ավանդ է ունեցել մեր երկրում փրկարար ծառայության զարգացման գործում: Մեր հարցազրույցը անդրադարձ է անցած տարիների նրա գործունեությանը:

 

— Ինչպե՞ս ձևավորվեց ծառայությունը:

— Ես Սյունիքի մարզպետն էի: 2004-ի մարտին վարչապետի որոշմամբ նշանակվեցի ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության պետ: 2005-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց փրկարար ծառայության ստեղծման գաղափարը: Նույն տարվա վերջին ընդունվեց օրենք փրկարար ծառայության մասին: Համակարգը կայացավ, ստեղծվեց արագ արձագանքման փրկարար ջոկատ: Հրշեջ մասերը համալրվեցին տեխնիկայով: Կառավարության աջակցությամբ կարողացանք ավտոպարկը քիչ թե շատ թարմացնել: Ստեղծվեցին համապատասխան կառույցներ: 2008-ին ստեղծվեց ԱԻ նախարարությունը, սակայն փրկարար ծառայության տնօրենը լիազոր մարմին էր. կոչումները շնորհում էր ծառայության տնօրենը, անձնակազմին նշանակում, ազատում, խրախուսում: Նախարարությունը ստեղծվեց, և մի շարք կառույցներ ընդգրկվեցին գերատեսչության կազմում: Առաջին նախարար նշանակվեց Մհեր Շահգելդյանը: Բավականին գրագետ նախարար էր, գործիմաց մարդ: Նախարարությունն այն ժամանակ գտնվում էր փրկարար ծառայության շենքում՝ Պուշկինի փողոցում: Հետո՝ 2010-ին, նախարար նշանակվեց Արմեն Երիցյանը, որ բավականին աշխատանքներ կատարեց:

— Ամենանշանակալի ձեռքբերումը, որ ունեցել եք փրկարարական ոլորտում աշխատելիս:

— Ամենամեծ ձեռքբերումը փրկարար ծառայությունում Երևան քաղաքի հրշեջ մասերը սպասարկող 28 հրշեջ նոր մեքենաներով համալրելն էր: 2006-2010 թթ. մենք Ճապոնիայի Զարգացման գործակալության հետ աշխատել ենք, և դրամաշնորհի տեսքով 2010-ի մայիսին այդ մեքենաներն արդեն Երևանում էին:

— Այդ ժամանակ արդեն ԱԻ կառույցը միջազգային համագործակցության շնորհիվ նշանակալի ձեռքբերումներ ուներ: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը տարիների հեռվից:

— Ես բավականին ակտիվ աշխատում էի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ Շվեդիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Ճապոնիայի և մի քանի այլ պետությունների հետ, նրանցից տեխնիկական աջակցություն ստանում: Գերմանիայի Տնտեսական զարգացման գործալակությունից 1 մլն 700 հազար եվրո է ներդրվել՝ սահմանամերձ շրջաններում արագ արձագանքման համակարգ ստեղծելու համար, և ծրագիրն իրականացվել է գերմանացի մասնագետների մասնակցությամբ: Բոլոր երկրներում փրկարար ծառայություններն իրենց ուրույն տեղն ունեն և բավականին հեղինակավոր ծառայություններ են:

— Մեզ մոտ գնահատված համարո՞ւմ եք փրկարարին:

— Այո՛: Մենք բազմաթիվ զանգեր էինք ստանում քաղաքացիներից: Ես կարողացել եմ գումարներ տնտեսել և ծառայության կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ գնել. ո՛չ թե ծառայողական մեքենաներ, այլ օպերատիվ հերթապահության մեքենաներ, որպեսզի փրկարարները կարողանան հնարավորինս արագ արձագանքեն պատահարներին:

— Ձեր օրոք իրագործված ամենահիշարժան փրկարարական աշխատանքը ո՞րն եք համարում:

— Ամենահիշարժանը «Նաիրիտի» հրդեհն էր՝ պայթյունի ուղեկցությամբ: Վառվում էին լաքիէթինոլ հեղուկով տարաները: Մենք կարողացանք սառեցված պահել երկաթե տարաները: Հրշեջ մեքենաներից արձակված ջրաշիթերով այնպես արեցինք, որ տարաները չտաքանան ու չպայթեն: Մեծ ծուխ էր, բայց թունավոր չէր: Մի 4-5 ժամում հրդեհաշիջումն իրականացրեցինք և չեզոքացրեցինք վտանգը: Մենք պաշտպանության նախարարությունից մասնագետների հրավիրեցինք, մենք էլ ունեինք քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի ծառայություն, և մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չհայտնաբերվեցին: Իմ ամենաանհանգիստ օրը 2009-ի մայիսի 14-ն էր: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից: Պայթյունից թափվել էին մոտակա շինությունների ապակիները: Դեպքի վայր ժամանած 15 հրշեջ խմբերին հաջողվել է մոտ մեկ ժամվա ընթացքում լոկալացնել կրակն ու գրեթե մարել հրդեհը: Ցավոք, նաև 3 զոհ եղավ, վիրավորներ, դրանց թվում՝ հրշեջներ:

— Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասին խոսենք: Այսօր մենք փրկարարներ պատրաստող երկիր ենք: Կրթությունն ի՞նչ դեր ունի փրկարարական գործում:

— Կրթությունը մեծ դերակատարություն ունի: Ակադեմիան մեր ժամանակ է բացվել, շենքը իմ օրոք է տրամադրվել ակադեմիային: Տարածաշրջանում միակն է: Պատրաստված դասախոսական կազմ ունի, ռեկտորը լուրջ մարդ է՝ պետական մտածելակերպով: Միշտ այցելել եմ ակադեմիա և հաճախակի եմ անհատական զրույցներ ունեցել դասախոսների հետ: Տարեկան մեկ անգամ պարտադիր անձամբ եմ ավարտական դիպլոմները հանձնել շրջանավարտներին:

— Այսօր ականատես ենք լինում խոշոր հրդեհների Հայաստանում: Նման տարերային բռնկումներ վաղուց չէին եղել: Ի՞նչն է պակասում մեզ, ինչի՞ կարիք ունի մեր երկիրը, փրկակար ծառայությունը:

— Դե, այն ժամանակ էլ էր հրդեհ լինում, բայց, ոչ թե մենք ավելի լավ էինք աշխատում: Այս մասշտաբի հրդեհներ չէին լինում: Հիմա օդի ջերմաստիճանը 42-ի է հասնում: Բնականաբար, այդ ջերմության ֆոնին պետք է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, որպեսզի հրդեհ չառաջանա: Երբ Արարատի մարզպետն էի, Խոսրովում հրդեհ բռնկվեց՝ մինչև Եղեգնաձոր, բայց այս մաշտաբի հրդեհ չէր: Հրդեհները միշտ էլ կլինեն: Հիմնականում մարդկանց անպատասխանատու վերաբերմունքն է պատճառը՝ վառած լուցկի ու սիգարետ գցելը:

— Ոչ մի բանի պակաս չունե՞նք:

— Դե, տեխնիկան այնպիսի բան է, որ օրեցօր նորարարություն է պետք, բայց ձեզ ասեմ, որ հրդեհաշիջման աշխատանքների հետ կապված՝ այսօր անհամեմատ լավ է մեր վիճակը: Դեռ այն ժամանակ կառավարությունը բավական գումար տրամադրեց: Մենք ջրափրկարարական տեխնիկա գնեցինք Սևանա լճի փրկարարական աշխատանքների  համար, նաև՝ 8000, 10000 լ տարողությամբ 10 «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենա գնեցինք մարզերի հրշեջ մասերի համար: Հիմա երևի գրեթե բոլոր մարզկենտրոններն ունեն այդ մեքենաներից: Միշտ էլ պակաս լինում է, ոչ ոք թող չասի՝ պակաս չկա, բայց ելնելով այսօրվա իրավիճակից՝ ես կարող եմ ասել. բավարար տեխնիկական միջոցներ ունի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այնտեղ աշխատում են մասնագիտական կարողություններով օժտված լուրջ մասնագետներ: Մենք այն ժամանակ 4-5 մարդ 4 տարով գործուղում էինք Մոսկվա՝ արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիա՝ տարբեր մասնագիտություններով կրթություն ստանալու: Սերտ համագործակցում էինք Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Անձամբ ես աշխատանքային նորմալ հարաբերություններ ունեի Սերգեյ Շոյգուի հետ: Երբ մեր ինքնաթիռը 2006-ի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը վթարի ենթարկվեց Սոչիում՝ մենք միասին 3-4 օր փրկարարական, դիակների հայտնաբերման, սև արկղը գտնելու աշխատանքներ էինք իրականացնում, և ինքն անձամբ ներկա էր այնտեղ:

— Ի՞նչ խորհուրդ ունեք մեր այսօրվա փրկարարներին:

— Այսօրվա և այն ժամանակվա փրկարարներին չի կարելի համեմատել: Այն ժամանակ հրշեջը ստանում էր 15-16 հազար դրամ: Հիմա՝ բավականին նորմալ աշխատավարձ: Կառուցվածքային փոփոխություններ են եղել, նորմալ շենք-շինություններ, հարմարություններ ունեն, տրանսպորտային միջոցներ: Նախարարությունը պետք է հագեցված լինի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, փրկարարները պետք է լինեն ձիգ, աշխատասեր և արագ արձագանքող:

— Պարոն Բարսեղյան, Դուք պարգևատրվել եք մեր երկրի բարձրագույն պարգևներով՝ ՀՀ փրկարար ծառայության բարձրագույն կոչում՝ փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, որից ընդամենը 3 փրկարարական ծառայող ունի Հայաստանում: Կնշե՞ք Ձեր մյուս կոչումները: Ինչպե՞ս եք վերաբերվում պարգևներին:

— Նաև Շվեյցարիայից եմ ստացել փրկարար ծառայության մեդալ: Ես գեներալ-մայորի կոչում եմ ստացել ոստիկանապետի, այն ժամանակ՝ ներքին գործերի նախարարի տեղակալ աշխատելիս, որից հետո ինձ տեղափոխել են Սյունիքի մարզպետ, իսկ գեներալ-լեյտենանտի կոչումն ստացել եմ 2006-ին՝ փրկարար ծառայությունում աշխատելու ընթացքում: ՀՀ նախագահից ստացել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Վեհափառից ստացել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` եկեղեցաշինության համար (Սյունիքի մարզում ես եկեղեցիներ եմ կառուցել, մարզկենտրոնում շատ լավ ճարտարապետական ոճով եկեղեցի ենք կառուցել): Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից ստացել եմ «Արիության մեդալ», երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից՝ ՏՏ մակնիշի ատրճանակ: Նաև 1997-ի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի կողմից ստացել եմ անվանական «Մակարով» տիպի ատրճանակ: Պատերազմի ժամանակ եղել եմ Կապանի ներքին գործերի բաժնի պետը՝ հինգ ու կես տարի: Կարողացել ենք ապահովել ժողովրդի անվտանգությունը, պայքարել հանցավորության դեմ: Այնպես որ, որոշակի աշխատանք  կատարել եմ իմ գիտակցական կյանքում:

 

Հարցազրույցը՝ Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆԻ