Գլխավոր Նորություններ ՓՐԿԱՐԱՐ ԿՐԹԵԼՈՒ ՀԶՈՐ ՀԻՄՔԸ

ՓՐԿԱՐԱՐ ԿՐԹԵԼՈՒ ՀԶՈՐ ՀԻՄՔԸ

459
Տարածել

Ակադեմիան բարության և մարդասիրության օջախ է

2017 թվականի սեպտեմբերի մեկին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվեց հերթական՝ 2017-2018 ուսումնական տարին:

 

264 հոգու համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում առաջին ուսումնական տարին: Եվս 264 երիտասարդ և աղջիկ մարդկային կյանքեր փրկելու, ամենադժվար պահին մարդու կողքին լինելու պատասխանատու, ծանր և պատվաբեր ճանապարհին առաջին քայլն արեցին: «Ճգնաժամային կառավարում» («Աղետների կառավարում»), «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում», «Տրանսպորտային և հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում», «Կառավարում» («Ռիսկի կառավարում»)` ահա այն մասնագիտությունները, որոնք ստանալուց հետո այսօրվա ուսանողները համալրելու են արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատողների շարքերը:

Ուսանողների հետ սեպտեմբերմեկյան հանդիպման ժամանակ ՃԿՊԱ ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն ասաց, որ հրշեջ-փրկարարը պետության հենասյուներից մեկն է. «Մեր կառույցը լավագույններից մեկն է, և պետք է այն զարգացնենք: Կարծում եմ՝ հենց հասնեք մեր տարիքին, մեր կառույցը կլինի լավագույնը»,- ասաց վաստակաշատ գեներալը:

Ռեկտորը նկատեց՝ ակադեմիայի ուսանողը չի կարող խախտումներ անել և պետք է հետևի ակադեմիայի խիստ կարգուկանոնին, ակադեմիայում չեն կարող լինել ագրեսիվ մարդիկ, այս ակադեմիայում սովորում են օգնել մարդուն. «Ինչքան լավ սովորեք և գիտելիք ստանաք, այնքան ավելի մեծ ու երկար ճանապարհ կանցնեք»:

Համլետ Մաթևոսյանի խոսքով, այսօր ակադեմիայի մոտ 350 շրջանավարտ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, ավելի քան 100-ը՝ ոստիկանության, պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում: Բազմաթիվ շրջանավարտներ էլ քաղաքացիական պաշտպանության կամ ռիսկի կառավարման պատասխանատուներ են պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում: Եվ սա պատահական չէ, եթե զինված ուժերի ծառայողը սահմանին է կանգնած՝ առաջին գծում, ապա փրկարար ծառայությունը պաշտպանության երկրորդ գիծն է. այսօր քաղաքացիական պաշտպանության ուժերը զենքով մարտական հերթապահություն են իրականացնում սահմանամերձ գյուղերում` ապահովելու մասնավորաբար խմելու ջրի ամբարների հուսալի պաշտպանությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ քաղաքացիական պաշտպանությունը այսօր խիստ կարևոր ուղղություն է: «Մենք մասնագիտությունների դասավանդման ձևերի ու մեթոդների մեջ խտրականություն չենք դնում: Դուք ստանալու եք հրշեջ-փրկարարական աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության, աղետների կառավարման վերաբերյալ բոլոր գիտելիքները: Անկախ նրանից, թե ինչ է գրված ձեր դիպլոմի մեջ, դուք արտակարգ իրավիճակներում գործելու ունակ և կարող մասնագետ եք դառնալու»,- ասաց Համլետ Մաթևոսյանը: Հայաստանում չկան հրշեջներ և փրկարարներ: Հայաստանում կան որակյալ, հմուտ և բարձրակարգ հրշեջ-փրկարարներ: Իսկ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կան այդպիսի մասնագետ կրթելու բոլոր պայմանները` բարձրակարգ դասախոսներ (ավելի քան 80 մասնագետ, այդ թվում` գիտության 8 դոկտոր, 40 թեկնածու), հարմարավետ լսարաններ, տեխնիկական միջոցներ, գրադարան, ընթերցասրահ, գործնական պարապմունքների և մարզական վարժահրապարակներ: 2011 թվականից ակադեմիային է հանձնվել Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղում գտնվող «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնը, որը մշտապես կատարելագործվում, նորացվում, թարմացվում է:

1992 թվականին ստեղծված «Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտը» 2003 թվականին դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն, և չի եղել մի տարի, որ ակադեմիան կարևոր հանգրվանի հասած չլինի: Օրինակ, 1995-ին իրականացվել է ճառագայթային պաշտպանության ծավալուն դասընթաց, 1998-ին գործեց արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սպաների վերապատրաստման դասընթաց: Ակադեմիայում վերապատրաստում են անցնում ոչ միայն փրկարարները, այլև բոլորը-բոլորը-բոլորը` ուսուցիչներ, համայնքային և քաղաքացիական ծառայողներ, պետական և մասնավոր կառույցների աշխատողներ, տարբեր հաստատությունների քաղաքացիական պաշտպանության պետեր: Ակադեմիան կապեր է հաստատել Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ռուսաստանի տարբեր կրթական հաստատությունների հետ, իսկ Հայաստանում հաջողությամբ գործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և զարգացման ծրագրերի, Հայկական Կարմիր խաչի, տեղական և միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Տարիներ առաջ ակադեմիայի նախկին շրջանավարտները հրաժեշտի ուղերձ էին գրել, որը մինչ օրս հիշում են բոլորը. «Մենք լավ փրկարար ենք, եթե փրկելու մարդ չկա»: Հարկ է ստեղծել-ձևավորել այնպիսի դիմակայուն համայնք և հասարակություն, որտեղ փրկարարը որակի բարձրացման դասընթացներ անցկացնելուց բացի այլ աշխատանք չունի: Հրաժեշտի ուղերձներ էլի են եղել, սակայն ակադեմիայի ոչ մի շրջանավարտ անվերադարձ չի հեռանում ակադեմիայից: Անկախ զբաղեցրած դիրքից, ակադեմիայի նախկին սաներն իրենց նախկին դասախոսների հետ մշտական կապի մեջ են և առաջին հերթին հենց նրանցից են խորհուրդ ու խրատ հարցնում այս կամ այն խնդիրը լուծելու համար` լինի կոնկրետ արտակարգ պատահար, թե ոլորտային ռազմավարության մշակում:

Ակադեմիայի շրջանավարտները պարզապես հրշեջ-փրկարար չեն, այլ մտածող, արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, թիմային աշխատանքի ունակ, փրկարարական աշխատանքները հմուտ ղեկավարող, խելամիտ որոշումներ կայացնող մասնագետ: Ուսանողը ակադեմիայի աշխատակազմի անդամ է, իսկ աշխատակազմը` մեկ ընտանիք, որտեղ ուղենիշ և սկզբունք են փոխօգնությունը, փոխադարձ հարգանքը, բարձր պատասխանատվությունը, ինքնուրույն աշխատանքը:

Ակադեմիայի ուսանողների հետ զրույցներում երկու ընդհանրություն գրանցվեց. որքան շատ գործնական պարապմունքներ լինեն` այնքան լավ, և փրկարարի աշխատանքն ավելի կարևոր է, քան ընտանեկան քեֆ-ուրախությունը, փրկարարը պատուհասի պահին առանց անգամ մի ակնթարթ վարանելու` հարազատի ծննդյան տարեդարձը կիսատ կթողնի կամ կհրաժարվի միանալ խնջույքին ու կշտապի դեպքի վայր` ընկերներին օգնելու: Ակադեմիայում հենց այս են սովորեցնում կամ ինչպես ասվում էր անցած տարիների մեկ այլ ուղերձում՝ «Ակադեմիան բարության և մարդասիրության օջախ է»:

Եթե Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 25 տարեկան է, ապա արտակարգ իրավիճակների վարչությունից արտակարգ իրավիճակների նախարարություն դարձած պետական կառույցը` 26, իսկ արագ արձագանքման փրկարարական ջոկատից հզոր փրկարար ծառայություն դարձած միավորը` 20: Վերջին 10 տարում ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվել Հայաստանի բոլոր մարզերում, Հայաստանն ընդունել է աղետների ռիսկի նվազեցման, իսկ հետո` աղետների ռիսկի կառավարման ռազմավարություններ և գործողությունների ծրագիր, Հայաստանում կա Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի հովանու ներքո գործող Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի` INSARAG-ի (The International Search and Rescue Advisory Group. INSARAG) չափանիշներին համապատասխանող հինգ թիմ` յուրաքանչյուրում` 50 փրկարար: Այս թիմերում առանցքային պաշտոններ են զբաղեցնում ակադեմիայի դասախոսներից մի քանիսը: Ու բնական է, որ փրկարար ծառայության համար մասնագետներ կրթող հաստատությունը չի կարող չհետևել ծառայության զարգացումներին ու պահանջներին: ՃԿՊԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը ցանկանում է, որ ակադեմիայի սովորողի ու շրջանավարտի համար ցանկացած աշխատանքի մեջ առաջնայինը լինի սերն աշխատանքի նկատմամբ, կարգ ու կանոնը, պարտաճանաչությունն ու պատասխանատվության բարձր զգացումն ու ազնվությունը. «ՃԿՊԱ-ն յուրահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ բարձրագույն կրթության համակարգում: Իր մասնագիտություններով ակադեմիան յուրահատուկ բուհ է և չի կրկնում մյուս բուհերի մասնագիտությունները: Ներդրված մասնագիտությունները միտված են բավարարելու արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի կադրային պահանջարկը: Ելնելով հենց այդ պահանջարկից՝ այս ուսումնական տարում ակադեմիան կրթական գործունեություն է ծավալել նաև մագիստրոսի կրթական ծրագրով «Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)», «Կիրառական սեյսմոլոգիա» և «Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)» մասնագիտությունների գծով:

Ելնելով ակադեմիայի մասնագիտությունների առանձնահատկություններից՝ յուրահատուկ պահանջներ են ներկայացվում դիմորդներին և մեծ ուշադրություն է դարձվում գործնական աշխատանքների կատարմանն ու հմտությունների ձեռք բերմանը, որոնք իրականացվում են «Լուսակերտ» ուսումնական բազայում` գործնական պարապմունքների կենտրոնում: Տարածքում կառուցված են փրկարարական աշխատանքների կատարման վարժանքային կետեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել գործնական պարապմունքներ տարաբնույթ արգելքների հաղթահարման` ձորեր, ջրային արգելքներ և այլն, փլատակների տակ և խորշերում փրկարարական, տրանսպորտային (օդային, երկաթգծային, ավտոտրանսպորտային) վթարների դեպքում փրկարարական, ծխապատ տարածքում փրկարարական, խոչընդոտների հաղթահարման և աշտարակների վրա պարանային աշխատանքների կատարման ուղղություններով: Գործնական աշխատանքները կապված են ստեղծված իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ տարաբնույթ խոչընդոտների հաղթահարման կազմակերպման ու կառավարման հետ»:

Ահա Հայաստանում փրկարար կրթելու հզոր հիմքը: Բարով եք եկել, ապագա փրկարարներ. առաջիկա տարիներին զինվեք նոր գիտելիքներով, դարձեք ավելի ուժեղ, իմաստուն, կարող, զգոն, զգաստ, զգույշ: Աստված բոլորիդ պահապան:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ