Գլխավոր Նորություններ ՏՈՆ. ՄԱՂԹԱՆՔՆԵՐ, ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՏՈՆ. ՄԱՂԹԱՆՔՆԵՐ, ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ

544
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության իրավանախորդ արտակարգ իրավիճակների վարչությունը ստեղծվել է 1991-ին, իսկ արագ արձագանքման առաջին փրկարարական ջոկատը՝ 1997-ի սեպտեմբերի 4-ին: Ու հենց այս պատճառով էլ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը նշվում է սեպտեմբերի 4-ին:

Այս տարի տոնը նշվում էր հանրապետության նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ: Տոնի առիթով պարգևներ ստացան բազմաթիվ փրկարարներ:

«ԱԻՆ-ը կարևորագույն դերակատարություն ունեցավ վերջին շրջանի արտակարգ պատահարներին՝ բռնկված հրդեհներին արձագանքելու միջոցառումները կազմակերպելու և համակարգելու գործում: Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այս մարտահրավերներին դիմագրավելու համար արագ համադրվեցին մեր տրամադրության ներքո եղած պետական և անգամ մասնավոր գործիքները: Ծառայողական գործունեության այս մակարդակը վկայում է ԱԻՆ-ի ոչ միայն մասնագիտական ու գործառական, այլև բարոյահոգեբանական բարձր պատրաստվածության մասին»,- շնորհավորական ուղերձում նկատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ի դեմս ԱԻՆ համակարգի, ժողովուրդը տեսնում է իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող և ընդլայնվող պետական մարդասիրական կառույց, ինչը մեծ պատասխանատվություն է, և պատրաստ ենք անել առավելագույնը մեր հանդեպ բնակչության և երկրի ղեկավարության ունեցած վստահությունն արդարացնելու ու հավատը ամրապնդելու համար»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Փրկարարի ծառայությունը աստվածաշնչյան «Սիրեցէք զմիմեանս» պատգամի արտացոլումն է»,- ասաց  Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ԱԻՆ անելիքների չորս հիմնական ոլորտային ուղղություն.

  1. Մեծացնել աղետների ռիսկի գիտակցումը,
  2. Ծագող ռիսկերը հաղթահարելու համար ուժեղացնել աղետների ռիսկի պետական կառավարումը,
  3. Դիմակայունության հզորացման համար ներդրումեր աղետների ռիսկի նվազեցման ոլորտում,

4.Ավելի արդյունավետ արձագանքում, վերականգնում, վերակառուցում՝ բարելավելու համար աղետներին պատրաստվածությունը:

1991-ին միայն Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության եռահարկ շենքում տեղակայված գերատեսչությունն այսօր երեք մասնաշենքի, մեծ շարահրապարակի, կանաչապատ տարածքների ամբողջություն է: Նախարարությունը հագեցած-համալրված է որակյալ մասնագետներով ու ժամանակակից գույք-տեխնիկայով: Անցած 26 տարում արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Ներկայացնենք դրանց մի մասը:

1.Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության, հիդրոօդերևութաբանության համաշխարհային կազմակերպության և միջազգային այլ կառույցների լիիրավ անդամ է:

  1. Հայաստանն ունի ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներքո գործող Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group. INSARAG) չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական հինգ թիմ:

3.Արտակարգ իրավիճակների նախարարությունը սերտ և արդյունավետ համագործակցում է միջազգային կառույցների (ՄԱԿ, Եվրամիություն և այլն) և շատ երկրների հետ (Ճապոնիա, Շվեյցարիա, Լեհաստան և այլն):

4.Ձևավորվել են ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններ: Դրանք մշտապես վերազինվում և կատարելագործվում են:

  1. Ստեղծվել է «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն»:

6.Համալրվում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը: Այսօր ծառայությունն իր տրամադրության տակ ունի սեյսմիկ, հեռաչափական, ռադոնաչափական, Էլեկտրամագնիսաչափական, հիդրոերկրադինամիկական, երկրաքիմիական, գրունտների ուժեղ շարժումների գրանցման, իոնոսֆերային դիտարկումների և այլ կայաններ: Դրանց քանակը մշտապես ավելացվում է: Կայաններ կան նաև Արցախում:

7.Ընդունվել է «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն» և գործողությունների ծրագիր:

8.Հայաստանում ներդրվել է ազդարարման միասնական համակարգ, որը մշտապես կատարելագործվում է:

9.Զարգանում է փրկարարական կամավորական շարժումը: Բազմաթիվ համայնքներում ստեղծվել են կամավոր փրկարարների ջոկատներ՝ մոտ 600-ը՝ մոտ 6000 երիտասարդների ներգրավմամբ: Պարբերաբար անցկացվում են հանրապետական մրցույթներ, մեր կամավորները մասնակցում են այլ պետություններում անցկացվող առաջնություններին:

10.Հայաստանի սահմանային անցակետերում (Լոռի,  Տավուշ, Սյունիք) ստեղծվել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային արագ արձագանքման խմբեր, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկայով:

11.Անվտանգության մշակույթ ձևավորելու և աղետակայուն հասարակություն ունենալու համար հրատարակվել և հրատարակվում են բազմաթիվ գրքեր ու աշխատություններ, կազմակերպվել և կազմակերպվում են վերապատրաստման հարյուրավոր դասընթացներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ