Գլխավոր Նորություններ ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ.

ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ.

683
Տարածել

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Հայաստանի անկախության առաջին օրերին արտակարգ իրավիճակների կանխման և վերացման միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը կյանքի հրամայական էր և 1991-ին արտակարգ իրավիճակների պետական վարչության ստեղծումն էլ կյանքի պահանջ: Սակայն միայն վարչության և նրա կառուցվածաքային միավորների գործունեությունը բավարար չէր հնարավոր արտակարգ իրավիճակներից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Ուստիև, խիստ կարևոր էր բնակչության շրջանում արտակարգ իրավիճակների հիմնահարցերին առնչվող գրագիտության ուսուցումը, անվտանգության մշակույթի ձևավորումը: Անկախության առաջին տարիներին ինչպե՞ս սկսվեց համակարգի ձևավորումը, ի՞նչ դժվարություններով: Անցած ճանապարհի մասին է մեր հարցազրույցը 1991-1995 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ, 1995-1997 թթ. պետ-նախարար Ստեփան Բադալյանի հետ:

 

— Ինչպե՞ս, ի՞նչ հիմքով սկսվեց Ձեր գործունեությունը Արտակարգ իրավճակների պետական վարչությունում:

— Երկար պատմություն է: Երբ ավարտեցի Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ուսումս շարունակեցի տնտեսագիտական հետազոտություններում մաթեմատիկական մեթոդների կիրառման բնագավառում:

Այդ ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը հույժ գաղտնի հետազոտություններ էր սկսել ամբողջ երկրում՝ «էկոնոմիկայի կայունությունը և ինքնաբավությունը միջուկային պատերազմի պայմաններում» թեմայում:

Հայաստանում ստեղծվեց գլխամասային կառույց: Դա Պետպլանի էկոնոմիկայի ինստիտուտում էր, և 1978-ին այդ թեմատիկայի գիտական ղեկավարությունը, իսկ հետո նաև բաժնի վարիչի պարտականությունը հանձնարարվեց ինձ:

Իմ բաժնում էին աշխատում  տաղանդավոր երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը հետագայում դարձավ վարչապետ, մեկը՝ մեր Ղարաբաղյան շարժման առաջնորդներից էր:

Կենտրոնը մեզ հանձնարարում էր ինքնաբավ գործունեության հիմնախնդիրների ուսումնասիրում. օրինակ՝ ինչ հետևանքներ կլինեն, եթե միջուկային պատերազմի հետևանքով մենք կենտրոնից կտրված լինենք մեկ, երեք ամսով, կես և մեկ տարով և այլն: Դա մեզ կարծես թե թևեր տվեց և դրդեց ավելի խոր դիտարկելու ազգային անվտանգության և էկոնոմիկայի կայունության ու ինքնաբավության մակարդակի բարձրացման հիմնահարցերին:

Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում,  որ մի քանի տարի հետո մենք պետք է հենց այդ պայմաններում էլ գործենք:

Ամեն նախարարություն ուներ իր համապատասխան բաժինը, որն զբաղվում էր իրենց բնագավառի կայունության հարցերով:

Մենք մեթոդական ցուցումներ էինք մշակում, դրանց հիման վրա իրենք աշխատում էին, հետո ամփոփում և համակարգում էինք հետազոտությունների արդյունքները, որոնք էլ հիմք հանդիսացան զբաղվելու երկրի անվտանգությամբ:

Աշխատակիցների մեծ մասն ավարտեց ԽՍՀՄ քաղպաշտպանության բարձրագույն սպայական կուրսեր: Վերը նշված կարևորագույն հիմնահարցերի լուծմանն ուղղված, Հայաստանի կողմից մշակված համալիր նպատակային ծրագրերը, որոնք, ի դեպ, մշակվել էին  ԽՍՀՄ Պետպլանի և ԱՄՆ պետդեպարտամենտի համապատասխան մեթոդական ցուցումների հիման վրա, արժանացան կենտրոնի բարձր գնահատականների: Այժմ այդ ծավալուն աշխատանքները գտնվում են ԱԻՆ-ում և չեն կորցրել արդիականությունը նաև այսօր:    Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ մեր համակարգը չի սահմանափակվում լոկ բնակչության պաշտպանության խնդիրներով:

— Անկախություն ձեռք բերելուց հետո առաջնակարգ ի՞նչ էր անհրաժեշտ մեր պետականությանը:

— Երբ հասանք անկախության, առաջին խնդիրն էր ստեղծել անվտանգության մշակույթ:

Մեր բնակչությունը պետք է նվազագույն կորուստներ ունենա ո՛չ միայն բնական և տեխնածին վտանգներից, այլև հնարավոր պատերազմի դեպքում: Մարդիկ պետք է ոչ միայն իրազեկվեն, այլև պետք է հմտություններ ձեռք բերեն, որ համապատասխան գործողություններ իրականացնեն արտակարգ իրավիճակներում: Բայց առավել կարևոր է կանխարգելիչ մասը՝ ռիսկերի նվազեցումը, հավանական աղետներին նախապատրաստումը:

Այստեղ շատ կարևոր է ինքնակազմակերպման դերը՝ խմբային, համայնքային և այլն: Արդյունավետ բնակչության պաշտպանությունը խաղաղ պայմաններում (բնական և տեխնածին աղետներին դիմակայելիս) անքակտելիորեն կապված է քաղաքացիական պաշտպանության համակարգի կայուն գործունեության հետ պատերազմական պայմաններում, և դրանով իսկ մեծագույնս նպաստում է երկրի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

— Անշուշտ, Սպիտակի երկրաշարժը ծանր կորուստների հետ նաև լուրջ դասեր տվեց: Որո՞նք էին դրանք:

— Դա 20-րդ դարի վերջին քառորդի ամենախոշոր աղետն էր, որը դրդեց լրջագույն ուշադրություն կենտրոնացնելու աղետների ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգերի ստեղծման անհրաժեշտության վրա:

Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ ԽՍՀՄ քաղպաշտպանության համակարգը, որի հետ մենք սերտ աշխատում էինք այդ բոլոր տարիներին, չնայած ուներ լավ կադրեր, բայց ռազմավարությունը, որը դրված էր աշխատանքի հիմքում՝ միջուկային պատերազմի պայմաններում բնակչության և երկրի ունեցվածքի պաշտպանությունը, հավատ չէր ներշնչում: Սպիտակը ցույց տվեց, որ կանխարգելիչ ոչինչ չէինք արել. բնակչությունը պատրաստ չէր, տեղական մարմինները չունեին անհրաժեշտ գիտելիքներ, ճգնաժամային կառավարման հմտություններ, համապատասխան տեխնիկական միջոցներ:

Եվ ամենակարևորը՝ աղետի առաջին մի քանի ժամերին, օրերին ամեն համայնք գործում է ինքնուրույն և պետք է նախօրոք ներգրավված լինի ռիսկերի նվազեցմանը, հավանական հետևանքների մեղմացմանը, պատրաստ լինի կոնկրետ աղետի դեպքում համապատասխան օպերատիվ գործողությունների՝ կորուստները նվազեցնելու համար:

Հետո եկան միջազգային փրկարարները: Հետո ամբողջ աշխարհի հետ մենք էլ սկսեցինք մտածել կանխարգելման մասին: Բայց այդ պահին կարևորը օպերատիվ գոծողությունների համար տեխնիկական հագեցվածությունն էր և հմտությունները, որ մենք չունեինք:

Ստեղծվեցին փրկարարական առաջին ջոկատները: Պետք էր ստեղծել մի նոր համակարգ: Դա ստիպեց մեզ խոր ուսումնասիրել միջազգային փորձը:

— 1990 թ. Դուք խորհրդարանի պատգամավոր էիք, և ինքներդ եք առաջարկել ստեղծել աղետների ռիսկերի նվազեցման հիմնահարցերը, արտակարգ իրավիճակների կառավարումը համակարգող կառույց:

— Այո՛, առաջարկեցի, որ մենք ստեղծենք համապատասխան կառույց, և բնակչության ու քաղպաշտպանության կառավարման մակարդակը բարձրանա, լինի կառավարական մակարդակի, չլինի պաշտպանության կամ այլ նախարարության մի օղակ, ինչպես ԽՍՀՄ-ում էր:

Ես գրեցի «Քաղաքացիական պաշտպանությունը ՆԱՏՕ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրներում, դրա կարևոր դերը» աշխատանքը և ուղարկեցի նախագահի ապարատ, կառավարություն, պաշտպանության, ներքին գործերի նախարարություններ, որպեսզի համապատասխան պաշտոնյաները, մասնագետները ծանոթանան:

Եվ Ազգային ժողովն արդեն 1991-ի աշնանը որոշում ընդունեց ստեղծել արտակարգ իրավիճակների կառավարման կառույց:

Սկզբում այն կոչվում էր ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն: «Պետական», որպեսզի այն տարբերվի այլ վարչություններից, որոնք կառավարությանն առընթեր էին կամ այլ նախարարությունների կազմում: Սա պետական վարչություն էր նախկին ԽՍՀՄ պետական կոմիտեների տիպի՝ նախարարության կարգավիճակով կառավարության կազմում, համահունչ էր այն նաև դաշնային կառուցվածք ունեցող երկրների (մասնավորապես՝ ԱՄՆ-ի) կենտրոնական համապատասխան կառույցների անվանմանը (ֆեդերալ գործակալություն), ի տարբերություն նահանգային կառույցների:

— 1991-ի դեկտեմբերին Դուք նշանակվեցիք ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ-նախարար:

Արցախյան պատերազմի տարիներին Դո՛ւք եք ղեկավարել կառույցը։

Ի՞նչ իրավիճակ էր և ի՞նչ առաջնահերթություններ կային:

Որքանո՞վ էր պատերազմն առնչվում պետական վարչության գործունեությանը:

— Մենք ժամանակ չունեինք, որ նախ ստեղծեինք համակարգ, նոր սկսեինք աշխատել: Զուգահեռ և՛ կառուցում էինք համակարգը, և՛ մասնակցում էինք հրատապ հարցերի լուծմանը:

Քաղպաշտպանությունն ուներ հմուտ կադրեր, և պետք էր դնել նոր խնդիրներ, նոր պայմաններում աշխատել:

Սպաներ ունեինք, որոնք փառահեղ մասնակցություն ունեցան արցախյան պատերազմին:

Բայց մենք ունեինք մեր ուղղակի խնդիրը՝ բնակչության պաշտպանությունը: Հատկապես սահմանամերձ շրջաններում պետք էր կազմակերպել բնակչության պաշտպանությունը, պետք էր ստեղծել, կարգավորել և բացատրել, թե ինչպես է գործում ազդարարման համակարգը համապատասխան  հաղորդումների, հատկապես՝ օդային տագնապի դեպքում, մարդիկ ի՞նչ անեն, ո՞ւր գնան, ինչպե՞ս թաքնվեն, ինչպե՞ս պաշտպանվեն, ինչպե՞ս պատրաստեն և կահավորեն թաքստոցները և այլն: Մեր համակարգի մասնագետների մի մասն էլ տեղական կառույցների  հետ այդ աշխատանքով էր զբաղված:

— Որո՞նք են պաշտպանության տարբերությունները խաղաղ և պատերազմական պայմաններում:

— Մենք ունեինք միայն մեկ բառակապակցություն՝ քաղաքացիական պաշտպանություն: Այլ լեզուներում տարբերակումներ կան: Ռուսերեն ասում են` չՐՈՋՊՈվրՍՈÿ ՏոՏՐՏվՈ Ռ չՐՈՋՊՈվրՍՈÿ ջՈքՌՑՈ, անգլերեն` civil defence, civil protection: չՐՈՋՊՈվրՍՈÿ ՏոՏՐՏվՈ-ն, civil defence-ը պատերազմական պայմաններում բնակչության պաշտպանության համակարգն է, չՐՈՋՊՈվրՍՈÿ ջՈքՌՑՈ-ն, civil protection-ը՝ արդեն խաղաղ ժամանակվա՝ բնական, տեխնածին աղետներից պաշտպանության և այլն: Հայերենում երևի ավելի հարմար է տարբերակելու համար կիրառել՝ քաղաքացիական պաշտպանությունը և  բնակչության պաշտպանությունը:

— Նորանկախ պատերազմող երկրի ԱԻ պետական վարչությունում համագործակցության ի՞նչ եզրեր ստեծվեցին տեղական և միջազգային կառույցների հետ:

— Շատ աղետներ եղան, և դրանց հետևանքների վերացման համար առաջին հերթին հենվում էինք ԱԻ պետական վարչության համակարգի կառույցների անձնակազմի, գերատեսչությունների մասնագետների և կամավոր փրկարարական ջոկատների տղաների հմտությունների և նվիրվածության վրա:

Նրանց հետ նաև երկրի սահմաններից դուրս փրկարարական գործողություններ ենք իրականացրել:

Միջազգային համագործակցությունը հույժ անհրաժեշտ էր:

Մեզ պետք էին տեխնիկական միջոցներ: Պետք է ստեղծեինք համակարգը, զուգահեռ այլ խնդիրներ էլ պետք է լուծեինք. առաջինը՝ ինտեգրվել համապատասխան միջազգային կառույցների կազմում, երկրորդը՝ տեխնիկական օգնություն ստանալ և որքան էլ զարմանալի թվա՝ մարդասիրական օգնություն հատկացնել աղետներից տուժող երկրների ժողովուրդներին…

 

Շարունակությունը՝ հաջորդիվ

 

Հարցազրույցը՝

Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆԻ