Գլխավոր Նորություններ ՊԱՆԿԻՍԻ ԽՈՒԹԵՐԸ

ՊԱՆԿԻՍԻ ԽՈՒԹԵՐԸ

309
Տարածել

Օտար պատերազմի մասին

Վերջին տարիներին միջազգային քաղաքական շրջանակներում, մամուլում շատ է խոսվում Վրաստանի հեռավոր Պանկիսի կիրճի մասին: Առիթն այս տարածքից «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին միացող ծայրահեղականներն են: Ռուսաստանի, Հվ. Օսիայի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Պանկիսում ԻՊ ռազմական ճամբարներ կան, և Մերձավոր Արևելքի ահաբեկիչներն օգտագործում են այդ դժվարանցանելի տարածքն՝ այնտեղ վարժվելու, հանգստանալու և պահուստները համալրելու նպատակով: Վրաստանի իշխանություններն ու ԱՄՆ դեսպանությունը հերքում են դա և վստահեցնում՝ երկրի ամբողջ տարածքում իրավիճակը վերահսկվում է:

Թբիլիսիից մոտ 200 կմ դեպի հյուսիս գտնվող Պանկիսի կիրճում Կախեթիի Ախմեթի շրջկենտրոնն է՝ իր 17 գյուղերով, որոնցից միայն հինգն են վրացական: Մնացած 12 գյուղերի բնակիչները քիստեր են՝ էթնիկ չեչեններ, որոնք 19-րդ դարի կեսերին չեչենական լեռներից իջնելով՝ վերաբնակվել են Պանկիսիում և մաս են կազմում չեչենական թեյփերի (տոհմական կառույց, մեծ ընտանիք.- հեղ.)։ Քիստերի մի մասն ավանդական իսլամի հետևորդներ են, մյուսները՝ սալաֆիական մահմեդականներ՝ վահաբիստներ: Հենց իսլամական այս մարտնչող ուղղությունն է իրական վտանգի աղբյուր որակվում: Վրացական ազգանուններով 8 հազար բնակչությամբ ժողովուրդն իր վայնախյան-չեչենական արմատներին հավատարմություն դրսևորեց չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում՝ նախորդ դարի 90-ականների վերջին, երբ 12 000 չեչեն փախստականներին սրտաբաց ընդունեց իր գյուղերում։ Ռուսաստանը հայտարարեց, որ փախստականների մեջ մեծ թվով գրոհայիններ կան: Պանկիսին լեռներով միջանցք ունի Չեչնիայի հետ, որն այդ տարիներին օգտագործվում էր զենք-զինամթերք տեղափոխելու համար: Հենց այդ պատճառով կիրճը վտանգավոր տարածքի համբավ ձեռք բերեց: Սկսեց խոսվել թմրաբիզնեսի, առևանգումների, ահաբեկչության մասին: Մեծ դժվարությամբ պետությանը հաջողվեց հսկելի դարձնել տարածքը, պահպանել կիրճի անդորրն ու անվտանգությունը:

Սակայն վերջին տարիներին արաբական երկրներից տուրիստական խմբերի հետ այստեղ ներթափանցեցին իսլամական ծայրահեղական միավորումների քարոզիչներ և սկսեցին հավաքագրել երիտասարդներին: Հայտնի է, որ Պանկիսի կիրճի մի քանի տասնյակ բնակիչները համալրել են իսլամիստ զինյալների շարքերը Սիրիայում և Իրաքում:

«911.Արտակարգ թերթի» թղթակիցը եղել է Պանկիսի կիրճում, զրուցել Ախմեթիի ավագների խորհրդի անդամ՝ 75-ամյա Խասոա Խանգոշվիլիի հետ: Նշենք, որ ավագների խորհուրդն է որոշում համայնքի բոլոր հարցերը և անգամ դատավճիռ արձակում՝ անկախ պետական դատարանի որոշումներից:

Պարո՛ն Խասո, Դուք՝ որպես մանկավարժպատմաբան, երեք տասնամյակ դասավանդել եք դպրոցում: Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա երիտասարդությանը:

— Շատ վատ: Իսլամի նոր ծայրահեղական ուղղությունները քայքայում են հասարակության ամբողջականությունը, ադաթները: Դրանց հետևորդները չեն հարգում իրենց պատմությունն ու նախնիներին, շարժվում են արաբականացման ուղղությամբ: Այդ պատճառով մենք շատ տարաձայնություններ ունենք:

Ի՞նչ եք կարծում. ո՞րն է լուծումը: Ինչպե՞ս կարելի է կանխել դա:

— Ե՛վ մենք (ավագների խորհուրդը.- հեղ.), և՛ կառավարությունը ծրագրեր ունենք: Ամենակարևորը կրթությունն է, լուսավորությունը: Պետք է խթանել մշակույթը, սպորտը, որպեսզի երիտասարդությունը չմնա միայն կրոնի մեջ պարփակված, նրա մեջ այլ արժեքներ ձևավորվեն և զբաղվածություն ունենա: Երբ մնում ես միայն կրոնի հետ՝ դա դառնում է շատ վտանգավոր:

Ի՞նչ է կրոնը Ձեզ համար:

— Կրոնը բարոյականությունն է: Իհարկե, մարդը պետք է հավատ ունենա: Բարոյականությունն ու խրատը լավ բան են: Բայց երբ մարդը սահմանափակված է միայն կրոնով՝ դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ:

Այսօր Ձեր երիտասարդներից ոմանք համալրել են, այսպես կոչված, «Իսլամական պետության» զինյալների շարքերը, մտել են անհասկանալի պայքարի մեջ: Ի վերջո, ափսոս են, չէ՞. իրենց ջահել կյանքն են դրել: Ի՞նչ է իրենց ուզածը:

— Դուք սիրիական պատերազմը նկատի ունեք, հա՞: Իհարկե, դա մեր կռիվը չէ: Դա բոլորովին օտար պատերազմ է: Քրիստոնեությունը, հուդայականությունը, իսլամը մեկ շղթայի օղակներ են: Լուրջ տարբերություններ այս կրոններում չկան: Մենք բոլորս մեկ Աստծո ենք հավատում, հավատում ենք, որ արդարությունն է հաղթելու աշխարհում: Այստեղ պայքար չի կարող լինել, և անիմաստ են միջկրոնական կռիվները: Ներկայիս ոճրագործությունները քաղաքական պատճառներ ունեն: Քաղաքական հակամարտությունը հաճախ հենվում է կրոնի վրա: Երբ աղքատներն են հարուստների դեմ պայքարում կամ մի ազգը՝ մյուսի դեմ, դա դեռ այնքան սարսափելի չէ: Ամենավտանգավոր կռիվն այնտեղ է, որտեղ Աստծո անունն է շահարկվում: Հանուն Ալլահի կամ հանուն Քրիստոսի մարդիկ սպանում են, դա սարսափելի է:

Պանկիսի կիրճից շատ գրոհայիններ են կռվում Սիրիայում: Կա՞ն վերադարձածներ:

— Վրաց ղեկավարությունն օրենք է ընդունել, ըստ որի՝ սիրիական պատերազմի մասնակիցները կանգնում են դատարանի առջև, և արդեն կան դատապարտվածներ: Այնպես որ, նրանք չեն վերադառնա, որպեսզի չդատվեն: Կարծում եմ, որ եթե ուզեն էլ՝ էնտեղից չեն թողնի իրենց վերադառնալ:

Այստեղից գնացած 70 զինյալների մասին է խոսվում: Ճի՞շտ է այդ թիվը:

— Հիմա մի 30-40-ն են մնացել… 30 կորուստ ունենք մեր շրջանի քիստերից: Եթե նրանց էլ հաշվենք, այո՛, այդքան կլինի:

Ավագների խորհուրդը՝ որպես ամենաազդեցիկ և հարգված կառույց, ի՞նչ է անում, որ  երիտասարդներին ետ պահի վտանգավոր մտադրություններից:

— Անում ենք ամեն հնարավորը: Խոսում ենք գնացածների հետ, բացատրում, որ դա մեր կռիվը չէ և այդպես չի կարելի, բանակցություններ ենք վարում գրոհայինների ղեկավարների հետ, նաև՝ համագործակցում ենք տեղի իշխանությունների հետ, որպեսզի հսկվեն երկրի սահմանները:

Հավանաբար, զինյալներին միացածների ընտանիքները տեղյակ չեն եղել և դեմ էլ են, որ իրենց զավակը կամ ամուսինը կռվի օտար պատերազմում: Ավագների խորհուրդը որևէ կերպ աջակցո՞ւմ է այդ ընտանիքներին:

— Քիստերն այնքան էլ շատ չեն. ընդամենը 8600 հոգի՝ ամբողջ կիրճում: Մենք բոլորս բարեկամ-հարազատներ ենք առաջին հերթին: Հետո, եթե երիտասարդ սերունդը սխալ ճանապարհ է ընտրել, այդտեղ մեր բացթողումը կա: Այդ մե՛նք չենք կարողացել նրանց լավ ուղու վրա կանգնեցնել և միշտ պատասխանատվություն ենք զգում այս հարցում: Եվ երրորդը՝ նրանք մե՛ր երեխաներն են, մեր աչքի առաջ մեծացած… Ո՞ր ծնողը կուզի, որ իր զավակը զոհվի: Մենք սուրբ սովորույթ ունենք. մահացածը պետք է թաղվի հայրենի հողում: Իսկ նրանց՝ սպանվածներին, Աստված գիտի՝ այնտեղ թաղեցի՞ն, թե՝ ոչ… Դա մեծ ողբերգություն է ո՛չ միայն ընտանիքի, այլև բոլոր հարազատների, ողջ համայնքի համար: Իհարկե, ցավում և ցավակցում ենք:

Ի՞նչն է երիտասարդներին գրավում «Իսլամական պետությունում»:

— Նրանց պարզապես հավաքագրում են: Նախ՝ ջահելը միշտ ձգտում է զենքին: Զենքը տվեցիր՝ նա մարտիկ է. Էլ պետք չի սովորեցնել, թե ինչպես կռվի: Հետո՝ ջիհադի քարոզչությունը՝ դրախտի խոստումով, կարող է ազդել նրանց ուղեղներին: Երիտասարդությունը մաքուր թուղթ է, ինչ ներշնչեն՝ այն էլ կվերցնի:

Նրանց էնտուզիա՞զմն են օգտագործում:

— Այո՛, օգտագործում են: Սրանք կարդում են՝ «սրբազան պատերազմ», մտածում են՝ ի սեր Ալլահի է: Իսլամ չգիտեն: Այլապես կիմանային, որ ընդհանրապես սպանել չի կարելի:

Ի՞նչ է սրի ջիհադը:

— Ջիհադը սրբազան պատերազմ է, երբ քո վրա են հարձակվում, քեզ ունեզրկում, քո տնից վտարում, և դու պետք է պայքարես: Հիմնական նպատակը ընտանիքի բարօրության համար կռվելն է: Դա է ջիհադը, ոչ թե անծանոթ մարդկանց իրենց երկրում սպանելը: Այս ջահելները չեն հասկանում դա:

Դուք վստա՞հ եք, որ նրանք միայն Սիրիայում են կռվում:

— Սիրիայում և Իրաքում: Ուրիշ որտե՞ղ պիտի կռվեին:

Գիտե՞ք, անցյալ տարի Արցախում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից «Իսլամական պետության» գրոհայիններ էին կռվում Հայաստանի դեմ: Գուցե քիստերն է՛լ են եղել:

— Չգիտեմ՝ ովքեր են եղել, բայց հաստատ կարող եմ ասել, որ մեր տղաները մեր տարածաշրջանում չեն կռվի մեկի կողմից՝ մյուսի դեմ: Կռվող ջիհադիստները մոջահեդներ են, որոնց Ալլահի անունից ամեն տեղ քշում են: «Իսլամական պետության» զինյալների մեջ և՛ աֆղաններ կան, և՛ թուրքեր, և՛ աֆրիկացիներ: Մերոնք այստեղ հաստատ չէին կռվի:

 

ԺԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Վրաստան, Պանկիսի կիրճ-Երևան