Գլխավոր Նորություններ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

522
Տարածել
Parliamentary Briefings took place at the RA National Assembly. Mher Shahgeldyan

«ՄԵՆՔ ԱՌԱՋԻՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

2008-ին Արտակարգ իրավիճակների պետական վարչությունը վերակազմավորվեց և դարձավ արտակարգ իրավիճակների նախարարություն, որը նպատակադրվեց գերատեսչությունը վերածել հումանիստական գործունեության հզորագույն կառույցի:

Գերատեսչության առաջին ղեկավար նշանակվեց Մհեր Շահգելդյանը, որը պաշտոնավարեց մինչև 2010 թվականը: Նախարարության գործունեության առաջին տարիների մասին է նրա հետ մեր հարցազրույցը

 

— Պարոն Շահգելդյան, Դուք ԱԻ առաջին նախարարն եք: Ինչպե՞ս ձևավորվեց նախարարությունը:

— ԱԻ նախարարությունն ապահովում է բնակչության պաշտպանությունը և՛ արտակարգ իրավիճակներից, և՛ հնարավոր պատերազմի հետևանքներից: Միանշանակ ճիշտ էր գաղափարը, որ անհրաժեշտ է մի քաղաքավարչական մարմին, որն աղետներից և պատերազմի հետևանքներից բնակչության անվտանգությունը կառավարելու և կոորդինացնելու պատասխանատվություն կստանձնի: Կային տարբեր երկրների մոդելներ: Հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ որոշում ընդունվեց ստեղծել արտակարգ իրավիճակների նախարարություն, որը կլուծեր երեք խնդիր՝ կանխարգելում, արձագանքում և հետևանքների վերացման մասնակցություն: Եվ, փառք Աստծո, մինչև հիմա կառույցը զարգանում է:

— Մի քանի կառույցներ ներգրավվեցին նախարարության կազմում: Ինչպե՞ս դա կազմակերպվեց:

— Առաջին կառույցը ՀՀ փրկարար ծառայությունն էր: Այն ներառում էր ո՛չ միայն փրկարարական, այլև կանխարգելման գործառույթներ: Փրկարար ծառայությունն ամենամեծ մարմինն էր, որը ներգրավվեց նախարարության կազմում: Երբ վերլուծում էինք Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետևանքները, որն ահավոր մեծ վնաս հասցրեց: Այն ժամանակ ԽՍՀՄ-ը չուներ արտակարգ իրավիճակներում արձագանքման մեխանիզմներ, ուներ միայն քաղպաշտպանության մեխանիզմներ, որոնք չաշխատեցին երկրաշարժի պայմաններում: Կարծում եմ, որ եթե լինեին այդ մեխանիզմները, շատ ավելի մարդկային կյանքեր կփրկվեին: Ահա այս վերլուծության արդյունքում որոշում ընդունվեց, որ հիմքը փրկարար ծառայությունն է, ապա՝ «Հիդրոմետ» ծառայությունը, տեխնիկական անվտանգության կենտրոնը, սեյսմիկ ծառայությունը, պետական ռեզերվները, որոնք ավելի շատ ուղղված են հետևանքների վերացմանը կամ ապահովման խնդիրների իրականացմանը, նաև՝ հակակարկտային ծառայությունը: Երբ դիտարկում ենք այս ծառայությունների փոխգործունեությունը, նրանք համապատասխանում էին այս երկու գործառույթների իրականացմանը՝ կանխարգելում և արձագանքում: Իսկ կանխարգելումը կանխատեսման գործառույթներ է ենթադրում: Նման գործառույթ ունի մասնավորապես սեյսմիկ ծառայությունը: Մեր երկրում ռիսկայնության, խոցելիության մակարդակը շատ բարձր է: Այս փոքր հողակտորի վրա տարբեր բնական աղետներ են համադրվում: Երկրորդ խնդիրը՝ ամենակարևորներից մեկը, քաղաքացիական համակարգի պաշտպանության զարգացումն էր: Խնդիր էր առաջանում այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ զարգացնել քաղպաշտպանության համակարգը:

— Տարիների հեռվից այսօր նախարարության վարած քաղաքականություն մեջ մարտավարության, ռազմավարության փոփոխություններ կա՞ն:

— Իհա՛րկե, և ուրախ եմ դրա համար: Այսօր նախարարության զարգացումը նաև տրամաբանական շարունակությունն է այն քայլերի, որոնք իրականացվել են. այսինքն՝ շեշտադրումը կատարել գիտական ներուժի զարգացման, կանխատեսման և կանխարգելման վրա, բարձրացնել պատրաստվածությունը և արձագանքող ուժերի՝ զորամիավորումների տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև՝ պատրաստել բարձրակարգ ճգնաժամային կառավարման մասնագետներ: Այն ժամանակ արդեն մենք սկսեցինք աշխատել համաշխարհային մակարդակի թոփ մենեջերների՝ ճգնաժամային կառավարման բարձրակարգ մասնագետների պատրաստել, մոտավորապես 50 մարդու մասին է խոսքը, որոնք ունակ կլինեն ցանկացած երկրում իրականացնել կառավարման գործառույթներ: Բազմիցս ասվել է, որ արտակարգ իրավիճակները սահմաներ չեն ճանաչում: Տեսեք. այս անգամ Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու համար Ռուսաստանն ինքնաթիռ ուղարկեց, հետո մենք աջակցեցինք Վրաստանին, դրանից առաջ աջակցել էինք Ռուսաստանին: Ժամանակին մեր փրկարար ուժերը, հատկապես՝ հատուկ ջոկատը, եղել էր Թուրքիայում երկրաշարժի ընթացքում:

Փոփոխվող աշխարհում մի կողմից՝ բնական աղետները դառնում են անկանխատեսելի, մյուս կողմից՝ փոխվում է բնությունը: Արդյունաբերությունը, տնտեսությունն է զարգանում, և տեխնոգեն սպառնալիքները շատ ավելի վտանգավոր են դառնում: Նոր զինտեխնիկայի արտադրությունը, Ադրբեջանի կողմից մեզ պարտադրվող սպառազինությունների մրցավազքը հանգեցնում են նրան, որ քաղաքացիական բնակչությունն ավելի խոցելի է դառնում, քան առաջին գծում կանգնած զինվորը: Այնպես որ, միջազգային համագործակցությունը և այս կամ այն երկրում անմիջականորեն լինելու և աջակցելու պատրաստակամությունը առաջնային խնդիրներից է դառնում: Սա ենթադրում է նաև, որ պատրաստվածությունը պետք է լինի շատ բարձր մակարդակի: Երբ նոր էինք սկսում նախարարության ձևավորումը, շատ երկրներ մեզ աջակցություն էին ցուցաբերում: Մենք ասում էինք՝ այսօր դուք եք աջակցում մեզ, վաղը մենք աջակցելու ենք ուրիշներին: Եվ այդպես էլ եղավ: Այսօր, փառք Աստծո, մենք կարողանում ենք աջակցել և՛ մոտիկ, և՛ հեռու հարևաններին, և այդ թվում նաև այն երկրներին, որոնց հետ, ներողություն, այդքան էլ բարյացակամ հարաբերություններ չունենք:

— Ի վերջո, մարդասիրական կառույց է ԱԻՆ-ը:

— Այո, այստեղ միավորվում է և՛ ուժային բաղկացուցիչը, և՛ մարդասիրությունը, ձեռք մեկնելու ունակությունը: Իսկ այս տեսանկյունից մենք՝ հայերս, կարող ենք լինել և պետք է լինենք առաջինն աշխարհում: Ես նախարարությունը դիտարկում եմ ո՛չ միայն զուտ փրկարարական կամ կանխատեսողական, այլև աշխարհում Հայաստանի Հանրապետության հումանիտար-հումանիստական գործունեության մի կարևորագույն և հզորագույն մեխանիզմ:

— Խոսենք տեղական կառույցների հետ շփման և գործակցության մասին:

— Համագործակցությունը տեղական կառույցների հետ շատ լայն է ու ըստ էության ընդգրկում է ամբողջ հասարակությունը: Բացատրեմ: Առաջին փրկարարը ծնողն է, որ աղետի ժամանակ զավակին վերցնում և դուրս է գալիս. երկրորդը արտակարգ իրավիճակների դեմ պայքարելիս կամ քաղպաշտպանության ստորաբաժանումներում ներգրավվող քաղաքացիական մարդիկ են՝ կամավորները: Հատկապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքացիական անձինք էին ներգրավվում հակաօդային պաշտպանության զորքերում. բոլոր երկրներում: Այնուհետ գալիս են քաղաքացիական միավորումները, մասնավորապես՝ Սպիտակի երկրաշարժով անցած փրկարարական ջոկատները, որոնք պետական չէին՝ հասարակական կազմակերպություններ էին: Բացի դրանից, համալսարաններն ունեին իրենց ուսանողական փրկարարական ջոկատները, որոնցից շատերն էին բարձրակարգ: Մի քանի համալսարաններ կային, որոնց հետ մենք համագործակցում էինք: Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմիններն են: ՏԻՄ ղեկավարը, մարզի ղեկավարն ըստ էության համարվում է քաղպաշտպանության պատասխանատու: Եվ վերջում պետական գերատեսչություններն են, նախարարությունները, և, իհարկե, իշխանության բարձրագույն մարմինները, որոնք անմիջականորեն գործակցում են: Այսինքն՝ արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության համակարգն ընդգրկում է ամբողջ հասարակությունը և համագործակցում է բոլոր կառույցների հետ: Մամուլի դերն ու նշանակությունը հսկայական է՝ մանավանդ ինֆորմատիզացիայի այս դարում, երբ յուրաքանչյուր մարդ, նստած համացանցի առջև, կարող է դառնալ լրագրող և տարածել ճիշտ կամ կեղծ տեղեկատվություն՝ ազդելով հանրության հոգեբանության, մտածողության վրա, բարձրացնելով ռիսկայնությունը, ավելացնելով մարդկանց վախի մակարդակը: Այնպես որ, բոլոր տեղական մարմինների հետ գործակցությունն առաջնային է:

— Կարծեմ դեռահասներին փրկարարական աշխատանքներում ներգրավելու ծրագիր ունեիք ժամանակին…

— Մենք նպատակ ունեինք աշխատանքներ սկսելու դեռահասների հետ, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում բնակվող դեռահասների հետ, որոնց ընտանիքներում խնդիրներ կային, կամ որոնք փորձում էին իրենց ուժերը ներդնել ինչ-որ բանի մեջ: Դեռահասին ներգրավել, փրկարարության համար պատրաստել, սովորեցնել հումանիզմ և միաժամանակ նրան տալ գիտելիքներ, որ ինքը լինի ավելի ուժեղ՝ ստեղծելով պատանի փրկարարների համակարգ, որ առաջին հերթին ինքն իրեն փրկի, հետո կարողանա օգնել ուրիշներին, որպեսզի նրա հոգեբանությունը շարժում կատարի դեպի ուժեղ, փրկող մարդը: Կարծում եմ՝ շատ կարևոր է: Եվ, ի վերջո, այս երիտասարդները վաղը մեր զինվորներն են լինելու:

— Միջազգային հարթակում համագործակցության արդյունքներն ինչպիսի՞ն էին նորաստեղծ նախարարությունում:

— Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներում առաջինը գիտելիքի, փորձի, ինֆորմացիայի փոխանակումն է, ինչու չէ՝ նաև նյութական աջակցությունը: Երկրորդն առանձին երկրների հետ համագործակցությունն է, և մենք դրա մեծ փորձն ունենք: Բավարար են մի քանի օրինակներ. Ճապոնիայի հետ համագործակցության արդյունքում ուղարկվեցին հրշեջ մեքենաներ, որոնք Երևանում թարմացվեցին, Ռուսաստանից հացահատիկ ուղարկվեց, Շվեյցարիան՝ տեխնիկական և գիտելիքային վերապատրաստում անցկացրեց, Ֆրանսիայի հետ ևս շարունակվում էին փոքր կամ մեծ համագործակցային շփումներ: Մենք ունեինք մի սկզբունք. օգնությունը, աջակցությունը եթե նյութական է, ապա զուտ տեխնիկական պետք է լինի և ոչ ֆինանսական, դրանք կարող են լինել հրշեջ ավտոմեքենաներից մինչև համապատասխան գործիքներ: Սա 50 տոկոսն է, և երկրորդ 50 տոկոսը, որը պահանջվում էր բարդ տեխնիկայի դեպքում, վերապատրաստումն էր, որովհետև տեխնիկան առանց գիտելիքներ և հմտություններ ունեցող հրշեջ փրկարարների չի կարող աշխատել, իսկ ունակությունների, հմտությունների պատրաստումն՝ առանց տեխնիկական միջոցների տրամադրման, որոշ ժամանակ հետո ի չիք է դառնում: Եվ այս տեսանկյունից համագործակցություն էինք հաստատել ՄԱԿ-ի և բազմաթիվ այլ երկրների հետ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ոլորտում լայն համագործակցային գործունեություն ծավալվեց Ռուսաստանի հետ, նախաձեռնություններ ձևավորվեցին, որոնք նաև իրականություն դարձան հումանիտար կենտրոնների և բազմաթիվ այլ ուղղություններով: Եվս մեկ ուղղություն գիտության զարգացումն է՝ անվտանգային գիտությունների այս հատվածում: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կարևորագույն ինստիտուտ է՝ նոր կադրերի, նոր գիտելիքի ստեղծման ոլորտում:

Աշխարհը փոխվում է, արձագանքման մեխանիզմները ևս պետք է փոխվեն: Բայց սա նաև վերլուծությունների, գիտական ուսումնասիրությունների խնդիր է, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան այսօր այս ճանապարհով է առաջ գնում: Կան նաև բազմաթիվ կենտրոններ աշխարհում՝ մագիստրոսական, դոկտորական կրթություն տվող, որոնց հետ պետք է աշխատել: Էլ չեմ խոսում մեր գործընկերների՝ ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԵս-ի շրջանակներում Ռուսաստանի հետ լայն համագործակցության մասին, որն անընդհատական է:

— Բնակչության անվտանգության կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

— Պետք է անընդհատ պատրաստել քաղաքացիներին՝ սկսած մանկապարտեզներից:

Ռուսաստանում, օրինակ, բոլոր ղեկավարները ձեռք են բերում պատրաստության մակարդակ և ստանում են համապատասխան փաստաթուղթ, որ անցել են արտակարգ իրավիճակների դեպքում գործելու դասընթացներ: Կարծում եմ՝ մեզ մոտ ևս կարող ենք նույնը անել՝ իհարկե, չվերածելով դա զուտ բյուրոկրատական գործընթացի: Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը զարգացում է ապրում, իր ղեկավարության կազմում ունի գրագետ և ժամանակակից մտածելակերպով մարդիկ, որոնց առաջընթացը ես մեծ ուրախությամբ արձանագրում եմ և կարծում եմ՝ կարելի է գտնել տարբերակներ՝ առանց բյուրոկրատիայի ձևավորելու իրապես գիտելիքներով զինված բնակչություն՝ սկսած մանկապարտեզ-դպրոցից՝ մինչև ղեկավար կազմը, այդ թվում՝ և՛ քաղաքական գործիչները, և՛ պետական չինովնիկները, և՛ տարածքային ղեկավարները: Ոչ մի համակարգ անխոցելի չէ: Ամեն րոպե պետք է մտածենք, որ համակարգի մեջ ինչ-որ խոցելի տեղեր կարող են լինել, և անընդհատ աշխատենք դրա դեմ:

— Ամփոփենք. հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ի՞նչ մարտահրավերների պետք է պատրաստ լինել և ի՞նչ ճանապարհով պիտի զարգանա արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկի նվազեցման համակարգը:

— Ցավով եմ ասում, բայց մենք պետք է պատերազմի հնարավորությանը միանշանակ պատրաստ լինենք: Շատ հաճախ ասում են՝ «Ապրիլյան պատերազմ», իրականում դա «Ապրիլյան» չէր. պատերազմը չի էլ ավարտվել, այն շարունակվում է: Դա ուղղակի ադրբեջանական ագրեսիայի հերթական բռնկում էր՝ լայնամասշտաբ մարտական գործողությունների միջոցով և ռազմաքաղաքական նպատակադրմամբ: Էնպես որ, մենք իրականում գտնվում ենք պատերազմի մեջ և առաջի՛նը պետք է պատրաստ լինենք: Սա կարևորագույն մարտահրավեր է: Երկրորդ մարտահրավերը. մեր սահմանների մոտ լայնամասշտաբ ահաբեկչական գործողություններին պետք է պատրաստ լինենք: Տեսեք, բավականաչափ ազատական ենք՝ Հայաստանի Հանրապետության մուտքի հետ կապված: Այս տեսանկյունից մենք նույնպես պետք է պատրաստ լինենք, որովհետև Մերձավոր Արևելքը վառվում է անընդհատ: Այսօր այսպես կոչված՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի արդյունքում ահաբեկիչները դուրս են մղվում Սիրիայից և Իրանից: Որտեղ, ով, ինչպես կհայտնվի՝ այսօր կանխատեսելը շատ դժվար է. սա երկրորդ կարևորագույն խնդիրն է: Երրորդ կարևորագույն խնդիրն, իմ կարծիքով, բնական աղետներն են, որոնք դառնում են անկանխատեսելի: Դա կարող է լինել նույն երկրաշարժը: Ցավոք, մենք դա տեսել ենք, և այսօր աշխարհում կախատեսելիության մակարդակը թերևս բավականաչափ բարձր չէ: Երկրաշարժի կանխատեսելիության և կանխարգելման վրա անընդհատ աշխատելը խիստ կարևոր է: Ավելի փոքր մասշտաբի խնդիրները սողանքներն են: Այստեղ կան հնարավորություններ: Ճապոնիայում, որը մեզ բավականաչափ նման երկիր է՝ սողանքների տեսանկյունից, ստեղծված են մեթոդաբանություններ: Հաջորդը, որին ես ուշադրություն կդարձնեի, բնապահպանական խնդիրներն են՝ օզոնային շերտի, անոմալ շոգերի, ցրտի հետ կապված: Եվ չմոռանանք, որ մենք կանաչ զանգվածների պակասեցման, անօրինական ծառահատումների խնդիր ունենք, ինչն էլ բերում է բազմաթիվ հիմնախնդիրների, բայց սա մի քիչ այլ ոլորտ է:

Իմ խորին համոզմամբ՝ սրանք առաջնային մարտահրավերներ են, որոնց մենք պետք է արձագանքենք:

 

Հարցազրույցը՝

Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆԻ