Գլխավոր Նորություններ Հրդեհներ Բյուրականի անտառում և ոչ միայն

Հրդեհներ Բյուրականի անտառում և ոչ միայն

468
Տարածել

Հրդեհները ձեռք ձեռքի են տվել, հաջորդում ու իրար են շարունակում: Շաբաթն առանց հրդեհի չի անցնում: «Խոսրովում» դեռ շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ: Եվ հանկարծ սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամը 19:21-ին ահազանգ է ստացվում, որ արգելոցի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս, կայծակից հրդեհ է բռնկվել: Փրկարարներին ու անտառապահներին հաջողվել է տեղայնացնել կրակը՝ թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 2-ի ժամը 11-ի դրությամբ այն մարված է եղել: Արգելոցի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք: Հրդեհաշիջմանն ընդգրկված են եղել 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակից:

Իսկ սեպտեմբերի 2-ին ժամը 14-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքներում: Այրվել է 7-8 հա խոտածածկ տարածք: Հրշեջ-փրկարարները և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները մարել և կանխել են հրդեհի տարածումը: Հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբերի 3-ին: Օգոստոսի  14-ին նույնպես հրդեհ էր բռնկվել «Արևիկ» ազգային պարկում՝ Ագարակի խաչից — «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում՝ ընդգրկելով 1 հա խոտածածկ և թփածածկ տարածք: Սեպտեմբերի 4-ին էլ, ժամը 9-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի  պատճառվել: Այրվել է մոտավորապես 150 քմ  խոտածածկ տարածք: Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարի անտառում հրդեհ է բռնկվել: Արդեն հաջորդ օրը շիջմանը մասնակցել է 136 հրշեջ-փրկարար, 15 միավոր տեխնիկա, ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ: ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները: Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ:

Իսկ սեպտեմբերի 5-ին հրդեհի վայրում աշխատում էին 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Սեպտեմբերի 6-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են շիջման աշխատանքները:

Բացի Բյուրականից, այս շաբաթ բուսածածկ տարածքների հրդեհներ են գրանցվել նաև այլ վայրերում: Մասնավորաբար. Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում՝ 11 հա, Իրինդ գյուղում՝ 5 հա, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի մոտակայքում՝ 30 հա, Սոթք գյուղում՝ 50 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 300 հա, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում՝ 8 հա, Բերդավան գյուղում՝ 35 հա, Զորական գյուղում՝ 10 հա, Լոռու մարզի Այգեհատ գյուղում՝ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 55 հա և այլն: