Գլխավոր Նորություններ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

644
Տարածել

Անտառների հրդեհային անվտանգություն

Աշխարհում կա մոտ 4 մլրդ հա անտառ, տարեկան հարյուրավոր անտառային հրդեհներ են արձանագրվում, որոնք ոչ միայն նյութական ահռելի վնաս են տալիս, այլև երբեմն դառնում մարդկանց և կենդանիների մահվան պատճառ: Պատահական չէ, որ նման խնդրի բախվող երկրները մշակել են անտառային հրդեհների դեմ պայքարի ձևեր: Մեր թերթի առաջիկա համարներում կներկայացնենք այդ ձևերից ուշագրավները: Սկսենք անտառային հրդեհների դեմ պայքարի գերմանական փորձից:

Գերմանիայի տարածքի մոտ 30 տոկոսն անտառներ են: Անտառների պաշտպանությունը երկրի դաշնային միավորների՝ հողերի ղեկավարության պարտականությունն է: Ըստ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Անտառային հրդեհների մշտադիտարկման գլոբալ կենտրոնի», Գերմանիայում տարեկան այրվում է 500-1000 հա անտառ՝ առավելապես մարդու մեղքով: Խիստ հազվադեպ են կայծակից կամ բարձր ջերմաստիճանից առաջացող հրդեհները:

Շատերի համար զարմանալի է, բայց Գերմանիայում անտառային հրդեհների դեմ պայքարում են կամավոր հրշեջ ջոկատները: Պրոֆեսիոնալ հրշեջ ջոկատները միայն խոշոր քաղաքներում են: Ցանկացած երկրում ցանկացած անտառի մեջ կամ ոչ հեռու կան գյուղեր, որոնց ապրուստի մի մասը նաև անտառն է ապահովում՝ վայրի մրգեր, հատապտուղներ, զբոսաշրջություն, փայտանյութ և այլն: Գերմանիայում հենց այս գյուղերի բնակիչներից էլ ձևավորում են հրշեջ ջոկատներ: Պետությունը տալիս է ամեն ինչ՝ մեքենաներ, բարձրակարգ տեխնիկա, սարքեր, հանդերձանք, պոմպեր, խողովակներ, որակի բարձրացման, վերապատրաստման դասընթացներ և այլն: Հրշեջներն աշխատավարձ չեն ստանում, միայն ոգևորություն և հպարտություն անտառի պահապան լինելու մտքից:

Գերմանիայում ոչ պրոֆեսիոնալ, ոչ կամավոր հրշեջ ջոկատներն իրենց տրամադրության տակ ուղղաթիռ կամ ինքնառիթ չունեն: Եթե հրդեհի մակերեսն անցնում է 100 հա-ից, 4-7 հատ բեռնատար ուղղաթիռ է տրամադրում «Տեխնիկական աջակցության գերմանական կենտրոնը»: Այս ուղղաթիռներից յուրաքանչյուրը, մինչև 5 տ ջրով «լիցքավորված», մասնակցում է հրդեհաշիջմանը:

Հրդեհային անվտանգության և հակահրդեհային պայքարի դասընթացներ են կազմակերպվում նաև անտառտնտեսությունների աշխատակազմերի համար: Կամավոր հրշեջների ու անտառապահների սերտ համագործակցությունը հակահրդեհային պայքարի բարձր արդյունավետություն է ապահովում:

Գերմանիայի անտառները կտրտված են՝ հիմնականում գյուղատնտեսական, մշակովի տարածություններով, սակայն երկրի գրեթե բոլոր անտառներ տանող մեծ ճանապարհներ կան, ինչը հեշտացնում է հրշեջ ծանր տեխնիկայի տեղաշարժը: Ի հավելումն՝ Գերմանիայում չեն չորացրել անտառային ճահիճներն, ու սրանք խոնավություն են ապահովում՝ դառնալով հրդեհը բացառող գործոն:

Անտառային հրդեհների բացառման գործում Գերմանիան կիրառում է նաև «Ավելի հեշտ է կանխել, քան բուժել» տրամաբանություն և իրազեկման-քարոզչական մեծ աշխատանք է տարվում բնակչության հետ: Շոգ ամիսներին դաշնային և տեղական լրատվամիջոցներն ահազանգում են հրդեհավտանգ հատվածների մասին, ներկայացնում այն տարածքները, որտեղ կրակ վառելն արգելվում է, մանկապարտեզներում և դպրոցներում հատուկ դասեր են անցկացվում:

Գերմանիայի անտառների 10 տոկոսը Բրանդենբուրգ դաշնային հողում է և այստեղ է առաջինը ներդրվել անտառների տեսահսկման համակարգը: Դա 2007-ին էր, հիմա նման համակարգով հսկվում են երկրի բոլոր անտառները: Համակարգերը փոխկապակցված են, միայն Բրանդենբուրգի անտառներում 112 հսկիչ աշտարակ կա, որոնց վրա տեղադրված են տեսախցիկներ ու ծխի փոխարկիչներ (դետեկտոր): Յուրաքանչյուր աշտարակ մոտ 10 000 հա անտառ է «ծածկում»: Սրանց հավաքած տեղեկությունը իրական ժամանակում հասնում է մոտակա հսկիչ կենտրոն, համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ մարդը որոշում է հրդեհի բարդության աստիճանը, հրդեհաշիջման ձևն ու կազմակերպվում է արձագանքը: Նույն Բրանդենբուրգում 10 հսկիչ կենտրոն կա: Այս ամենի արդյունքում Գերմանիայում անտառային հրդեհը մեծ ռիսկ ու սպառնալիք չէ և հաջողվում է կրակը մարել դեռ հրդեհի նախնական փուլում:

Միակ բացառությունը 2010-ի հուլիսին Բրանդենբուրգի անտառներից մեկում բռնկված հրդեհն էր: Կրակի բաժին դարձավ 240 հա անտառ, հրդեհը տևեց 14 օր: Անտառի այրվող հատվածում կային Երկրորդ աշխարհամարտից մնացած հնացած զենքեր և զինամթերք: Բրանդենբուրգի ղեկավարությունը հրշեջներին արգելել էր մոտենալ կրակի օջախին: Հրշեջները կրակը մարում էին միայն օդից և թույլ չէին տալիս, որ կրակը մոտենա բնակավայրերին: Հրդեհի 13-րդ օրը սկսված հորդառատ անձրևը մեծապես օգնել էր հրշեջներին:

 

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ