Գլխավոր Նորություններ Գագիկ Սուրենյան.<>

Գագիկ Սուրենյան.<<ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է>>

537
Տարածել

Նրա խոսքը միշտ անկեղծ է, երբեմն՝ հարկ եղածից ավելի: Նրան բոլորն են ճանաչում. մեծ մասը սիրում է, մի մասն էլ՝ քննարկում նրա ամեն մի գրառումը «Ֆեյսբուքում»: Քաղաքի իրականությունից կտրվելու համար հաճախ վերցնում է ուսապարկն ու մի քանի օրով կորչում բնության գրկում: Փրկարարի տոնի առիթով մեր թերթին հյուրընկալել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 

Սարերի, բնության մարդ եք: Ո՞ր հսկան է հարազատ՝ Արագա՞ծը, թե՝ Գեղամա լեռները:

— Գեղամա լեռները: Տեսեք՝ երեկ որտեղ եմ եղել (հեռախոսի արձանագրած ջրվեժն է ցույց տալիս):

Սա ի՞նչ չքնաղ տեղ է:

— Գեղարոտն է՝ 3000 մ ծովի մակերևույթից բարձր: Ջրի ջերմաստիճանը 3-4 աստիճան է, հենց ակունքն է, որտեղից գետը սկիզբ է առնում:

Լողացա՞ք:

— Հա՜, իհարկե: Անպայման:

Կապ չունի՞ ջրի սառնությունը:

— Ես սառը ջրի նկատմամբ ռեակցիա չունեմ: Ամռանը ես տանը ծորակի ջրով՝ բացարձակ սառը ջրով եմ լողանում: Քանաքեռում եմ ապրում. մեր ջուրը Գառնիի աղբյուրներից է գալիս ու ամենասառը ջրերից է:

— Մի՞շտ եք սառը ջրով լողանում:

— Չէ, միայն ամռանը, երբ ջերմաստիճանը 34-35-ը գերազանցում է:

Հիմա ասեք. վերջը՝ Գեղամա լեռն է՞ր, թե՝ Արագած:

— Գեղաման ես ընկալում եմ որպես նրբություն, գեղեցկություն, հեզություն, կուսություն. կին եմ նրա մեջ տեսնում: Արագածն ինձ համար տղամարդու մարմնացում է, տղամարդու իդեալ: Ես իրեն ընկալում եմ որպես տղամարդու հզորություն:

Բոլոր չորս գագաթներին եղել ե՞ք:

— Չէ, երեքի վրա բարձրացել եմ, հյուսիսային գագաթ չեմ բարձրացել:

Ինչո՞ւ:

— Վախենում եմ, որովհետև շա՜տ դժվարամատչելի է, շա՜տ: Էնդեղ ճանապարհ կա, որտեղ ընդամենը 3 մ է քայլելու հատվածը, ու դրանից այն կողմ մի 300 մ բարձրությամբ խառնարան է բացվում, և եթե նայում ես ներքև՝ գիտակցությունդ, բանականությունդ կորչում են ուղղակի: Եթե հանկարծ հավասարակշռությունդ կորցնես՝ կարող ես ընկնել խառնարանը. սարսափելի է:

Դեպքեր եղե՞լ են:

— Դեպքեր շատ-շատ են եղել, իհարկե: Վերջին անգամ 3 տարի առաջ մի ալպինիստ էր ընկել: Ոտքերը կոտրվել էին, ջլերը՝ վնասվել, բայց ինքը սողալով հասել էր մինչև օդերևութաբանական կայան: 7-8 կմ սողացել էր, խառնարանից դուրս եկել ու փրկվել:

Ֆիզիկական պատրաստվածությունն ի՜նչ կարևոր նշանակություն ունի, չէ՞:

— Իհարկե, բոլորը զարմացել էին, որ նա կարողացել էր դուրս գալ էնտեղից: Եթե դուք տեսնեք Արագածի խառնարանը՝ էնտեղ նույնիսկ ֆիզիկական պատրաստվածությամբ առողջ մարդը դժվարությամբ է քայլում: Լանջերի թեքությունն 90 աստիճան է, սարսափելի խորն է, քարերը փլվում են: Աստծո նախախնամությունը, եթե մեկի վրա լինում է՝ նա կապրի:

Իսկապես հավատք ունե՞ք առ Աստված:

— Անչափ, հատկապես վերջին ամիսներին:

Ինչի՞ց հետո: Հաճախ ինչոր բեկումնային բանից հետո է, չէ՞, նման բան լինում:

— Ինձ մոտ ոչինչ չի եղել, անկախ ինձանից է ստացվել: Ես միշտ աթեիստական հայացքներ եմ ունեցել, Աստծուն պատկերացրել եմ՝ որպես բնություն. բնական ուժն ասոցացրել եմ Աստծո հետ, բայց վերջին ամիսների ընթացքում իմ մեջ շատ առանցքային փոփոխություններ են տեղի ունեցել: Ես հիմա այնքան եմ հավատում մեր Տեր Հիսուս Քրիստոսի գոյությանը, որքան վստահ եմ, որ այս պահին խոսում եմ:

Քանի՞ տարեկան եք: Արմատական փոփոխությունների շրջան եք ապրում:

— Երևի՝ այո: 32 կդառնամ սեպտեմբերի 16-ին: Չնայած Աստծո խոսքի նկատմամբ փոփոխություններ կարող են լինել նաև 90 տարեկանում. ոչ ոք չի կարող հասկանալ, թե իր մեջ երբ դա տեղի կունենա:

Սիրում եք հողագործությամբ զբաղվել: Ի՞նչ մշակաբույսեր ունեք:

— Պտղատու ծառատեսակներ: Մեր բակի ծառերի մեծ մասը ես եմ տնկել շատ երիտասարդ ժամանակ՝ 7-8-րդ դասարանում: Էդ ժամանակից սեր եմ ունեցել բնության, արարելու, աճեցնելու նկատմամբ:

Ամառանոց ունե՞ք:

— Ամառանոց չունենք, պարզապես պապական տունս Կոշում է: Երբ ցանկանում ենք՝ գնում, մնում ենք. մերն է, էլի, ոչ մի տարբերություն: Քեռիս, քեռակինս էնպիսի մարդիկ են, որ երբեք մենք տարբերություն չենք զգացել:

Ձեր բախտը բերել է: Փաստորեն, և՛ ձեր հորեղբայրների հետ եք մերված, և՛ մայրական կողմի:

— Այո՛: Մենք էն բացառիկ ընտանիքներից ենք, որ երեք եղբոր ընտանիքներով մի բակի մեջ ապրել ենք, և երբեք տարաձայնություն, վեճ, խռովություն չեմ տեսել: Մինչև օրս այդպես հաշտ, համերաշխ ապրում ենք: Նույնիսկ բոլոր տոները՝ Նոր տարի, ծնունդ և այլն, մենք միշտ միասին ենք անցկացրել, և էդպես էլ դաստիարակվել ենք:

Ինձ թվում է՝ մեծ տոհմերում միշտ ավելի շատ է խաղաղությունը, միմյանց նկատմամբ հարգանքը, գնահատանքը, քան 1-2 երեխայով փոքր ընտանիքներում:

— Գուցե. դրան ուշադրություն չեմ դարձրել, բայց շատ մարդկանց գիտեմ, որ մեծ տոհմերում իրար ուղղակի ուտում են:

Ասել եք՝ Հայաստանից դուրս չեք պատկերացնում ձեզ: Նույնիսկ աշխատանքի՞ պարտադրանքով:

— Չէ՛, երբեք չեմ պատկերացրել: Իմ ամենաերկար գործուղումը եղել է 7 օր՝ Գերմանիա: Ես հոգևոր սով եմ զգում, հատկապես վերջին օրերին: Ասենք, կոնֆերանսի եմ. զուտ սահմանափակվում եմ իմ հյուրանոցով, իմ կոնֆերանսով: Մարդիկ թանգարաններ են գնում, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, ես ոչ մի տեղ չեմ գնում: Այսինքն՝ Հայաստանից դուրս ինձ որևէ օբյեկտ չի հետաքրքրում, որ ես գնամ, տեսնեմ…. կլինի դա թանգարան կամ ուրիշ վայր: Եթե ամբողջ խմբով գնում էլ ենք, ես ստիպված եմ գնում ու անտարբեր եմ մնում: Չի լինում, որ կենտրոնանամ, լուսանկարեմ, բերեմ՝ հրապարակեմ: Բայց Հայաստանում ցանկացած տեղ, ուր լինում եմ, անպայման փորձում եմ հրապարակել ու, քանի որ ես հազարավոր հետևորդներ ունեմ սոցցանցերում, այդ հրապարակումով փորձում եմ ամեն հայի սրտում դեպի իր երկիրը, այդ երկրի հրաշալիքները սեր արթնացնել, որովհետև Հայաստանը քանդակ է՝ բաց երկնքի տակ:

Ի՞նչն եք կարոտում հեռվից՝ Հայաստանի ամեն քա՞րը, թե՝ ընտանիքը:

— Օդից սկսած, թփերով ու ընտանիքով վերջացրած՝ ամեն ինչը կարոտում եմ:

Ընտանիքը մի տեսակ Ձեզ համար երկրորդ տեղո՞ւմ է՝ բնության հետ համեմատած:

— Այո: Կան տղամարդիկ, որ եթե մի տեղ գնում են՝ անպայման պետք է կնոջ, երեխաների հետ գնան: Ես էդպիսի բաներ չունեմ:

Ձեզ ընկալող կին ունեք:

— Բնականաբար: Ինքն ինձ հետ ամուսնանալիս արդեն գիտեր, որ ես էդպիսին եմ: Մենք 6-7 տարի ենք շփվել միմյանց հետ մինչև ամուսնանալը. կինս ինձ ամբողջովին ճանաչում էր, և իր համար սա նոր բացահայտում չէ:

Կողջունե՞ք, եթե ինքն էլ ցանկանա կտրվել առօրյայից՝ գնալ արշավների:

— Սիրով, թող իր ընկերուհիների հետ արշավների գնա:

Բնության անոմալիաներից խոսենք: Ի՞նչն է նման փոփոխությունների պատճառը:

— Ես այն գիտնականներից եմ, որ էս ամենը փաթաթում են «կլիմայի գլոբալ փոփոխություն» հասկացության վրա: Եթե կհիշեք՝ դեռևս մայիսին ես մամուլի ասուլիսում ներկայացրեցի, թե ինչ ամառ է մեզ սպասվում, և ասեցի, որ այս տարի լինելու է մեր շոգերը ձևավորող պրոցեսի պիկը: Բնականաբար, էդպես էլ եղավ: Հավատացեք, էս ամենը ցիկլիկ բնույթ է կրում: Կլիմայի գլոբալ փոփոխությանը երևի 10 տոկոսն է պատկանում, մնացածը պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությամբ: Այսինքն՝ լինում են տեղումնառատ տարիներ, շոգ ու ցուրտ տարիներ. այդ ամենն ինչ-որ գագաթնակետի է հասնում, հետո անկում է տեղի ունենում:

Ինչպիսի՞ն է մարդու ներգործությունը բնության վրա: Որևէ կապ կա՞ մարդկային գործոնի և բնության փոփոխությունների միջև:

— Անպայման կա: Մարդու ներգործությունը խիստ բացասական է, հատկապես՝ Հայաստանում: Կանաչ տարածքների այս աստիճան կրճատումը ուղղակի խայտառակություն է Հայաստանի համար: Ավելանալու փոխարեն գնալով կրճատվում են: Դրանից և՛ շոգերն են ակտիվանում, և՛, բնականաբար, թթվածնաքաղցը, և՛ աղտոտվածությունը. շղթա է: Բնությունն էլ մեր պես օրգանիզմ է, որը շղթայական կառուցվածք ունի: Հերիք է, որ ինչ-որ մի օղակ խախտվի՝ մյուսներն աստիճանաբար քանդվում են: Նույնը Հայաստանի և ընդհանրապես Երկիր մոլորակի հետ է կատարվում, որովհետև մենք անընդհատ վնասում ենք էդ օրգանիզմը: Բնականաբար, նա էլ ինչ-որ ձևով պատասխանում է:

Խոսենք Երևանի մասին: Հիմա փաստորեն մենք շրջափակման մեջ ենք. վերևից նայելիս քաղաքը կարծես մշուշի մեջ է:

— Ձմռանը մառախուղն է, ամռանը՝ փոշին: Միայն Երևանը չէ, ամբողջ Արարատյան գոգավորությունն է էդպիսին: Աշխարհագրական էֆեկտն է դա: Արարատյան դաշտը Երևանի հետ միասին կլիմայական առումով շատ ոչ կոնֆորտային գոտի է՝ հենց այդ գոգավորության պատճառով: Ձմռանը՝ ցուրտ օդի լճացում, մառախուղներ, թունավոր գազերի կուտակումներ, ամռանն էլ՝ տաք օդի ներխուժման պայմաններում, նման ագրեսիվ շոգեր: Էս տարի օգոստոսի 5-ից մինչև 10-ը անդադար 40-41 աստիճան է եղել Երևանում, որը հազվադեպ երևույթ է:

Դա ողբերգական հետևանքներ կարո՞ղ է ունենալ:

— Ողբերգական հետևանքը մեր սերունդների վրա է երևում՝ հենց առողջական տեսանկյունից: Դուբայը, որ անապատում է գտնվում, մարդիկ սարքել են օազիս, իսկ մենք, որ ամեն հնարավորություն ունենք՝ կանաչը զարգացնելու, ծառ տնկելու, հակառակն ենք անում, ու դրանից մեր երեխեքը խեղդվում են: Բա առանց ծառ ո՞նց կլինի: Տերևն է, չէ՞, թթվածին արտադրում, որ շնչենք:

Օֆելյա Համբարձումյանի հետ ինչի՞ց է սկսվել ձեր մտերմությունը:

— Մենք եղել ենք ընկերներ, բարեկամական կապ չունենք: Ամեն ինչ սկսվել է ժողովրդական և հատկապես գուսանական երգերի նկատմամբ իմ սիրուց:

Երգո՞ւմ եք:

— Այո՛: Բնականաբար, եթե սիրում ես ժողովրդական երգը, Օֆելյա Համբարձումյանն էլ գուսանական-ժողովրդական երգերի կատարողական արվեստի գագաթն է: Ես իրեն սիրել եմ շատ մանուկ հասակից: Ծնողներիս պատմելով, երբ Օֆելյան երգել է հեռուստացույցով՝ ես կլանված լսել եմ նրան: Հետո, երբ անգլերեն էի պարապում, անգլերենիս դասախոսը Ռոբերտ Ամիրխանյանի եղբոր աղջիկն էր ու Օֆելյայի հետ որոշակի շփում ուներ: Երբ նկատեց իմ սերը դեպի երգչուհին, մի առիթով մեզ ծանոթացրեց, ու մենք մայր ու որդու նման կապվեցինք իրար: Շփվում էինք գրեթե ամեն օր. ես գնում էի իրենց տուն, ինքն էլ առիթի դեպքում գալիս էր մեր տուն: Բնականաբար, նման կատարողական արվեստ ունեցող երգչուհին մեծ սեր ուներ դեպի բնությունը և ինձ հետ միշտ մասնակցում էր արշավների, այսինքն՝ հաճախ լեռներում էինք լինում, հատկապես Արագած էինք գնում:

Դա ե՞րբ էր, քանի՞ տարի առաջ:

— Մինչև նրա մահը միշտ էլ գնացել ենք: Ինքն ընդհանրապես չի հիվանդացել. ոչ մի առողջական խնդիր չուներ, մինչև իր վերջին օրերը նույնիսկ ճնշում չուներ: Թութ ուտելիս մահացավ…

Ու սարեր է գնացել, հա՞. սա բացահայտում է:

— Չեմ ասում՝ Արագածի գագաթ է բարձրացել: Մեքենայով գնում էինք, իջնում մի տեղ, հաց էինք ուտում, զրուցում էինք, երգում, իր երգերն էինք լսում…

Դուք միայն ընկերական շրջապատո՞ւմ եք երգում:

— Միայն ընկերական շրջապատում, այո՛:

Երաժշտական կրթություն ունե՞ք:

— Չէ: Եթե դու 15-16 տարի շփվում ես մի մարդու հետ, որն այդ ասպարեզի գագաթին է, ինձ թվում է՝ դրանից բարձր կրթություն չի կարող լինել: Բնականաբար, երգել եմ ու սիրել եմ երգը, իսկ նրա՛ սովորեցրածը ուրիշ ոչ ոք չէր կարող սովորեցնել:

Դուք ԱԻՆի թերևս առաջին պաշտոնյան եք, որը «Ֆեյսբուքում» անկեղծ շփվում է հանրության հետ: Ձեր անմիջականությունը միանշանակ չի ընդունվում: Օրինակ, կայքերի խմբագիրները չեն սիրում, երբ Դուք պաշտոնական տեղեկատվությունից առաջ կամ զուգահեռ ինչոր զգացմունքային գրառում եք անում, և մարդիկ, կայքերը թողած, Ձեր գրածն են տարածում: Ձեզ քննադատում են չափազանց բաց լինելու համար:

— Ես ոչ ոքի չեմ խանգարում, պարզապես կա «նախանձ» երևույթը, իսկ նախանձը քայքայիչ բան է: Վերջերս մի դեպք եղավ: Մի լրագրող արտահայտվել էր, թե՝ բա պետական պաշտոնյան ի՞նչ իրավունք ունի գրառումներ անելու, ժողովրդի հետ կատակներ անելու: Բայց, հավատացեք, սարսափելի արձագանք ունեցավ համացանցում. մեկնաբանություններում բոլորը դեմ էին արտահայտվել գրվածին: Հիմա մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ժողովուրդը մեծ կարիք ունի հանրային դեմքերի հետ շփվելու: Թող ամպագորգոռ չթվա, բայց ես միայն հանրային դեմք չեմ, ես ժողովրդի զավակ եմ ու սիրում եմ իմ ժողովրդին: Եվ քննադատել մարդուն՝ հանրության հետ շփվելու համար՝ առնվազն հիմարություն է:

Նաև փորձում էին տպավորություն ստեղծել, որ հակասություն կա Ձեր հրապարակումների ու պաշտոնականի միջև:

— Թո՛ղ փորձեն: Միշտ կլինեն մեկ-երկու հոգի, որ կքննադատեն: Հո բոլորը չե՞ն ասելու՝ վա՜յ, դու հրա՛շք ես: Հավատացե՛ք, ես հանրային դեմքերից ամենաքիչ քննադատվածն եմ: Ո՞ւմ չեն քննադատում: Օֆելյա Համբարձումյանը, որ Օֆելյա Համբարձումյան էր՝ իրեն էլ էին քննադատում: Ինձ ոչ թե էդպիսի նյութերն են նեղացրել, այլ բամբասանքը: Գնում ես բնության մեջ, եթե տղամարդ ես՝ մի քիչ խմում ես, կողքից էդ քո մի քիչ խմածը սարքում են ահռելի ու էդպես տարածում են: Ես չեմ նեղվում քննադատություններից, այլ էդպիսի բամբասանքներից: Ոմանք, իրենց կյանքը թողած, քննարկում են քո կյանքը, սուտ լուրեր են տարածում, ու դա ինձ շատ է նյարդայնացնում:

Դե, գիտեք, հանրության առաջ եք. դա անխուսափելի է: Բայց գուցե նաև ամենասիրվա՞ծն եք:

— Գուցե: Իմիջիայլոց, Օֆելյա Համբարձումյանը ոչ միայն լավ երգչուհի էր: Ինքը փիլիսոփայական մեծ աշխարհայացքներով էր օժտված ու, կարելի է ասել, տեսնում էր ապագան: Սրանից մի 15 տարի առաջ միշտ ասում էր՝ դու մեծ մարդ կդառնաս, քեզ կսիրի մի ամբողջ ժողովուրդ: Մի անգամ ասաց. «Բայց միշտ հիշիր. էդ ժողովուրդը ոնց որ քեզ բարձրացրել է, եթե քիթդ ցցես` կբրախի դաշտերը, գեթ մի չոբան չի համաձայնի քեզ արածացնի: Պետք է խոնարհ լինես»: Ու ինքն էդպիսին էր: Երբ գնում էինք, ասենք, Ապարան, իջնում էինք ջուր խմելու, դե պատկերացրեք արձագանքը, երբ ժողովուրդը տեսնի՝ Օֆելյա Համբարձումյանն է՝ ի՞նչ կանի: Ինքը բոլորին համբուրում էր: Ով իրեն մոտենար՝ համբուրում էր ու ասում. «Գիտե՞ք խի եմ ձեզ շատ սիրում, որովհետև իմ երգը ձեր ծոցից է բխում»:

Օգոստոսյան անտանելի շոգ օրերին երբ գրառումներ էիք անում այդ թեմայով՝ մտածում էի՝ արդյո՞ք վտանգավոր չէ, որ այդքան անկեղծ ասում եք, որ Դուք էլ շոգին չեք դիմանում, որ 42 աստիճան է

— Դե, ես էլ եմ մարդ, ժամանակ առ ժամանակ արտահայտվելու իրավունք երևի ունեմ: Իրոք, սարսափելի վատ եմ տանում շոգը: Ինձ համար լավ է՝ -40 լինի, բայց ոչ՝ +40:

Ու եթե պաշտոնյան է դա ասում՝ դե պատկերացրեք:

— Ինձ նախարարությունից էլ ասացին՝ ավելորդ լարվածություն ես մտցնում ժողովրդի մեջ, էդպես մի՛ գրիր: Բնականաբար, հետո էլ չգրեցի, բայց, հավատացե՛ք, դա գրել եմ ընդամենը պահի տակ. նույն ձեզ պես զգացել եմ ահավոր շոգն ու գրել: Իմ ամեն մի գրածը հայոց պատմությունն է դառնում, ինչպես Ադրբեջանի մասին կատակս: Ասածս ի՞նչ էր. ասել էի՝ տարոսը Բաքվին: Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի կայքերը տպեցին էդ երկու բառը, ու դարձավ «միջազգային սկանդալ»:

Ե՞վ, ի՞նչ եղավ:

— Հերքում գրեցինք: Քանի որ մենք՝ ԱԻՆ-ը, մարդասիրական կառույց ենք և միշտ քարոզում ենք, որ անկախ թշնամանքից՝ աղետների պահին իրար պետք է օգնել, դրա համար էր աղմուկ բարձրացել, որ ԱԻՆ-ը, մարդասիրական կառույց հանդիսանալով, քարոզում է, որ Ադրբեջանն անցնի ջրի տակ: Իհարկե, դա մի օր հետո մոռացվեց, գնաց:

Ամենամեծ արժեքը ո՞րն է՝ ծնողը, ընտանիքը, հայրենիքը

— Հայրենիքը… Հավատացեք, եթե սիրում ես քո հողն ու ջուրը՝ դրանից բխում են մյուս սերերը: Եթե մարդը սիրում է իր երկիրը, չի կարող չսիրել իր ընտանիքը՝ ծնողին, կնոջը, զավակին: Միանշանակ առաջին տեղում հայրենիքն է, ու պետք է ծառայել նրան՝ ինչով կարող ես:

 

Զրուցեց ժ. ՍԱՐԳՍՅԱՆԸ