Գլխավոր ՀՀ ԱԻՆ «ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆ»՝ Arm-Security

«ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆ»՝ Arm-Security

676
Տարածել

Անվտանգության բարձրագույն տեխնոլոգիաների առաջին միջազգային ցուցահանդեսը՝ Երևանում

Arm-Security ցուցահանդեսը 2016-ին նույն ցուցասրահում կազմակերպված ArmHiTec-2016 ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն էր: ArmHiTec-2016-ը կազմակերպվել էր պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, նվիրված էր սպառազինություններին և պաշտպանական տեխնոլոգիաներին:

Ցուցահանդեսին մասնակցում էր Լեհաստանի, Բուլղարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ղազախստանի, Ռուսաստանի ավելի քան 60 արտադրող, ներկայացված էր 120 տեխնիկական միջոց, սպառազինություն, պաշտպանական տեխնոլոգիա: Եկող տարի մայիսին անցկացվելու է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների երկրորդ՝ ArmHiTec-2018 ցուցահանդեսը:

Վերջին տասնամյակներին աշխարհում նոր մարտահրավերներ են առաջացել՝ սկսած կլիմայի փոփոխություններով պայմանավորված ռիսկերից մինչև ահաբեկչություն, ուստի անվտանգության և պաշտպանական կարողությունների զարգացման ոլորտների ցուցահանդեսները պահանջված են: Օրինակ, Ղազախստանում այս տարվա սեպտեմբերի 27-29-ը կանցկացվի Kazakhstan Security Systems երրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն օբյեկտների պաշտպանության տեխնիկական լուծումներ, վթարավերականգնողական և որոնողափրկարարական գույք, սարքեր, հանդերձանք, անվտանգության և պահպանության ծառայություններ մատուցող  ընկերությունների համար հատուկ միջոցներ և այլն: Սա Կենտրոնական Ասիայում ամենախոշոր մասնագիտացված ցուցահանդեսն է:

Ոչ պակաս խոշոր ցուցահանդես կկազմակերպվի Kazakhstan Security Systems-ից մեկ ամիս անց. 2017-ի հոկտեմբերի վերջին Մոսկվայում նախատեսված է INTERPOLITEX-2017 արդեն 21-րդ ցուցահանդեսը, որի թեման է՝ «Պետության անվտանգության ապահովման միջոցներ»:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի խոսքը

Arm-Security առաջին միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասաց. «Անվտանգ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը համահունչ է աղետների ռիսկի կառավարման ներկա զարգացումներին: Որպես ՄԱԿ-ի անդամ երկիր՝ Հայաստանը միացել է «Աղետների ռիսկի նվազեցման» Սենդայի 2015-2030 գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Աղետների ռիսկի կառավարման ազգային մակարդակում մենք սահմանել ենք նպատակներ և խնդիրներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, որոշումներում և դրանցից բխող ծրագրերում: Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը մեծապես կնպաստի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համընդհանուր ջանքերով իրականացմանը՝ խթանելով պետություն-մասնավոր սեկտոր, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-ապահովագրական ընկերություններ կապի ամրապնդմանն ու համագործակցության ընդլայնմանը, միաժամանակ ապահովելով ներդրումներ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, դիմակայունության հզորացման նպատակով օժանդակելով աղետներին պատրաստվածության ամրապնդմանը՝ արդյունավետ արձագանքում և ավելի արդյունավետ վերականգնում ու վերակառուցում ապահովելու համար: Ցուցահանդեսի նպատակների թվում է աջակցությունը Հայաստանի փրկարարական ծառայության արդիականացմանը և տեխնիկական վերազինմանը, ինչը կնպաստի փրկարարների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը և փրկարար ստորաբաժանումների արդյունավետության բարձրացմանը: Ցուցադրության է ներկայացված ժամանակակից և նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և փրկարարական ծառայությունների անխափան աշխատանքի միտված նորագույն մշակումներ: Ուրախալի է, որ կազմակերպիչների ջանքերը պսակվել են հաջողությամբ, ստեղծված է արդյունավետ համագործակցության հարթակ թե արտադրողների, թե շահագործների, ինչու չէ՝ շահառուների համար:

Շնորհակալ եմ մեր հրավերը հարգելու և ներկա գտնվելու համար: Հուսով եմ, որ ցուցահանդեսի բարենպաստ գործարար միջավայրը լավագույն հարթակ կդառնա փրկարարության ասպարեզում ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը, փոխանակելու արժեքավոր փորձն ու հաստատելու նոր և հեռանկարային կապեր, կնքելով ցանկալի պայմանագրեր, ձեռք բերելով հետագա համագործակցության պայմանավորվածություններ: Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն՝ ի նպաստ մեր ընդհանուր ներուժի հարստացման և հզորացման, անհոգ, խաղաղ և անվտանգ կենսագործունեության»:

Գործարար ծրագիր

Անվտանգության բարձրագույն տեխնոլոգիաների առաջին միջազգային ցուցահանդեսում ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացված էր մի քանի ստորաբաժանումներով՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Սեյսմիկ պաշտպանության գործակալություն, Աղետների բժշկության կենտրոն, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն: Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված էին արտակարգ իրավիճակների մոնիթորինգի տեխնիկական և տեղեկատվական, կենսական նշանակության օբյեկտների կիբերպաշտպանության, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման տեխնիկական և համալիր, հեռակառավարման միջոցներ, փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար կապի և ավտոմատ կառավարման համակարգեր, հրդեհաշիջման և հակահրդեհային գույք, քաղաքացիական պաշտպանության գույք, միջուկային, ճառագայթային, քիմիական անվտանգության և պաշտպանության միջոցներ, ահազանգման, ազդարարման համակարգեր և այլն: Ցուցահանդեսն ուներ նաև «Գործարար ծրագիր», որի ժամանակ երեք օրում կազմակերպվեց 4 նիստ, երեք կլոր սեղան, հնչեց 18 ելույթ. «Ազդարարման միասնական համակարգ», «Կիբերպաշտպանություն», «Առավել վտանգավոր օբյեկտների անվտանգություն», «Աղետների ռիսկի նվազեցման ներդրումը Հայաստանի կրթական համակարգում», «Սեյսմիկ պաշտպանություն», «Անօդաչու թռչող սարքերի կիրառումը ականազերծման աշխատանքներում», «Հայաստանի մասնակցությունը միջազգային մարդասիրական արձագանքման համակարգում», «Արևային ջրատաքացուցիչ արտակարգ իրավիճակների համար» և այլն: Ելույթ ունեցան ինչպես արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ, այնպես էլ՝ հրավիրված փորձագետներ:

Մեջբերումներ ելույթներից

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ներքո գործում է «Աղետների ահազանգման և համակարգման գլոբալ համակարգ» վիրտուալ ցանցը, որի կառավարման խորհրդի ղեկավարը 2014 թվականից Հայաստանն է:

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ներքո գործում են աղետների գնահատման և համակարգման կենտրոնը՝ UNDAC, և միջազգային օգնության համակարգման առցանց կենտրոնը՝ OSOCC: Սրանք աղետի դեպքում միջազգային օգնություն խնդրելու վիրտուալ հարթակներ են: Հայաստանն այս հարթակներում ներկայացված է: Մեր փրկարարները աղետների հետևանքների վերացման աշխատանքների են մասնակցել Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում, այլ երկրներում:

1997-ին Հայաստանում ստեղծվել է առաջին փրկարարական ջոկատը: Այսօր Հայաստանն ունի հզոր փրկարարական ծառայություն, այդ թվում՝ Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի (The International Search and Rescue Advisory Group. INSARAG) չափանիշներին համապատասխանող հինգ թիմ: Հայաստանն օգնություն արտահանող երկիր է: Միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարներ ունենալը նշանակում է նաև ներքին կարողությունների զարգացում: Աղետավտանգ Հայաստանի համար սա կենսական նշանակության հարց է:

Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցների համար մշակվում են վերապատրաստումների, որակի բարձրացման դասընթացների տարեկան հստակ ծրագրեր, սակայն անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են նաև չնախատեսված դասընթացներ: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան բավարար ճկունություն ունի:

Հայաստանի կրթական համակարգում աղետների ռիսկի նվազեցման կրթությունն իրականացվում է ինտեգրված՝ տարբեր առարկաների միջոցով. ցածր դասարաններում՝ «Ես և շրջակա միջավայրը», «Բնագիտություն», «Մայրենի լեզու», միջին դասարաններում՝ «Աշխարհագրություն», բարձր դասարաններում՝ «Ռազմագիտություն-նախնական զինվորական պատրաստվածություն»:

Մարդն իր վարքով կամ ռիսկեր է ստեղծում, կամ մեծացնում ռիսկերի ազդեցությունը: Մարդը գիտի, որ չպետք է անսթափ վիճակում մեքենա վարել կամ փողոցը չնախատեսված վայրում անցնել, բայց անում է: Ուրեմն՝ նրան միայն գիտելիք տալը բավարար չէ ռիսկերը նվազեցնելու համար: Պետք է անվտանգության մշակույթ ձևավորել, որ մարդը իմացածը կիրառի: Կրթությունը պետք է լինի անընդհատ՝ նախակրթարանից մինչև հետբուհական կրթություն և վերապատրաստման ծրագրեր: Անկախ տարիքից, ցանկացած մարդ երկրի բնակիչ է, և աղետակայուն երկիր ունենալու համար բոլորը պետք է կրթվեն: Բնակչության յուրաքանչյուր շերտ իրեն հասանելի, իր համար ընկալելի տեղեկություն և գիտելիք պետք է ստանա:

Պետք է փոխել մարդկանց մտածողությունը: Օրինակ, «Երեք խոզուկ» հեքիաթի հերոսներին բաժանել ոչ թե «Խելոքն ամուր տուն կառուցեց, անխելքը՝ ծղոտե» տրամաբանությամբ, այլ՝ «Անվտանգության կարևորությունը գիտակցողը ամուր տուն կառուցեց, չգիտակցողը՝ ծղոտե» սկզբունքով: Կամ՝ «Քաոս» վեպի մասին խոսելիս չմոռանալ հիշատակել նավթահանքերի հրդեհների, հրդեհի վտանգավորության և անվտանգության միջոցառումների անհրաժեշտության մասին:

 

Առաջին տարին չէ, որ անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են արվեստում, ֆիլմ կամ գովազդ նկարահանելիս, ռազմական նպատակներով, տնտեսության տարբեր ճյուղերում՝ գյուղատնտեսություն և այլն: Սկսվել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ականազերծման աշխատանքներում: Անօդաչու թռչող սարքերը ականավտանգ տարածքում գետնից 7 սմ բարձրության վրա թռչելով՝ առայժմ միայն կարողանում են քարտեզագրել տարածքը, տեղեկություններ հավաքել, աշխատանքները վերահսկել: Գիտնականներն աշխատում են անօդաչու թռչող սարքերը բուն ականազերծման և ականազերծումից հետո մնացած թափոնների ոչնչացման աշխատանքներում օգտագործելու ձևեր գտնելու ուղղությամբ:

Տարեցտարի ավելանում են կենսական նշանակության և առավել վտանգավոր օբյեկտների վրա կիբերհարձակումները: 2016-ին ամերիկյան Լանսինգա քաղաքում արգելափակվեց ջրա և էներգամատակարարման համակարգերի համայնքային կառավարման համակարգը: Պատճառված վնասը՝ 2 մլն դոլար: Բոլորն են կարևորում կիբերանվանգությունը, սակայն յուրաքանչյուր ընկերություն փորձում է ինքնուրույն լուծել հարցը, մինչդեռ առավել արդյունավետ կլինի արդյունաբերության կիբերպաշտպանվածության և անվտանգության միասնական համակարգ ունենալը: 2016-ից նկատվում է այս ոլորտում աշխատող ընկերությունների աճ: Ուրախալի է, որ բազմաթիվ սկսնակ ձեռնարկություններ փորձում են հենց այս ոլորտում կայանալ և նորարարական լուծումներ են առաջարկում:

Արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման ժամանակ արձանագրվող վթարների, արտակարգ իրավիճակների, դժբախտ պատահարների, մարդու կյանքին, առողջությանը, ունեցվածքին պատճառած վնասի փոխհատուցման համար պետք է ներդնել պարտադիր ապահովագրության համակարգ: Նման համակարգ պետք է լինի նաև տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցկացնող կազմակերպությունների մասնագիտական պատասխանատվության համար:

Աղետներից տուժած մարդկանց արագ բուժօգնություն ցուցաբերելու համար պետք է ունենալ աղետների բժշկության ծառայության շարժական միավորներ՝ տեղական մակարդակում:

Մարդկության պատմության ընթացքում հրդեհը միշտ էլ աղետ ու ողբերգություն է եղել: Մեր օրերում վիճակը բարդացել է, քանի որ շինարարության մեջ և կենցաղում ընդհանրապես շատ են օգտագործում դյուրավառ, սինթետիկ, պլաստիկ նյութեր: Որքան էլ բարձրակարգ լինի հրշեջը, չի կարող լինել հրդեհի առաջացումը բացառող գործոն: Կրակից ու կրակի բերած վնասներից խուսափելու միակ ձևը հակահրդեհային կանոնների պահպանումն է:

Հրդեհը ջրով մարում էր դեռ նախամարդը: Հիմա էլ ջրով մարումը գործածական է, այդ թվում՝ ջրի բարակ շիթով, ճնշման տակ գտնվող ջրով և այլն: Վերջին 20 տարում զարգացել է կրակը գազերով մարելու ուղղությունը: Օրինակ, Քլադոն կոչվող արհեստականորեն ստացված գազով, որը և բնությանը վնաս չի տալիս, և տնտեսապես շահավետ է:

Հրդեհային անվտանգության համակարգեր տեղադրված են հազարավոր շինություններում: Եթե նախկինում համակարգը զգայուն էր միայն ծխի նկատմամբ և միանում էր միայն ծխի առկայությունից, այսօր արդեն կան շատ ավելի զգայուն ինքնաշխատ համակարգեր, որոնք զգայուն են բոլոր փոփոխությունների նկատմամբ, այդ թվում՝ օդի խոնավության: Շինությունում կարելի է տեղադրել այնքան զգայուն էլեմենտ՝ տվիչ, որքան անհրաժեշտ է: Քանակական որևէ սահմանափակում չկա:

Մասնակիցներ

Մասնակիցների մոտ 60 տոկոսը տեղական կազմակերպություններն էին, որոնց գործունեության ոլորտները բազմազան էին՝ ահազանգման, ազդարարման, տեսահսկման սարքերի արտադրությունից մինչև տեղեկատվական անվտանգության ծրագրերի մշակում, հրդեհային պաշտպանության միջոցների ներկրում: Սա նշանակում է, որ հայաստանցի գործարարները սկսել են կարևորել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները: Իսկ սա այդքան ցանկալի աղետակայուն հասարակություն և անվտանգության մշակույթ ունենալու համար անհրաժեշտ ու կարևոր պայման է: Բազմազան էր նաև օտարերկրյա կազմակերպությունների ներկայացրած արտադրանքը:

Խորվաթական «Դոկ-Ինգ» ընկերությունը ներկայացրել էր սեփական արտադրության բազմաֆունկցիոնալ ռոբոտ-տեխնիկական համակարգը՝ տրակտորի կամ բուլդոզերի նման մի բան, որը կարելի է օգտագործել ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի ոչնչացման աշխատանքներում և հանքարդյունաբերության մեջ: Ընկերության կարգախոսն է «Մարդուն մի ուղարկեք կատարելու մեքենաների աշխատանքը»: «Դոկ-Ինգի» մշակած համակարգը արտադրվում է 1991-ից: Այսօր աշխարհի ավելի քան 70 երկրում հաջողությամբ աշխատում է նման 350 մեքենա: Ընկերության մեքենաներով են զինված տարբեր երկրների ոստիկանները, քաղպաշտպանության ուժեր, միջազգային կառույցների ականազերծման գործակալություններ: Մեքենան ականազերծում է 2 մ լայնությամբ շերտ ինչպես առաջ գնալիս, այնպես էլ հետընթաց շարժվելիս և կարող է ականներ հայտնաբերել նաև ջրի տակ՝ մինչև 80 սմ խորության վրա: «Դոկ-Ինգ» ընկերության բազմաֆունկցիոնալ ռոբոտ-տեխնիկական համակարգը հեռակառավարվող է, օպերատորը՝ մեկ մարդ, կարող է հեռանալ մինչև 1500 մ:

Չինական Oriental Industries ընկերությունը ներկայացրել էր օպտիկական սարքերի լայն տեսականի՝ սկսած սովորական հեռադիտակներից ու կողմնացույցներից մինչև տեսահսկման համակարգեր և գիշերային դիտման սարքեր:

Ռուսական ՊՏՍ ընկերությունը ներկայացրել էր անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ ջրասուզական հանդերձանք, շնչառական դիմակներ և սարքեր, պաշտպանության հատուկ միջոցներ: Ընկերությունը գրավիչ կարգախոս էր ընտրել՝ «Հանդերձավորում ենք նրանց, ովքեր մարդկանց են փրկում»:

Գնահատական

Ցուցադրության վերջին օրը կազմակերպիչները պատվոգրեր հանձնեցին մասնակիցներից ոմանց՝ «Հույժ կարևոր օբյեկտների պաշտպանություն», «Հումանիտար համագործակցություն», «Զննողական սարքավորումներ», «Ցուցապաստառի լավագույն դիզայն», «Հրդեհաշիջման տրանսպորտ» և այլ անվանակարգերում: Պատվոգիր ստացան նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը («Ամենատեղեկատվական ցուցապաստառ»), Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան («Ամենաակտիվ մասնակից»), Աղետների բժշկության կենտրոնը («Աղետների բժշկություն»):

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Ցուցահանդես էին այցելել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը առանձնազրույցներ է ունեցել ճապոնական, գերմանական, ամերիկյան, ռուսական մոտ մեկ տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության հնարավորությունը: Այս մասին՝ մեր թերթի առաջիկա համարներում: