Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

951
Տարածել

ԱՌԿ կրթության նոր «գործիքներ»

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանի և շենքերի  շահագործման և գնումների կարգավորման բաժնի պետ Արտավազդ Հովհաննիսյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել են աղետների ռիսկի կառավարման կրթության նորարարական ձևեր:

 

Խոսող տիկնիկ

Աշխարհում խոսող տիկնիկների պակաս չկա: Կան բարևող, որպիսություն հարցնող, իր մասին պատմող տիկնիկներ: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ստեղծած տիկնիկը խոսում է աղետները ճանաչելու և աղետների ռիսկը նվազեցնելու մասին: Առայժմ մեկ տիկնիկ կա, որը խոսում է էլեկտրական հոսանքի օգտագործման կանոններին հետևելու կարևորության մասին, որ հրդեհ չլինի: Կարող է խոսել աղետների ռիսկի կառավարման ցանկացած այլ ուղղության մասին: Տիկնիկի փոխարեն կարող է լինել փրկարարական մեքենա կամ ավտոկռունկ:

 

Էլեկտրոնային տառադարան

Պաստառի տեսք ունեցող և պատին փակցվող այս տառադարանը նույնպես խոսող է: Այս կամ այն տառով սկսվող բառերի մեջ քիչ չեն արտակարգ իրավիճակներ և փրկարարներին հիշեցնող բառերը՝ կրակմարիչ, փրկարար, ցնցուղ, պատգարակ, հակագազ և այլն: Երեխան սեղմում է տառը, տառադարանը արտասանում է բառը: Կա այլ կոճակ, որը սեղմելուց հետո տառադարանն ասում է, թե որտեղ է օգտագործվում տվյալ իրը, առարկան, օրինակ՝ կրակմարիչը:

 

Էլեկտրոնային փազլ

Խճանկար-հանելուկները՝ փազլները, վաղուց են դարձել երեխաների անբաժան ընկերը, ուղեկիցը, խաղալիքը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած էլեկտրոնային փազլներում օգտագործվում են արտակարգ պատահարների, փրկարարական տեխնիկայի, աղետների վերաբերյալ նկարներ, որոնք նկարել են երեխաները: Երեխան հավաքում է երեխայի աշխատանք նկար: Այս նկարների հեղինակները ակադեմիայի մշակույթի կենտրոնում ակադեմիայի ուսանողների կազմակերպած «Աղետների ռիսկի կառավարում» դասընթացին մասնակցած երեխաներն են: Դասընթացի խորագիրն էր՝ «Դիմակայուն մոլորակ սերունդներին»:

Ընտրվել է էլեկտրոնային փազլ, քանի որ սա ավելի հարմար ու կիրառելի է մեծ լսարանի, դասարանի համար:

Դպրոցը՝ պայուսակում

Քիչ չեն դեպքերը, երբ աղետից հետո՝ երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք և այլն, երեխան մնում է առանց դպրոցի կամ մանկապարտեզի: Սակայն նա չպետք է մնա առանց կրթության: «Դպրոցը՝ պայուսակում» ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացած ճամպրուկում կա կրթություն, դաս անցկացնելու համար ամեն ինչ՝ ըստ տարիքների: Նախակրթարանների սաների համար նախատեսված ճամպրուկում՝ խաղալիքներ, նկարչության պարագաներ և այլն, դպրոցականների համար՝ քարտեզ, փչովի գլոբուս և այլն:

Ուսուցիչը կարող է ցանկացած ծառի, վրանի տակ, ժամանակավոր կացարանում դաս կազմակերպել: Նման ճամպրուկներ պետք է ունենան բոլոր դպրոցները:

 

Նպատակ

Ներկայացված «գործիքներն» առայժմ միայն նմուշներ են՝ մեկ-երկու օրինակով: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների խոսքով, խնդիրը տարաբնույթ խաղալիքների և նորարարական այլ մշակումների միջոցով աղետների ռիսկի կառավարման կրթություն կազմակերպելն է: Պետք է ձևավորել անվտանգության մշակույթ և սկսել ամենացածր տարիքից:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ