Գլխավոր Նորություններ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՎՐԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

699
Տարածել

Բորժոմիի արգելոցի հրդեհաշիջումից տղերքը վերադարձան պատվով ու անփորձանք

Օգոստոսի 20-ին հրդեհ էր բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում ՝ Դաբա գյուղի մոտ: Հրդեհի հետևանքով այրվել են Կարմիր գրքում գրանցված  եզակի ծառատեսակներ, բնակավայրերից 200 մ հեռու գտնվող  մրգատու ծառեր, մոխրի վերածվել ցանքատարածություններ, կրակը սպառնում էր նաև մոտակա բնակավայրերին: Մի քանի օր շարունակ բռնկված հրդեհը տեղի ուժերով չէր հաջողվում չեզոքացնել, ուժեղ քամին և շոգ եղանակն ավելի  էին բորբոքում կրակի օջախները և նոր  անտառածածկ տարածքներ գրավում: Վրաստանի իշխանությունը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով դիմել էր նաև Հայաստանին: Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում պետք է ծառայեր  որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:

Մեր  փրկարարները հասնելով Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամաս ու տեղակայվելով Ծաղվերի բնակավայրի մոտ՝ օգոստոսի 23-ից ներգրավվեցին  հրդեհաշիջման աշխատանքներում: Նրանք հրդեհաշիջում են կատարել 3 դժվարամատչելի տեղամասերում ու կանխել կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր: Օգոստոսի 25-ին մեր փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ: Լույսը բացվելուն պես Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում հայ հրշեջները սկսում էին համառ պայքարը կրակի դեմ՝ թանձր ծխի, չնահանջող կրակի, անկանոն քամու պայմաններում՝ դժվարությամբ հաղթահարելով բարձունքներն ու զառիթափերը, հանգցնելով անտառի համար սպառնալիք հանդիսացող մեծ ու փոքր կրակի օջախները: Իսկ օրվա ավարտին գիշերելու նպատակով կրկին վերադառնում ոչ հեռու ծավալված վրանային ավան:  Այդպես մոտ մեկ շաբաթ և առանց հանգստի…

Փրկարար շարասյան կազմում էին նաև լոռեցի փրկարարները՝ մեկական մարտական հաշվարկ Սպիտակի և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Սպիտակի ՀՓՋ-ի խմբի պետ, փ/ծ կապիտան Արգամ Հակոբյանը օրեր շարունակ մյուսների հետ աշխատում էր դժվարամատչելի տեղանքում: Բորժոմիի կիրճում հայի հնարամտությունն օգտագործելով՝ սպիտակցի հրշեջները կիրճով հոսող ամեն առվակ ու ջրափոս օգտագործել են որպես ջրի պաշար: «Բարդ ռելիեֆի պայմաններում հեշտ չէր աշխատելը: 4 տ տարողությամբ «Ուրալ» մակնիշի ամենագնացով կարողանում էինք հաղթահարել ձորերը, ջրափոսեր գտնում ու պարբերաբար ջուր մատակարարելով՝ շիջում կրակը: Աշխատում էինք հերթափոխով և մինչև մութն ընկնելը: Այրվող անտառում 10-50 մ բարձրությամբ տարատեսակ հաստաբուն ծառեր կային՝  եղևնի, կաղնի, տորֆանման զանգված էր առաջացել, որի պատճառով կրակը հանգցնելը դժվարանում էր: Հրդեհաշիջումից հետո  թվում էր, թե մարել ենք կրակը, բայց ներսից դեռ այրվում էր, բահերով, ուսապարկերի ջրերով կրկնակի, եռակի շիջում էր արվում: Տղաների աշխատանքը կարելի է գերազանց գնահատել, ահռելի աշխատանք  է տարվել»,- պատմում է Արգամ Հակոբյանը:

Այդ օրերին խորթուբորդ ու անմատչելի հատվածներում կարելի էր տեսնել Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի «Ռենո» մակնիշի ամենագնացը, որը մանևրում էր կիրճի նույնիսկ ամենավտանգավոր տեղանքներում: ՀՓՋ-ի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Արարատ Արարատյանը դժվարությամբ է նկարագրում իրենց գլխով անցած փորձությունները: «Նման անտառ չեմ տեսել, 4 կողմը ձոր էր, սարը բարձրանալիս ու իջնելիս մահը մեր առաջ էր, մտածում էինք, որ ուր որ է կընկնենք ձորը: Շատ դժվարամատչելի տեղանք էր, մեքենաներից միայն «Ռենոն» էր կարողանում այդ բարձունքները հաղթահարել: Առավոտյան ժամը 6-7-ին, երբ տեղ հասանք, հսկայական տարածքը ծխի մեջ էր, կրակի 3 գլխավոր օջախներից բացի, տեսանելի էին շուրջբոլորը ցրված բազմաթիվ մխացող օջախներ, այրվող հին, չոր ծառեր… Բացի «Ռենոյի» 2,5 տ ջրից, նաև բահերով, իսկ վրացի գործընկերները 20 լ տարողությամբ շալակի ջրցան սարքերով էին հրդեհաշիջումն անում»,- մանրամասնում է Արարատ Արարատյանը: Մեր հրշեջները, բացի հրդեհաշիջում իրականացնելուց, նաև մասնագիտական խորհուրդներով ու իրենց փորձով են կիսվել տեղում կրակի մարմանը մասնակցող զինվորականների հետ, որոնք սովորեցին հրդեհի մարման ճիշտ կանոններին տիրապետել: «Զինվորները շփոթված՝ չէին հասկանում, թե ինչու է մարած կրակը նորից բոցավառվում, բացատրում էինք, որ կրակը բավականին խորքային է, պետք է քանդել տորֆանման զանգվածը, գտնել օջախը, և շիջել, բահերի օգնությամբ՝ հողի մեջ թաղելով: Կրակը բավականին խորացել էր, որոշ հատվածներում տրակտորներով էին քանդում խոր օջախները, շատ տեխնիկա էր աշխատում, բացում նոր ճանապարհներ…»,- պատմում են վանաձորցի հրշեջ-փրկարարները:

Կրակված անտառի հրդեհի մարմանն օրնիբուն մասակցում էին նաև Երևանի փրկարարական վարչության հրշեջները: Նրանցից մեկը ծխահարվել էր: ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարել են կաթիլային ներարկում, վերջինս, ինքնազգացողությունը կարգավորվելուց հետո,  առավոտյան կրկին անցել է ծառայության:

Երևանից Վրաստան էր մեկնել 6 մարտական հաշվարկ՝ 30 հոգի, 6 հրշեջ մեքենա՝ երկուսը 10 տ տարողությամբ, 4-ը՝  3,5 տ, որից 2-ը՝ ամենագնաց: Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանն ամեն օր Վանաձորի «Ռենո»-ով  հաղթահարել է կիրճի բարձունքները, ամենավերին տեղանքներում ղեկավարել և անմիջական մասնակցություն ունեցել հրդեհաշիջման աշխատանքներին: «Թեք զառիթափին անհնար էր կանգնելը, տղաները պարանով կապված երեսնիվայր ամենաանհասանելի տեղանքներում են նույնիսկ հրդեհաշիջում կատարել: Անում էինք ամեն հնարավորը, 300-400 մ մագիստրալներ ձևավորելով՝ շիջում կրակը: Լինում էր՝ ժամերով առանց սնվելու աշխատում էինք բարձրադիր հատվածներում, որպեսզի հասցնենք մինչև մութն ընկնելն ավարտենք  ու իջնենք: Մերժում էինք մեզ ուտելիք բերելու առաջարկները, քանի որ շատ վտանգավոր վայրում էինք աշխատում և չպետք է վտանգեինք ուրիշների կյանքը:  Կարողացանք ամենաբարդ իրավիճակներից անփորձանք դուրս գալ ու պատվով  ներկայացնել մեր երկիրը: Հրդեհի վայրում էին Վրաստանի ուժային բոլոր կառույցների ներկայացուցիչները, որոնք, սակայն, նույն արդյունավետությամբ չէին գործում, որքան մեր հրշեջ մասնագետները»,- փաստում է փ/ծ փոխգնդապետը: Հայ փրկարարների աշխատանքը տեսել և գնահատել են Վրաստանի իշխանությունները և մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում անձնվեր ծառայության համար  ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին անձամբ շնորհակալություն են հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին:

ԱԻՆ փրկարար ուժերը, մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում, օգոստոսի

28-ին վերադարձել են Հայաստան: Վերադարձի  ճանապարհին հայ փրկարարներն Ախալքալաքում այցելել են Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրանց տեղի հայերը մեծարանքով են դիմավորել և հպարտությամբ ընդունել այն փաստը, որ հայ հրշեջ-փրկարարներն ամբողջովին լուծել են իրենց առջև դրված խնդիրները, լավագույնս ներկայացրել  երկիրը և հանդես եկել օրինակելի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Հ.Գ. Բորժոմիի կիրճի հրդեհը մարելու նախօրեին՝ օգոստոսի 29-ին, հրդեհ է բռնկվել Վրաստանի մեկ այլ անտառում՝ Ախալցիխե բնակավայրից մոտ 28 կմ հեռու գտնվող Աբասթումանի բնակավայրի մատույցների անտառներում: Վրաստանը կրկին միջազգային օգնություն է խնդրել:

«ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերը պատրաստ են նորից մեկնել Վրաստան՝ Աբասթումանիի անտառներում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար: Անձնակազմը պատրաստ է: Բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,- կառավարության օգոստոսի 31-ի նիստում հայտարարել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: