Գլխավոր Նորություններ ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ 1564-1616

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ 1564-1616

753
Տարածել

ՍՈՆԵՏ 66

Մահվան անդորրն եմ տենչում այս ամենից ես հոգնած.

Երբ տեսնում եմ արժանին՝ թշվառության մեջ ծընված,

Եվ գոսնելի ոչնչին՝ մետաքսներում զարդարված,

Եվ լուսեղեն հավատը՝ նենգորեն գետնահարված,

 

Եվ պատիվը ոսկեզօծ՝ անպատիվ մարդուն տըրված,

Եվ անբիծ առաքինին՝ վայրենաբար պըղծըված,

Եվ կատարյալը վսեմ՝ անիրավ վարկաբեկված,

Եվ ուժը կաղ վարչությամբ՝ զորությունից զըրկըված,

 

Եվ արվեստը բռնությամբ՝ լեզվակապ ու լըլկըված,

Եվ ապուշը հանց գիտուն՝ վերակացու հանճարին,

Եվ ճշմարիտն անսքող՝ տխմարություն հորջորջված,

Եվ իշխան չարի առաջ՝ ծնկաչոք ըստրուկ բարին:

 

Այս ամենից ես հոգնած մահվան անդորրն եմ տենչում,

Բայց, սե՜ր, ինչպե՞ս քեզ լքեմ, ա՜խ, այդ ցավն է ինձ տանջում:

 

Թարգմանությունը՝ Խաչիկ ԴԱՇՏԵՆՑԻ