Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀ՝ «ԽՈՒՍՏՈՒՓ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐՈՒՄ

ՀՐԴԵՀ՝ «ԽՈՒՍՏՈՒՓ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐՈՒՄ

679
Տարածել

Անտառապահներն ու փրկարարները կապի մեջ են

Օգոստոսի 26-ի կեսօրին

հրդեհ էր բռնկվել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» «Խուստուփ» արգելավայրում: Հրդեհի օջախները ձգվում էին լեռան գագաթից 7-8 կմ դեպի աջ՝ Քաջարան քաղաքի ուղղությամբ:

 

Համալիրի աշխատակիցները, նկատելով հրդեհը, անմիջապես  ահազանգել են ԱԻՆ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչներին: Ժամը 12:40-ին դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք՝ ընդգրկելով նոր տարածքներ: Լեռան գագաթից հրդեհը տարածվել էր չորս ուղղություններով, ուստի հրդեհաշիջման աշխատանքները տարվում էին միաժամանակ չորս ճակատով: Որոշ ժամանակ անց փրկարարներին հաջողվեց կրակի դեմն առնել ու ամբողջովին մարել երեք ուղղություններով: Մյուս ուղղությամբ ծավալվող հրդեհը հանգցնելուն լուրջ խոչընդոտ էր լեռնային բարձր տեղանքը. այն ծովի մակարդակից բարձր է շուրջ 2500 մ՝ ձորերով կտրտված դժվարանցանելի հատվածներում: Ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներն արդեն հաջողվել էր մարել: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 27-ի առավոտյան ժամը 7-ի դրությամբ հրդեհն ամբողջությամբ մարվել էր, ինչին բավականին օգնեց անձրևը։ Սակայն շոգ եղանակն ու քամին նպաստեցին ծխացող օջախների ձևավորմանը և օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին, կրկին տեղեկություն ստացվեց, որ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հրդեհի նոր օջախ կա՝ Խուստուփից դեպի արևմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ: Հրդեհաշիջմանը մասնակցելու համար դեպքի վայրում էին կենտրոնացել փրկարար ուժեր մարզի 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 45 հրշեջ-փրկարար և արգելավայրի 30 աշխատակից: «Խուստուփ էին ժամանել 2-ական մարտական հաշվարկ Կապանի, Քաջարանի, Գորիսի և Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Ամենագնացները հազիվ հաղթահարեցին Խուստուփի գագաթը, փրկարարները ոտքով էին հասնում կրակի օջախներին՝ մոտ 15 կմ ճանապարհը 3 ժամում հաղթահարելով: Դժվարամատչելի տեղանքով ջուր հնարավոր չէր հասցնել այրվող տարածքներին, ձեռքի տակ եղած միջոցներով ենք հանգցրել կրակը: Օգոստոսի 26-ից՝ 3 օր շարունակ անձնակազմը տեղում է եղել, 2 օր գիշերել ենք Խուստուփի լանջին ծավալված վրանային ճամբարում, որտեղից հնարավոր էր կրակի օջախներին ավելի շուտ հասնել: Նման մեծ հրդեհ վաղուց չէինք ունեցել: Օգոստոսի 28-ին հրդեհն արդեն մարվել էր, կրակի օջախներ չկան, բայց հրշեջ-փրկարարներն ու անտառապահները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը:

Արել ենք ամեն հնարավորը, որպեսզի կանխենք կրակի տարածումը դեպի 5-6 կմ հեռու գտնվող անտառածածկ տարածքներ»,- տեղեկացրեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Անդրանիկ Սահակյանը, որն այս օրերին ղեկավարում էր Խուստուփի գագաթի խոտածածկ տարածքներում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները:

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանի փոխանցմամբ՝ արգելավայրի բուսական ու կենդանական աշխարհը չի տուժել հրդեհից, արժեքավոր ծառերն ու թփերը մոտ 6 կմ հեռու են գտնվել կրակի օջախներից: «Հրդեհի հետևանքով միայն չոր խոտածածկույթ է այրվել, այստեղ սովորաբար քարայծեր կան, բայց նրանք ևս չեն վնասվել: Օգոստոսի 28-ին առավոտյան ժամը 6-ից կրկին դեպքի վայրում էինք, տարածքն էինք զննում, մինչև ժամը 12-ը կրակի օջախի ոչ մի հետք չկար, բայց կեսօրից, երբ արևի տաքությունն արդեն զգալի էր,  արգելավայրից դեպի «Ձագեձորի» հատվածում նկատվեցին հրդեհի թաքնված օջախները: Հրշեջ-փրկարարների հետ ողջ օրը դեպքի վայրում ենք եղել, ժամը 17-ի դրությամբ ոչ մի ծխացող օջախ չկար»,- ուրախությամբ նշեց  Խուստուփ լեռան գագաթին գտնվող համալիրի տնօրեն Վարդան Գևորգյանը:

Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ արգելավայրում ծխացող օջախներ չկային: Հրշեջ-փրկարարներն ու անտառապահները կապի մեջ շարունակում էին հերթապահությունը:

 

Էջը՝ Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Կապան-Երևան