Գլխավոր Նորություններ ՊԱՐԻՍՊՆԵՐ

ՊԱՐԻՍՊՆԵՐ

415
Տարածել

Երբ խոսում ենք ելքի մասին, երբ ասում ենք՝ ելք գտնել, մի ելք պիտի գտնել և այլն, անԱվագ ԵՓՐԵՄՅԱՆակի մեջ, չի նշանակում, թե վիճակն այդ օրհասական է կամ ողբերգական:

Խոսքը պարզապես ապրելու մասին է, որի էությունը մուտքն ու ելքն է հենց: Կամ՝ համատարած մուտքեր ու ելքեր են, որոնց ամբողջությունը կազմում է կյանքը:

Ակնհայտի և աներևույթի խնդիրն է, թեպետ այդ երկուսն էլ բավական առաձգական հասկացություններ են, որովհետև նույն երևույթը, իրավիճակը մեկի համար ակնհայտ կարող են լինել, մյուսի համար՝ անտեսանելի. ամեն ինչ որոշում են պատրաստվածությունը, կամեցողությունն ու նման մի քանի բան ևս:

Այս մի քանի պարբերության ուշադիր ընթերցումը հակասություն ի հայտ կբերի, հատկապես, եթե փորձի ասվածի շրջանակներում տեղավորել իրոք ողբերգական դեպքեր, որոնք աշխարհում պարբերաբար կրկնվում են. ասենք՝ անմեղների արյան հեղումը…

Մինչդեռ ողբերգությունն ավելի խոր է: Այս կամ այն կերպ այդ մասին զրուցել ենք միշտ. խոսքը քաղաքակրթական ողբերգության մասին է. կրկնենք՝ եվրոպական քաղաքակրթությունն աշխարհը համարել է առանցքային, եվրոպական արժեքները համարել է հիմնարար, եվրոպական ճանապարհը համարել է ճշմարիտ՝ գրեթե անուշադրության մատնելով, ասենք, երկու աշխարհակործան աշխարհամարտերը…

Նորից ահա քաղաքակրթական իրավիճակ-իրադրություն է ուրվագծվում (և ուրվագծվում է հենց, ինչպես ասացինք, անմեղների արյունով), որից «մի ելք պիտի գտնել»:

Երկրների առաջնորդ-ղեկավարները ցավակցում են միմյանց, չարիքի դեմ միավորվելու կոչեր են անում, քաղաքագետներն իրար հերթ չտալով՝ բացատրություններ են որոնում՝ միաժամանակ ավելի մեծ աղետներ կանխագուշակելով, իսկ Եվրոպայի քաղաքացիները դարձյալ ընդհուպ մոտենում են համընդհանուր սարսափի շեմին, անկախ նրանից՝ կրո՞ւմ են, թե՞ չեն կրում իրենց հոգում եվրոպական քաղաքակրթական արժեքները…

Ինչպես ամեն ինչ, քաղաքակրթությունը ևս խորհրդանիշեր ունի. նշաններ, գաղափարներ, պատկերներ, որոնք առավել ընդհանրական կերպով էություն են ցուցանում:

Չափազանց հետաքրքրական է լաբիրինթոսի գաղափարը:

Հստակ չի կարելի ասել, թե որքանով է լաբիրինթոսը խորհրդանշում մեր քաղաքակրթությունը, բայց կա մի մանրամասն, որը միտք կզբաղեցնի:

Հարցի ձևով՝ այսպես. լաբիրինթոսի հեղինակ-կառուցողը կարո՞ղ է այնպես մոլորվել իր իսկ հյուսած ծուղակներում, որ այդպես էլ ելքը չգտնի…

Այս ֆոնին մտքերի մեջ է խրվում պարիսպների գաղափարը. ի՞նչ է դա: Անհրաժե՞շտ բան է, եթե այո՝ ապա ե՞րբ է անհրաժեշտ, ի՞նչն է                                     պահպանում պարիսպը, ինչի՞ց է պաշտպանում:

Մի՞շտ է պաշտպանում, հնարավո՞ր բան է պարիսպը ժամանակակից աշխարհում, պարիսպները մե՞կ տեսակի են լինում, թե՞ ինչպես ամեն գաղափար, սա էլ կարող է և պետք է տարբեր մարմնավորումներ ունենա:

Ահա թե որտեղ է իսկական լաբիրինթոսը:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ