Գլխավոր Նորություններ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԲԱԶԵ-2017»-ՈՒՄ

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԲԱԶԵ-2017»-ՈՒՄ

498
Տարածել

«Բազեն» 15 տարեկան է: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները վերջին երեք տարիներին են մասնակցում համահայկական երիտասարդական հավաքներին:

«Ակադեմիայից 9 հոգանոց ջոկատ էր մասնակցում հավաքին, 4 աղջիկ և 5 տղա: Նախապես մասնակցության հայտեր են ներկայացվել և ընտրություն է կատարվել՝ առաջնություն տալով ամեն ասպարեզում՝ երգ, պար, շախմատ և այլն, լավագույնին»,- ասում է ջոկատի ղեկավար, փրկարարական գործ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Շիրակ Հակոբյանը: Իսկ օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում անցկացված «Բազե-2017»-ին մասնակցում էին Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի ուսանողներ, ընդհանուր թվով 405 մասնակից՝ 45 ջոկատով, յուրաքանչյուրում՝ 9 հոգի: Մրցույթների ծրագիրը ներառում էր սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, բազկամարտ, ֆուտբոլ, ազգային խաղեր, երգ, պար, նորաձևություն, հումոր, բրեյն ռինգ, «Բազե» բանալի և այլն:

Մեր ուսանողները մասնակցություն են ունեցել բոլոր ծրագրերում, արժանացել մրցանակային տեղերի և պատվոգրերի: Կազմակերպված ու ակտիվությամբ առանձնացող ԱԻՆ-ական ջոկատը նույնպես արժանացել է պատվոգրի: Որպես լավագույն ջոկատի ղեկավար պատվոգրի է արժանացել նաև Շիրակ Հակոբյանը:

«Ավանդույթի համաձայն՝ հավաքին մասնակից ջոկատները բաժանված էին երեք ճակատի՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ յուրաքանչյուրում 15-ական ջոկատ, մենք ներկայացնում էինք կարմիր ճակատը: Պարանի ձգում մրցույթում գրավեցինք երրորդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ, որտեղ երեք ճակատների մրցանակային տեղեր զբաղեցրած ջոկատներն էին մրցում, և զբաղեցրեցինք երկրորդ հորիզոնականը: Ֆուտբոլի մրցույթին որպես դարպասապահ մեր ջոկատից մասնակցեց Կարեն Ստեփանյանը, անառիկ պահելով դարպասը՝ ապահովեց մեր ճակատը ներկայացնող թիմի հաղթանակը:  Ինտելեկտուալների մրցույթում էլ չորրորդ տեղը զբաղեցրինք:

Պարի մրցույթում շատ լավ մասնակցություն ունեցավ Ասյա Ճաղարյանը, երգի մրցույթում՝ Դիանա Հախվերդյանը: Շախմատի մրցույթում գրոսմայստերների հետ գեղեցիկ խաղով հանդես եկավ Վազգեն Ղալայանը՝ չունենալով որևէ կարգ, իսկ սեղանի թենիսի մեր մասնակիցը Ալբերտ Գրիգորյանն էր, որի մրցակիցների մեջ կար անգամ Հայաստանի չեմպիոն:

Սյունե Հարությունյանը մասնակցեց ոտքերը պարանով կապված 100 մետրանոց մրցավազքին, իսկ Արայիկ Հակոբջանյանը՝ սպորտլանդիային և «Բազե» բանալիին:

Սյուզաննա Ղազարյանն էլ մեր ներկայացուցիչն էր մոդելավորման մրցույթում, որտեղ մեր ճակատը գրավեց երկրորդ տեղը՝ մեկ միավորով զիջելով միայն նարնջագույնին: Իսկ այն մրցույթներում, որոնցում թեպետ մեր ուսանողները մրցանակային տեղեր չգրավեցին, սակայն տպավորեցին իրենց ակտիվ ու գեղեցիկ մասնակցությամբ և առանձնացան որպես ԱԻՆ ջոկատ՝ արժանանալով պատվոգրի»,- ներկայացնում է ջոկատի ղեկավարը:

Հավաքի նպատակն այս անցած 15 տարիների ընթացքում չի փոխվել՝ բացահատել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի:

Երիտասարդներն այս հավաքներում նաև միմյանց ճանաչելու, ըմբռնելու հնարավորություն են ունենում՝ սերտացնելով հատկապես Հայաստան-Սփյուռք կապն ու երկխոսությունը:

«Բազե-2017»-ին մասնակցող ջոկատի նախապատրաստական աշխատանքների հիմնական համակարգող Ճգնաժամային կառավարման պետակադեմիայի մշակույթի գծով պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանն ընդգծում է, որ ուրախ ու հպարտ է համահայկական հավաքին ուսանողների մասնակցության ու ձեռքբերումների համար. «Մեր ուսանողները տարբերվում են, և շատ հաճելի էր, որ նաև «Բազե»-ում առանձնացան: Իրենք շատ տարբեր են բոլորից, որովհետև հոգեբանորեն փրկարարներ են»:

 

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ