Գլխավոր Նորություններ ՀՈՒԼԻՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՀՈՒԼԻՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

439
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

 

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիս ամսին իրականացրել են 2533 ելք` 280-ով ավելի, քան 2016-ի հուլիսին: 1132 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 830` կենցաղային կանչ, 105` կեղծ ահազանգ, 466՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 37 մարդ (այդ թվում` 12 կին, 6 երեխա, տուժել է 1062 մարդ (այդ թվում՝ 270 կին, 209 երեխա): Փրկարարներին հաջողվել է փրկել 31 մարդու կյանք (2016 թվականի հուլիսին` 26 կյանք):

 

Հրդեհներ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 865 ահազանգ (2016 թվականի հուլիսին` 772 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 726 դեպքում (2016 թվականի հուլիսին` 633 դեպք): 83 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ, 105 դեպքում` հրդեհի բռնկման սպառնալիք և ծխապատ գոտի, իսկ 15 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել և ահազանգել փրկարարներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակն աճել է 93-ով կամ 14,7 տոկոսով: Հրդեհներից տուժել է 1 մարդ (անցած տարվա հուլիսին՝ 6 հոգի): Նյութական վնասը` մոտ 100 միլիոն դրամ` մոտ 21 միլիոնով քիչ, քան 20116-ի հուլիսին:

Հուլիս ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում` 387 դեպք (53,3 տոկոս): Սրանից բացի, կրակի բաժին են դարձել աղբ, աղբատար` 99 դեպք, առանձնատուն` 69 դեպք, բնակելի շենք` 49, կրպակ-տնակ-ավտոտնակ` 26, էներգամատակարարման օբյեկտ` 24, գազամատակարարման օբյեկտ` 2 և այլն: Հրդեհների 62,1 տոկոսը` 451 դեպք, գրանցվել է քաղաքներում, 275-ը` գյուղերում: Երկու դեպքում էլ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակն աճել է: Ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի քաղաքներում` 71 և գյուղերում` 104: Ամենաքիչը Տավուշի և Լոռիի քաղաքներում` 3-ական և Լոռիի գյուղերում` 8 դեպք:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

2017 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է 373 ճանապարհատրանսպորտային պատահար` ՃՏՊ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների քանակն աճել է 55-ով կամ 17,3 տոկոսով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը` 198 դեպք, բախումներն են: 81 դեպք` մարդկանց վրաերթեր, 46 դեպք` տրանսպորտային միջոցների շրջումներ, 48 դեպք` այլ բնույթի ՃՏՊ: ՃՏՊ-ներից զոհվել է 30, տուժել` 529 մարդ: 2016 թվականի հուլիսի համեմատ զոհերի և տուժածների քանակներն աճել են:

 

Թունավորումներ

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 504 դեպք, զոհվել է 2, տուժել` 530 մարդ: 2016 թվականի հուլիսի համեմատ թունավորումների և դրանցից տուժածների քանակները նվազել են, զոհերի քանակն աճել է մեկով:

Թունավորման հիմնական պատճառներն են. ալկոհոլ` 133 դեպք, դեղորայք` 86, քիմիական նյութեր` 77, սննդամթերք` 28, սողունների և միջատների խայթոցներ` 174 և այլն: Ամենաշատ թունավորումներ եղել են Երևանում` 327 դեպք: Մարզերից ամենաշատը թունավորվել են Արմավիրում` 78, ամենաքիչը` Սյունիքում` 2 և Վայոց ձորում` 1:

 

Փլուզումներ

Հուլիս ամսին հանրապետությունում գրանցվել է 12 փլուզում, մեկով պակաս, քան 2016-ի հուլիսին: Դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է մայրաքաղաքում` 7, ամենաքիչը` Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում` մեկական: Զոհեր և տուժածներ չկան: Բոլոր փլուզումները տեղի են ունեցել բնակելի շենքերում, շինություններում:

 

Այլ դեպքեր

2017-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է 10 ուժեղ կարկուտ, 8 ուժեղ քամի, 4 ջրահեղձում, ջրային հաղորդակցման ուղիների 4 վթար, կենսաապահովման կոմունալ համակարգերի 3 վթար, 2-ական քարաթափում և կայծակնահարում, մեկական պայթյուն, անասնահամաճարակ, երաշտ և այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ