Գլխավոր Նորություններ ԿԱՊԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ԿԱՊԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

2500
Տարածել

Ամենայն հարգանաց արժանի փ/ծ փոխգնդապետը

Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի դիմագիծը կերտողներից և ՀՓՋ-ի ձևավորման հիմքում կանգնած հին կադրերից մեկն է հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Դավիթ Ասատրյանը: 18 տարի առաջ է մուտք գործել ոլորտ, երբ Արցախյան գոյամարտից մի քանի տարի անց  քաղաքը նոր-նոր փորձում էր ուշքի գալ արկակոծումների հետքերից… «Կապանը տեսել է պատերազմական օրեր. թշնամին 1 կմ հեռավորությունից՝ օդանավակայանի դիմացի տարածքից, գնդակոծում էր քաղաքը, ինքնաթիռներից  ռմբակոծում: Բազմաթիվ զոհեր ենք ունեցել, բնակիչները գիշերները լուսացրել են ապաստարաններում՝ պատսպարվել շենքերի նկուղներում,  բայց 90 տոկոսը չի լքել քաղաքը: Հրշեջ մեքենայի վրա էլ գնդակոծություններից մնացած բեկորների հետքերը մինչև օրս պահպանվել են»,- պատմում է Դավիթ Ասատրյանը և փաստում, որ այն տարիներին փրկարարական այնպիսի ռեսուրս, ինչպիսին այսօր է՝ չկար: Առաջին փրկարարական գույքը Կապանի ջոկատը ստացել է 2005-ին՝ «Արձագանք» ծրագրով, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել  փրկարարների շրջանում, քանի որ մինչ այդ ջոկատի բազայում միայն հին հրշեջ մեքենաներ էին: Այսօր արդեն ավելի պատրաստված են ջոկատի տղաները:

«Ամսական պլանով տարբեր կառույցներում, դպրոցներում, մանկապարտեզներում տակտիկական ուսումնավարժություններ ենք անցկացնում՝ առաջին բուժօգնության, երկրաշարժի, հրդեհի, հակառակորդի հարձակման թեմաներով, որոնց շնորհիվ հանրության տարբեր շերտերում նկատելի է տարբերությունը»: Ցանկացած գործի հաջողությունը ջոկատի ձեռքբերումն է: Հրամանատարը հպարտանում է ջոկատի տղաներով, իսկ իր մասին գովասանք չի սիրում, փոխարենը այդ բացը նրա ականջից հեռու լրացնում են ջոկատայինները:

«Դավիթ Ասատրյանը մեզ համար և՛ հրամանատար է, և՛ ընկեր, և՛ հարազատ՝ լինի դեպքի վայրում, թե աշխատվայրից դուրս, գիտենք՝ մեր կողքին է: Օժտված է մարդկային բարձր արժանիքներով, իր գործի մեջ էլ իսկական պրոֆեսիոնալ, օրինակելի հրամանատար: Հարկ եղած դեպքում օգնության է հասնում անվերապահորեն»,- նշում են Կապանի ՀՓՋ-ի տղաները, որոնք բոլորն անխտիր սիրում ու հարգում են իրենց հրամանատարին:

Դավիթ Ասատրյանը հարգանք է վայելում ոչ միայն ջոկատի, այլև հանրության շրջանում՝ իր երկարատև ու անմնացորդ աշխատանքի արդյունքում:

Նա իր աշխատանքային ուղին սկսել է 1999-ին: Թափուր պաշտոնի հավակնորդ էր ու նշանակվեց Կապանի ռազմականացված հրշեջ մասի պահակախմբի պետ, այնուհետև, 2003-ին կառույցի միավորումից հետո, Սյունիքի մարզային փրկարարական զորամասի շտաբի պետի պաշտոնին: 2004-ից առայսօր Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարն է, և արդեն յոթ տարի՝ է մեծ պատվով  կրում է փ/ծ  փոխգնդապետի կոչումը:

«Սիրել եմ ծառայությունը, համազգեստով պատկերացրել իմ կյանքը: Այն կրելը մեծ պատիվ է, առավել պարտավորեցնող և ոգևորիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես է հանրության շրջանում ավելի ու ավելի բարձրանում փրկարարի վարկանիշը»,- մեզ հետ զրույցում ոգևորությամբ ասում է Կապանի ՀՓՋ-ի հրամանատար Դավիթ Ասատրյանը:

Ընտանիքում արդեն հաշտվել ու հարմարվել են հոր պատասխանատու ծառայությանը. օրերով տնից բացակայելը, գիշերվա ամենաուշ ժամին դեպքի վայր մեկնելը սովորական է դարձել Ասատրյանների ընտանիքի անդամների համար, բայց չի մարել անհանգստությունը, քանի որ գիտեն՝ միշտ չէ, որ հաջողվում է շրջանցել վտանգը:   Այս տարի Քաջարանի կոմբինատում հրդեհից փլվել էր ավտոտնակի պատը, և ջոկատի տղաների հետ հավասար դեպքի վայրում աշխատող հրամանատարը մնացել է փլվածքի տակ, ջարդել ոտքը: Մոտ 1,5 ամիս ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է իր գործին: «Փրկարարի գործը վտանգավոր է, չենք իմանում, թե վտանգը որտեղից է գալիս»,- ասում է մասնագիտությամբ  ավտոինժեներ հրամանատարը և պատահական չի համարում, որ ջոկատի ամբողջ տեխնիկան միշտ սարքին վիճակում է:

Դավիթը երկու տղա ունի, մեծ որդին՝ Սուրենը, Արցախում առաջնագծում ծառայելուց հետո արդեն վերադարձել է Երևանի պետական  բժշկական համալսարանի ուսանողական իր կյանքին, փոքր որդին՝ Էրիկը, դեռ դպրոցական է և չի կողմնորոշվել, թե ինչ ուղի պետք է ընտրի ապագայում: Դավիթի կինը՝ Անուշ Սողոմոնյանը, որը դպրոցում գրադարանավարուհի է աշխատում, գիտակցումով է մոտենում ամուսնու ընտրած բարդ ու պատասխանատու գործին և ամեն հարցում աջակից լինում:

Դավիթ Ասատրյանն արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, «Անվեհեր փրկարար» մեդալի, Ռուսաստանի փրկարարների միության համառուսական» ՀԿ-ի կողմից պարգևատրվել  «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, վերջերս էլ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ «15 տարի անբասիր ծառայության համար» հուշամեդալով: Սրանք երկարամյա աշխատողի ծառայության տարիների լուռ վկաներն են, որոնց առկայությունը ջոկատի հրամանատարին ամեն րոպե հուշում են գնահատված լինելու մասին, նոր փորձություններից առաջ ոգևորում և առաջ մղում: Փորձառու հրամանատարը պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն, բայց ցանկանում է, որ իր ժողովուրդն այլևս պատերազմ չտեսնի, իսկ իրենց կարողությունները պետք գան միայն խաղաղ պայմաններում: