Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Գերակշռում են բուսածածկ տարածքների հրդեհները

Գերակշռում են բուսածածկ տարածքների հրդեհները

399
Տարածել

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է ավելի քան 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Հրդեհների մեծ մասը բուսածածկ տարածքներում է գրանցվել. Լոռու մարզ. Օձուն գյուղի հեռուստաաշտարակի մոտակայքում մոտ 1,2 հա, Մեծավան գյուղում՝ 2 հա, Լալվար գյուղում՝ 8 հա, Սյունիքի մարզ. Շուռնուխ գյուղում՝ 10 հա,  Նորաշենիկ գյուղում՝ 5 հա, Տորունիք գյուղում՝ 1 հա, Սյունիք գյուղում՝  5 հա, Տավուշի մարզ. Իջևան քաղաքում՝ 1,5 հա, Աչաջուր գյուղում՝ 2,5 հա, Բարեկամավան գյուղում՝ 40 հա, Արագածոտնի մարզ. Վերին Բազմաբերդ գյուղում՝ 7 հա, Կոտայքի մարզ. Եղվարդ քաղաքում՝ 19 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 18 հա, Կամարիս գյուղում՝ 55 հա և այլն: Սյունիքի մարզի «Խուստուփ» արգելավայրի հրդեհի մասին՝ էջ 5, Երևանի «Նաիրիտ» գործարանի  հրդեհի մասին՝ էջ 1-2:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Ավան, Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների և Կոտայքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 10 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մեքենաներն են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Դավիթաշենի փրկարարներն ահազանգ են ստացել, թե փողոցներից մեկում արծիվ է ընկել: Փրկարարները վիրավոր արծվին հանձնել են Կենդանաբանական այգու անասնաբույժին: Էրեբունու փրկարարները կեսգիշերն անց ահազանգ են ստացել, թե Սարի թաղի տներից մեկի բնակչի մատանին մատից դուրս չի գալիս: Փրկարարները 27-ամյա աղջկա մատից հանել են մատանին: Նույն վարչական շրջանում ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, թե  Նոր Արեշ թաղամասում մի կատու բարձրացել է շինության պատի վրա և չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարներն իջեցրել են կատվին:

Սյունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մեղրի քաղաքում խոշոր եղջերավոր անասունը հայտնվել է առվի մեջ և չի կարողանում դուրս գալ: Հրշեջ-փրկարարներն անասունին դուրս են բերել փոսից: Նույն մարզի փրկարարները նույն օրվա կեսօրին և երեկոյան քարերից ու վնասված ջրագծի բերած ջրաբերուկներից մաքրել են Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատված:

Գեղարքունիքի փրկարարները կեսգիշերին  ահազանգ են ստացել, թե մարդատար մեքենան խափանվել է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին: Հրշեջ-փրկարարները վարորդին և 4 ուղևորի (1 կին, 1 երեխա, 2 տղամարդ) գիշերելու նպատակով տեղափոխել են Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատ: