Գլխավոր Նորություններ Բարձր ջերմաստիճաններ. կանխարգելում

Բարձր ջերմաստիճաններ. կանխարգելում

479
Տարածել

Մարդու մարմնի ջերմակարգավորման վրա ազդող գործոններն են. սնվել-թերսնվելը, ջրազրկումը, վնասվածքները, տարիքը: Մարմինը, մեկ անգամ ենթարկվելով ծայրահեղ ջերմաստիճանների ներգործությանը, դրանց նկատմամբ դառնում է խոցելի: Միջավայրի բարձր ջերմաստիճանի դեպքում մաշկի արյունատար անոթները լայնանում են և մեծ քանակի տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը, քրտնարտադրությունն ուժեղանում է, հաճախանում է անոթազարկը, արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին:

Բարձր ջերմաստիճանից առաջացած արտակարգ և հիվանդագին իրավիճակները հնարավոր է կանխել: Մասնավորաբար.

  • Պաշտպանեք գլուխը արևի ուղիղ ճառագայթներից՝ գլխարկով կամ հովանոցով:
  • Հնարավորինս խուսափեք օրվա ամենաշոգ ժամերին բաց օդում գտնվելուց, իսկ եթե բաց օդում եք աշխատում՝ ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արևի ակտիվությունն այնքան էլ ուժեղ չէ:
  • Հաճախակի ընդմիջումներ կատարեք: Սա թույլ կտա վերականգնել մարմնի նորմալ ջերմաստիճանը և դիմակայել ծայրահեղ ջերմաստիճանին:
  • Հագնվեք եղանակին համապատասխան: Բաց գույնի հագուստն անդրադարձնում է արևի ճառագայթները:
  • Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ: Սնվեք կանոնավոր և լիարժեք: Մի օգտագործեք ալկոհոլ պարունակող խմիչքներ: Ալկոհոլի օգտագործումից արյունատար անոթները լայնանում են: Բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով զարգացող հիվանդագին վիճակներն են արևահարությունը, ջերմային ցնցումները, ջերմային հյուծումը, ջերմային հարվածը: Այս մասին՝ հաջորդիվ: