Գլխավոր Նորություններ Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ1938-2017

Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ1938-2017

571
Տարածել

 

Թող փակուղին միշտ լինի, թող միշտ լինի, փակուղին քանդելու տառապանքը: Թող քանդվի և նորից կանգնի, քանդվի և նորից կանգնի… Որովհետև, եթե լրիվ քանդվեց, դեմ կառնես մեծագույն փակուղուն, որ չգիտես որտե՞ղ է, ի՞նչ է, կա՞, թե՞ չկա, արժե՞ կռվել նրա դեմ, թե՞ չարժե, ինչո՞ւ է պետք կռվել և ինչո՞ւ պետք չէ… Եվ արդյոք իզուր չե՞ն եղել քո հաղթանակները մյուս բոլոր փակուղիների դեմ…

 

***

Սու՛տ է, աշխարհում չկա մի բան, հանուն որի կարելի է մարդ սպանել: Չկա մի գաղափար, որի անունից թույլատրելի է զոհել մարդու կյանքը: Չկա մի մեծ նպատակ, որի համար արժե մարդուց խլել ապրելու իրավունքը: Եվ որքան մեծ են գաղափարն ու նպատակը, այնքան էլ պետք է բացառվի սպանության հնարավորությունը: Իսկ եթե սպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, ուրեմն, գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն, ինչ-որ բան էն գլխից կարգին չէ….

 

***

Չէ, չի սիրել արքային: Բայց ոչ էլ ատել է: Պարզապես նրա կարիքն է զգացել: Ո՞վ է կրակը սիրում կամ ատում: Կրակը պետք է սառած մարմինը տաքացնելու համար: Ո՞վ է ատում կամ սիրում ջուրը: Ջուրը պետք է խեղդող ծարավը հագեցնելու համար: Նույնն էլ՝ այս մարդը, առանց նրա անհնար է ապրել:

***

— Ի՞նչ է դուրս գալիս, եղբոր որդի: Ոչ միայն չարիք, այլև բարիք գործելու համա՞ր էլ բռունցք է պետք:

— Մի տարբերությամբ, արքա,- չգիտես ինչու, նենգորեն ժպտաց Գնելը:- Բարիք գործելու դեպքում է՛լ ավելի ուժեղ բռունցք է անհրաժեշտ:

Այսինքն, նա [Մուշեղ Մամիկոնյանը] շարունակում է իր նախնիների նույն սխալը գործել: Անազնվության դեմ կռվում է ազնվությամբ, միամտաբար կարծելով, թե այդ հակասության մեջ է հայի ուժը: Մինչդեռ դա մեր թուլությունն է, սպարապետ: Վկա՝ ես ու դու, Անհուշ բերդը, իմ շղթաները և քո պաճուճապատանքը… Առնականության պակասն է խանգարում բոլորիս… Ատելության անկարողությունը… Մարդկայնության գերառատությունը… Բարոյական հաղթանակների աստվածացումը…