Գլխավոր Նորություններ ՀՐՇԵՋ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

658
Տարածել

Այս ամառվա անբնական շոգը անտառային հրդեհների պատճառ դարձավ  բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիա, Իտալիա, Պորտուգալիա, Ալբանիա, Հունաստան, Ուկրաինա, Ռուսաստան և այլն: Նաև՝ Հայաստան և հարևան Վրաստան:

Oգոստոսի 23-ին՝ կեսգիշերից քիչ անց, ԱԻՆ-ի հրշեջ մեքենաներն ուղևորվել են Վրաստան։

Սադախլոյի անցակետում մեր հրշեջ-փրկարարներին դիմավերել են Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները և ուղեկցել Բորժոմի։ Հրդեհը բռնկվել է օգոստոսի 20-ին՝ Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում՝ Դաբա գյուղի մոտ: Կրակն արագորեն տարածվում էր դեպի այլ բնակավայրեր՝ Մբա, Քվինբիսի, Ծեմի, Սադղերի, Ծաղվերի: Վրաստանը միջազգային օգնություն խնդրեց, և առաջիններից մեկն արձագանքեց Հայաստանը՝ Վրաստան ուղարկելով 57 հրշեջ-փրկարարի՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ, որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունների համակարգող շտաբ: Մեր փրկարարները դեպքի վայր են հասել օգոստոսի 22-ին և հաջողությամբ աշխատում են իրենց հատկացված տեղամասում: Ձևավորվել է միջազգային արդյունավետ համագործակցություն, տարբեր երկրների փրկարարներն աշխատում են հերթափոխներով՝ 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:

Մեր փրկարարներն աշխատում են իրենց հատկացված տեղամասում, նախ իրականացրել են հետախուզություն, այնուհետև անցել հրդեհաշիջման աշախատանքին:

Հրդեհի վայրում աշխատող բոլոր փրկարարներին է այցելել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նկատել. «Հենց այս պահին է երևում, թե որքան սրտացավ ու անկեղծ ընկերներ ունի Վրաստանը»:

Վրաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել նաև Գերմանիան, Ռումինիան, Հունաստանը, սակայն դրա կարիքն արդեն չկա: Եղած ուժերը բավարար են. 1500 մարդ, տասնյակ միավոր տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ և օդանավեր: