Գլխավոր Նորություններ ԿՐԱԿՎԱԾ ԱՆՏԱՌԸ

ԿՐԱԿՎԱԾ ԱՆՏԱՌԸ

809
Տարածել

5-օրյա պայքար Արտավանի հրդեհի դեմ

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի հարևանությամբ այրվում էր խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, բայց երեք ժամ անց փրկարար ուժերին միացել էր ևս 2 օպերատիվ խումբ՝ 3 մարտական հաշվարկ: Քամին արագորեն տարածում էր հրդեհը՝ դժվարացնելով հրդեհաշիջումը, ուստի նոր ուժեր ներգրավվեցին գործին. 5 մարտական հաշվարկին միացան փրկարարական ուժեր Երևանից, Կոտայքից, Արարատից, մոլեգնող կրակի դեմ պայքարում էին նաև զինվորականները, ոստիկանության, անտառտնտեսության, բնապահպանական պետտեսչության, մարզպետարանի աշխատակիցներ, հարակից գյուղերի 100-ից ավելի բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվեց նաև ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը: Ընդամենը փոքր տարածք ընդգրկող հրդեհը զարգանում էր րոպե առ րոպե: Նախօրեին 20-30 հա տարածք ընդգրկող հրդեհը լուսադեմին արդեն հատում էր 230 հա-ի սահմանը: Բռնկվել էր նաև 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով մի քանի ժամ հոսանքազրկվել էր Արտավան գյուղը: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել էր դեպքի վայր, ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացրել և ղեկավարել մարման աշխատանքների ընթացքը: «Վերջին 20-25 տարվա ընթացքում նման ծավալի հրդեհ չէր գրանցվել: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար որոշակի տեխնիկայի պակաս է եղել, որը լրացվել է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Մեր խնդրանքով տրամադրվել է 2 բուլդոզեր, որոնց միջոցով իրականացվեցին հողային աշխատանքներ, ինչի արդյունքում հնարավոր եղավ փրկել 2,7 ք/կմ տարածք ընդգրկող խիտ անտառ»,- նշեց Դավիթ Տոնոյանը:

Հրդեհաշիջման համար օգտագործվել են Հերհերի ջրամբարի ջրային պաշարները: Ստեղծվել էր օպերատիվ շտաբ, որը ղեկավարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Հրդեհի դեմ պայքարը տարբեր ճակատներից շարունակվում էր նաև հաջորդ օրերին: Վերջապես, 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12-ի սահմաններում հրդեհը մեկուսացվեց: Caterpillar հատուկ տրակտորներով փորվեցին բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով, իսկ օգոստոսի 16-ին ժամը 9:24-ից հրդեհը լիովին մարվեց: «Նման մասշտաբի, բնակլիմայական բարդ պայմաններում գրանցված հրդեհ դեռ չէինք ունեցել: Աշխատանքներին ներգարվվել էին մարզի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներից 92 աշխատակից, արտակարգ ռեժիմով աշխատում էինք գիշեր-ցերեկ: Հրդեհաշիջումն իրականացվում էր խիստ դժվարամատչելի պայմաններում, որտեղ տեխնիկա չէր բարձրանում, ձեռքով էինք ջուր հասցնում, չոր խոտածածկ տարածքները քամու արագությամբ վայրկենապես բռնկվում էին: Հատվածներ կային, որ կարող էինք մարդկանց խմբեր ուղարկել, բայց նրանց անվտանգությունն ապահովել չէինք կարող: Պատկերացրեք, անտառն այրվում էր ինչպես ներքևից (որին նպաստում էր չոր խոտը), այնպես էլ վերևից: Գիհիները թղթի պես վայրկենապես այրվում էին: Նույնիսկ գերտերությունների համար նման տեսակի խոշոր հրդեհներ մարելը խնդրահարույց է»,- օգոստոսի 16-ին մեզ հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը և տեղեկացրեց, որ հրդեհը լիովին մարվել է, առավոտյան անտառի մի հատվածի վրա էլ մոտ 30 րոպե անձրև է տեղացել. «Հրդեհի ժամանակ բոլոր աջակից ուժերով տեսանք ի հայտ եկած թերությունները, բոլորիս համար «լավ առիթ» էր դասեր քաղելու և հետևություններ անելու համար»:

Ողջ ընթացքում հրշեջ-փրկարարները օպերատիվ հսկողություն էին իրականացնում, վտանգավոր օջախների մարումից և կրակի հետագա տարածումը կանխելուց հետո անցնում առավել մանր օջախների մարման աշխատանքներին: Վայոց ձորի մարզում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարարներ և 9 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա:

«Ամբողջ գյուղն էր ոտքի կանգնել, նման հրդեհ ոչ ոք չէր տեսել: Բարեբախտաբար, հաջողվեց մարել կրակը, այսօր ծխացող օջախներ արդեն չկան: Արտավանցիները, գյուղի արտերն ու տնտեսությունները չեն տուժել»,- մեզ հետ զրույցում ասաց Արտավանի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը:

Ըստ հաշվարկերի՝ Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ:

Հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս։ Այս մասին հայտարարելեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, արձանագրել, որ այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ. «Նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ»: Բնապահպաններն էլ հիշեցնում են՝ Արտավանի տարածքը համարվում է կովկասյան ընձառյուծի և բեզուարյան այծի միգրացիոն ճանապարհը, և հույս հայտնում, որ բռնկված հրդեհների պատճառով վայրի կենդանիները և թռչունները կարողացել են փրկվել և տեղափոխվել հարակից անվտանգ շրջաններ:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտավան գյուղում հրդեհը բռնկվել էր հանդամաս գնացող գյուղացիներից մեկի հին ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Գյուղացին իր անչափահաս որդու հետ կրակը նկատելով՝ փորձել է հանգցնել, բայց չի կարողացել, ինչից հետո օգնության են հասել հրշեջ-փրկարարները, գյուղացիները և այլ օգնող ուժեր: Բայց կրակն արդեն սկսել էր խժռել անտառը…

 

Արտավանի հրդեհը

դեռ չմարած…

Կրակի ճիրաններում հայտնվեց Խոսրովի արգելոցը: Օգոստոսի 12-ի կեսօրին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ արգելոցի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր էին մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար: Շուտով հրշեջ-փրկարարներին միացան նաև զինվորականները, ոստիկանության, անտառտնտեսության աշխատակիցները, մոտակա գյուղերի բնակիչները, կամավոր խմբեր, գործի դրվեց նաև ավիացիան: ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջման աշխատանքներ կատարեցին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարները: Արգելոցի տեղամասերում ԱԻՆ-ի, զինված ուժերի, ոստիկանության, բնապահպանության նախարարության շտաբեր տեղադրվեցին, որտեղ աշխատակիցները հերթափոխով շարունակում էին մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 150-ից ավելի փրկարարական ծառայող և 6 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ և զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող, անտառտնտեսության 50, բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր և հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «ԻնտերԱկվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ: Երեք օր հրշեջ-փրկարարներին և աջակցող ուժերին չէր հաջողվում մարել հրդեհը: Քամին իր հերթին թեժացնում էր կրակը: Նեղ կածանները, ժայռապատ, դժվարամատչելի բարձունքները բարդացնում էին աշխատանքը: Մինչև 2300 մ բարձրությամբ ձգվող լեռներում մոլեգնող կրակի օջախներին հրդեհաշիջող մեքենաները չէին հասնում, մարմանը մասնակցող բոլոր ուժերը նույնիսկ անձրևի պայմաններում տարաներով, ուսապարկերով փորձում էին հնարավորինս շատ ջուր հասցնել այրվող տարածքներ: Կրակի մարման աշխատաքներին մասնակցում էին ավելի քան 1000 մարդ:

Ըստ ԱԻՆ-ի պատասխանատուների, օգոստոսի 12-ին հրդեհի ծավալը փոքր էր, և հույս կար, որ հնարավոր կլիներ սեփական ուժերով չեզոքացնել այն: Բայց տևական տապից չորացած և խոտհունձ չտեսած անտառում քամու օգնությամբ հրդեհը մեծ մասշտաբի հասավ, և հնարավոր չեղավ կրակը մարել սեփական ուժերով: Իրավիճակից ելնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 14-ին դիմեց իր ռուս գործընկերոջը՝ ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող օդանավ տրամադրելու խնդրանքով: Արձագանքը չուշացավ: Ժամեր անց աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավը՝ «ԻԼ-76»-ը, վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Այն մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է բաց թողնել ավելի քան 42 տ ջուր՝ ձևավորելով 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան, երբ հրդեհի պարագիծն արդեն մոտ 16 կմ էր, օդանավն իրականացրեց 6 թռիչք և հնարավոր եղավ որոշակիորեն կանխել կրակի տարածումը: Հնգօրյա պայքարից հետո վերջապես հաջողվեց մարել հրդեհի հիմնական օջախները: Սկսվեցին հետմարման աշխատանքները: Օդանավը շարունակում էր թռիչքները նաև հաջորդ օրերին:

«Այս պահի դրությամբ գտնվում ենք «Կարմիր քարի» հարակից հատվածի բարձրադիր դիտակետում, որտեղից ծխացող օջախները հերթով մարելով շարժվում ենք առաջ: Այսօր ժամը 15-ի դրությամբ 30-40 ծխացող ծառ արդեն հանգցրել ենք: Հարկ եղած դեպքում ծառը արմատից կտրում ենք, ջրով շիջում ու հողով թաղում: Այժմ սպասում ենք՝ լրացուցիչ ուժեր գան՝ ջրալիցքավորման սրսկիչներով: Բարձրաբերձ տեղանքում տղաները ոտքով են լեռն ի վեր ջուր հասցնում ու հատ առ հատ մարում ծխացող օջախները»,- օգոստոսի 19-ին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը: Կրակից հատկապես տուժել են գիհիները, որոնք եթերային յուղի, խեժի մեծ պարունակություն ունենալով` արագ բռնկվում էին և այրվում արագորեն: Նախնական տվյալներով՝ արգելոցի տարածքում այրվել է 200 հա գիհուտ, 900 հա կաղնուտ և 1600 հա խոտածածկ տարածք:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ արգելոցին հասցված վնասը չափազանց մեծ է. «Պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար: Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած՝ բազմապատկվում է 5-ով: Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին՝ վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա:

Մյուս կողմից՝ գիհին իր կենսամիջավայրում ապահովում է առանձին կենդանատեսակների գոյությունը, ինչպիսին, օրինակ, սև անգղն է, որը գրանցված է Կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում»:

Արգելոցում բռնկված հրդեհի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, պարզելու համար, թե ինչպե՞ս և ո՞ւմ մեղքով բռնկվեց հրդեհը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տարածել
Նախորդ հոդվածԽՈՐՔԵՐ
Հաջորդ հոդվածՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ