Գլխավոր Նորություններ ԽՈՐՔԵՐ

ԽՈՐՔԵՐ

544
Տարածել

 

Ընդունված է, պետք է ասել, որ, այո, դաստիարակել հնարավոր է, սակայն արդեն ավելացնելով՝ տարբե՛ր «ուղղություններով»: Բացի դրանից, «դաստիարակել» ասելիս մենք միշտ սևեռվում ենք ենթադրական դաստիարակողի վրա՝ գրեթե միշտ մոռանալով իրական «դաստիարակվողին»:

Ահա այսպիսի բարդություններ:

Ասե՞լ, որ նույնիսկ Հավատի դեպքում է այդպես: Պատմության մեջ դարեր կան, որոնք ծփում են հավատով, բայց կան նաև այնպիսիք, որոնց անհավատության բեռը տանելը, կարծես, վեր է եղել մարդու ուժերից: Նման դարերին հեռվից նայելիս զարմանալ կարելի է՝ ինչպե՞ս են դիմացել: Իհարկե, պայմանական ՊԱՏԿԵՐ է սա, ինչպես, ի դեպ, բոլոր պատկերները, որոնք մարդն է ստեղծում: Մեկ արդարացում կա. մարդը դա ինքնանպատակ չի անում: Անում է, այսինքն, մասնավորապես, պատկերներ է գծում, որովհետև փորձում է հասկանալ: Իսկ փորձում է հասկանալ, որովհետև բանական արարած է: Մի՞թե պիտի պնդենք, որ բանականությունը տրված է միայն ու միայն ՈՒՐԻՇԻ կամ ՈՒՐԻՇՆԵՐԻ գծած պատկերներն անվերապահորեն ընդունելու և ամեն կերպ դրանք սեփական ես-ին հասկանալի դարձնելու համար:

Ապա՝ մի շատ կարևոր երանգ. գուցե բանական արարած մարդը հենց այդպես էլ վարվեր, եթե առհասարակ զերծ լիներ վտանգի զգացումից:

Վտանգից պաշտպանվելը, պաշտպանված լինելը բնազդական, ենթագիտակցական «պահանջմունք» է: Այսինքն՝ կարիք է, կարիքներից մեկն է, ամենաառաջնայինն է:

Բնական հարց է ծագում, որը գտնվում է մեր զրույցի շրջանակում. կարելի՞ է դաստիարակությամբ անվտանգության զգացողություն ստանալ: Թե՞ դա պետք է անել այլ ճանապարհով:

Կա՞, կարո՞ղ է լինել այնպիսի դաստիարակություն, որն այս կամ այն ԿԱՐԻՔՆ առաջացնի կամ արթնացնի «մեր ուզած» կարիքը: Դժվար է ասել: Շատ ավելի հեշտ է ասելը, թե հավատը նույնպես ծագում է այնտեղ, որտեղ դրա կարիքը կա:

Հանգում ենք այն կետին, որը պարտադրում է հասկանալ ահա սա. հավատն անմիջականորեն կապված է հենց այն հասկացության հետ, որը մենք, ըստ այս խոսքի տրամաբանության, պետք է անվանենք անվտանգություն:

Նորից հիշենք, որ բարոյականությունները տարբեր են, ուրեմն՝ տարբեր են նաև «անվտանգության մասին պատկերացումները». սա շատ պարզ բան է. մեկը կարող է թաքնվել, մեղմ ասած, անվտանգության իր պատկերացումներից ելնելով, իսկ մյուսը՝ հարձակվել ու սպանել…

Այս ամբողջ «աշխարհային խառնաշփոթից» փոքր-ինչ գլուխ հանելու համար հիշելու, լավ հիշելու մեկ այլ բան էլ կա. մարդը դեռ չի սովորել, լինելով ՈՒՐԻՇԸ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԼԻՆԵԼ: Այդպիսին չլինելու համար ջանք է հարկավոր, գուցե՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋԱՆՔ: Այդ ջանքին օգնելու նպատակն են ունեցել առանձին ՄԱՐԴԻԿ, առանձին մարդկային խմբեր, առանձին…

Աշխարհի բազմազանությունը, աշխարհի միակամությունը, աշխարհի բարոյականությունը, աշխարհի վտանգը, աշխարհի հարցերը, պատասխանները, աշխարհի պարտադրանքը…

Եվ մարդը՝ բանական ու բազմազան արարած:

Ի՞նչ կերպարանք կարող է ունենալ բազմազանի ջանքը: