Գլխավոր Նորություններ «ԽՈՍՐՈՎԻ» ՀՐԴԵՀԸ ՍՈՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՉԷՐ

«ԽՈՍՐՈՎԻ» ՀՐԴԵՀԸ ՍՈՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՉԷՐ

529
Տարածել

Գիհին սովորական ծառ չէ, որ ջուր լցնեիր՝ հանգչեր

Հարցազրույց արգելոցի հրդեհաշիջմանը մասնակից, հին հրշեջ, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ

Պավել Գյոզալյանի հետ:

— Դուք հին հրշեջ եք, հրդեհաշիջման մասնագետ: Մենք տեխնիկական հագեցածության պակաս ունեի՞նք:

— Տեխնիկական հագեցածության պակաս միշտ էլ լինելու է: Արտակարգ մի իրավիճակում այն դրական արդյունք է տալիս, մեկ այլ դեպքում՝ ոչ: Բարձրլեռնային պայմաններում տեխնիկան չի աշխատում, ձեռքի ուժով, այդ պահին հնարավոր բոլոր միջոցներով են փրկարար տղաները պայքարում հրդեհի դեմ: Սա սովորական հրդեհ չէր, անսովոր ու առանձնահատուկ էր:

— Անսովոր ու առանձնահատո՞ւկ: Ինչո՞ւ:

— Անտառներում սովորաբար տերևներն ու չորուկները որ թափվում են, տարիների ընթացքում խիտ շերտով առաջանում է տորֆային զանգված, և երբ կրակը թափանցում է դրա տակ, գոյանում է մխացող, թաքնված հրդեհ, որը հանգցնելու համար բավական ջուր է պահանջվում: Բայց քանի որ այնտեղ բարձրլեռնային անանցանելի տարածքներ են և մեքենա էլ չի կարող անցնել, հրդեհաշիջումն ավելի է դժվարանում: Միայն անձրևը կարող է իրավիճակ փոխել, սակայն կարող է և չմարել կրակը, քանի որ անձրևի կաթիլների մի մասը կլանում է ծառի սաղարթը, խոնավությունը չի հասնում հողի տորֆային զանգվածին: Մեծ քանակի ջուր է հարկավոր թաքնված հրդեհի օջախը մարելու համար, ինչը տեխնիկապես հնարավոր չէ ապահովել՝ թեկուզև գետ էլ անցնի կողքով: Օջախները պետք է հայտնաբերվեն և մարվեն հողը քանդելով, ինչը բավական դժվար է և ձեռքի երկարատև աշխատանք է պահանջում: Լինում էր, որ ծխի օջախները երեկոյան արդեն չկային, առավոտյան տասնյակներով ծխացող օջախներ էինք հայտնաբերում: Ի՞նչ էր կատարվում: Տորֆային զանգվածը քամու տատանումներից մերթ այրվում է, մերթ մարում, մանավանդ գիհու արմատներին մոտ: Ինձ համար նորություն էր. գիհին բենզինի նման դյուրավառ է, քարածխի նման կարծր, երկար է կրակը պահում, ջուրը լցնում ես վրան, չի հասնում շիկացած փայտին: 5-6 հրշեջներով մի ծառով էին զբաղված: Կացնով քերում էին այրվող շերտը, քանի որ ծառն այրվում էր ներսից: Ծխացող քոթուկը կտրում էին ծառից, թաղում հողանման զանգվածում (միշտ չէր, որ հասնում էինք մայր հողին), ժամանակ անց նորից շարունակում էր մխալ, հաճախ նաև բռնկվում: Այս դեպքում արդյունք չի տալիս նաև օդային հրդեհաշիջումը: Թափվող ջուրը սաղարթով կարող է սահել և անօգուտ կորչել: Այս առումով «Խոսրովի» հրդեհը չափազանց բարդ էր հրշեջների համար: Թաքնված հրդեհները մարելու համար արգելոցում հերթապահություն է սահմանված փրկարարների և անտառտնտեսության ուժերով:

— «Խոսրովում» հնարավո՞ր է ջրհորներ փորել՝ հրդեհային իրավիճակներում օգտագործելու համար:

— Կարող ենք անտառով հոսող Վեդի գետի հունը փոքր-ինչ փակելով՝ մեքենաների համար ջուր վերցնելու հնարավորություն ստեղծել: Բայց մի քանի տոննա ջրային տարողությամբ մեքենան ինչպե՞ս ենք լեռնային տեղանքներով հասցնելու հրդեհի օջախներ: Մեր ամենագնացները հազիվ են հաղթահարում վերելքները:

— Նման պայմաններում հրդեհաշիջման համար ի՞նչ չունենք մենք, որ ունեն այլ երկրների փրկարար ծառայությունները: Այսպիսի պնդում էլ կա, թե ԱԻՆ-ը չունի անհրաժեշտը:

— Նրանք, ովքեր պնդում են, թե մենք անհրաժեշտ միջոցներ չունենք, խորհուրդ կտամ նախ ուսումնասիրել «Խոսրովի» տեղադիրքը, ռելիեֆն ու ասեն՝ ի՞նչ տեխմիջոցների մասին է խոսքը, որ կան, բայց մենք չունենք: Կրկնում եմ, «Խոսրովի» պայմաններում շատ բարդ է հրդեհաշիջում իրականացնել տեխմիջոցներով: Այն պետք է իրականացվի մարդկային ուժով՝ ձեռքի տակ եղած միջոցներով: Որոշակի բարձրություններ հաղթահարող մեքենաներ ունենք՝ «Մերսեդես» հրշեջ մեքենա՝ հազար լիտր ու քիչ ավելի ջրատարողությամբ, բայց այն կարողանում ենք որոշակի բարձրության վրա հասցնել, կանգնեցնել մի հարթ տեղում, ջուր մատակարարել շալակի սրսկիչների համար: Ոչ օդանավը, ոչ ուղղաթիռը բարձրլեռնային անտառածածկ տորֆային զանգվածով տարածքներում օգուտ չեն տալիս:

Հրդեհաշիջումը կատարվում է մարդկային ուժով: ԱՄՆ-ի փրկարարական զինվածությունը չունի և ոչ մի երկիր: Ինքս եմ տեսել. այնտեղ անտառային հրդեհների բարձրությունը մի քանի տասնյակ մետրի է հասնում: Հրշեջը չի կարող հասնել հսկա կրակին: Գործի են դրվում հատուկ ռոբոտներ, բայց նրանց համար էլ ճանապարհ է պետք: Ովքեր պնդում են, թե ԱԻՆ-ի տեխմիջոցները բավարար չեն, խորհուրդ կտամ ասել՝ ի՞նչ ունեն այլ երկրները, որը մենք չունենք:

— Ասում են՝ օդանավ չունենք…

— Աշխարհը գնում է այլ ճանապարհով՝ համատեղում են ուժերը հրդեհի դեմ պայքարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում համագործակցաբար պայքարեն կրակի դեմ: Ռուսաստանն, օրինակ, 2010-ին մի քանի տասնյակ պետություններից օգնություն խնդրեց անտառային հրդեհներից պաշտպանվելու համար: Նրանց օգնեցինք նաև մենք: Բորժոմիում այրվում են անտառները: Դիմել են հարևան երկրներին: Նրանց օգնում ենք նաև մենք: Ոչ մի երկիր, նույնիսկ ամենավերջին տեխհագեցածությամբ, գործնականում չի կարող միայնակ պայքարել անտառային հրդեհների դեմ: Մեր երկրում 10 տարին մեկ հրդեհներ են լինում: Օդանավը բերենք, կանգնեցնենք, գումարներ ծախսենք, որ 10-15 տարին մեկ անհրաժեշտության դեպքում օգտագործե՞նք: Ի՞նչ անենք, մենք վառենք անտառը, որ ասենք՝ օդանավն օգտագործեցի՞նք:

— Ասում են նաև՝ ինչո՞ւ ուշ դիմեցինք ՌԴ ԱԻՆ-ին:

— Որոշակի ժամանակ էր պետք, որպեսզի հետազոտվեր հրդեհի տարածվածությունը: Բարձրլեռնային պայմաններում ավիացիայի միջոցով դեռևս շիջում իրականացնելու փորձ քիչ երկրներ ունեն, նրանց թվում նաև Ռուսաստանը: Մի բան է 50-60 մ-ից ջուր լցնել հրդեհի օջախին, այլ բան է, երբ, վախենալով լեռներին բախվելուց, լցնում ես մի քանի հարյուր մետրից, ջուրը նախ ցրվում է՝ դառնալով անձրևի կաթիլներ, երկրորդը՝ գոլորշիանում է, և երրորդը՝ մի փոքր քամին շեղում է ջրաշիթն անհրաժեշտ ուղղությունից: Բարդ բան է օդային հրդեհաշիջումը: Մարդկանց հեշտ է թվում, ասում են՝ ավիացիան եկավ, թող հանգցնի, փրկարարը գործը լավ չարեց: Չեն մտածում, որ հրշեջն էլ միսուարյունից մարդ արարած է: Հրդեհի ջերմային ճառագայթման, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում ծանր աշխատանքը ջրազրկում է փրկարարին: Նա ժամը մեկ առնվազն մեկ լիտր ջրի կարիք ունի, որ ուժասպառ չլինի, կարողանա շարունակել կռիվը կրակի դեմ: Ջերմային ճառագայթումից պաշտպանող համազգեստներ կան, բայց շոգ եղանակին հրշեջն այն չի կարող հագնել… Եթե մեքենաները կարող են գետից լիցքավորվել, խմելու ջրի խնդիր էլ կա: Հրշեջը շալակով հրդեհաշիջման ջուրն է վերցնում՝ խմելունը: Մարդ են, ինչքա՞ն վերցնեն, որ կարողանան տեղաշարժվել, աշխատել: Եթե քննադատները մեկ անգամ կանգնեն փրկարարի կողքին, մասնակիցը դառնան նրա աշխատանքի, էլ չեն համարձակվի թերահավատորեն վերաբերվել նրան:

— «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ը հակահրդեհային բավարար միջոցներ ո՞ւնի, դրանք, ասենք, հրդեհաշիջմանը մասնակցել ցանկացող կամավորներին տրամադրելու համար: Ասում են՝ արգելոցը պետք պաշտպանված լիներ հակահրդեհային խրամատներով:

— Ասեմ, թե արգելոցի տնօրինությունն ամբողջությամբ պատրաստ էր նման հրդեհին՝ ճիշտ չի լինի, իսկ ասեմ, թե բոլորովին պատրաստ չէր, դա էլ սխալ կլինի: Հրդեհն այնպիսի մակերես էր ընդգրկել, որ ինչքան էլ փորձեին սեփական ուժերով մարել կրակը՝ չէին կարող: Վառվում էր 1000 հա-ից ավելի տարածք: Արգելոցը չէր կարող պատրաստ լինել նման մասշտաբի հրդեհին: Անգամ առանձին վերցված երկիրը պատրաստ չի կարող լինել, ուր մնաց ինչ-որ մի տնտեսություն, որը պետական հոգածության տակ է:

Երբ տևական ժամանակ տեղումներ չեն լինում, երբ օդի ջերմաստիճանը բարձր է 40-ից, երբ հողի մակերևույթին ջերմությունը մոտենում է 70-ին, առաջանում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, պետք է ձեռնարկվեն արգելոցի պահպանման հակահրդեհային, կանխարգելիչ միջոցառումներ՝ սահմանափակվի մարդկանց մուտքը, տարածքում արգելվի ցանկացած աշխատանք: Շաբաթներ անձրև չտեսած խոտը մի փոքր կայծից, արևի տակ թողած շշից, ապակու բեկորից, գերանդու՝ քարին զարկվելուց կարող է բռնկվել: Ես բարձրացել եմ գրեթե անհաս մի բարձունք և ի՜նչ հայտնաբերեցի՝ շիշ: Ինչպե՛ս էր շիշը հասել այդ տեղերը:

Ինչ վերաբերում է պաշտպանիչ խրամատներ փորելուն, ջրային գոտիներ ստեղծելուն: Նորից եմ ասում. ամեն տեղ չէ, որ տեխնիկան կարող է աշխատել: Սրանք լուրջ ծախսեր պահանջող միջոցառումներ են:

Պարզապես պետք է մեր մեջ ձևավորենք անվտանգության մշակույթ, մարդը պետք է ծայրահեղ անփույթ չլինի, մանավանդ բնության նկատմամբ:

Այս հրդեհը կապված է նաև կլիմայական փոփոխությունների հետ: 1980-ականներին այս մասշտաբի անտառային հրդեհներ չէին լինում: Սիբիրում, օրինակ, այդ ժամանակներում տայգան ամբողջովին ճահճուտի մեջ էր և հնարավոր էլ չէր, որ հրդեհվեր: Եթե մեկը ցանկանար վառել, էլի անհնար էր: Նկատենք, այսօր Սիբիրում անտառները վառվում են, ո՞ւր կորան ճահիճները, չորացել են, փոխվել է կլիման, և դրա հետևանքն անպայման անտառային հրդեհներ են լինելու: Մեր երկրում էլ նույնն է:

— Ի՞նչ անել անտառային հրդեհներից խուսափելու համար:

— Մնում է պահպանել հակահրդեհային վարքականոնները, խստացնել հսկողությունը, բացատրական աշխատանքներ իրականացնել, բնության գրկում հանգստանալիս մաքրություն պահպանել: Հիշեն, որ ջրով լի շիշը (դատարկ շիշը լցվում է նաև անձրևից) արևի շողից կարող է հրդեհ առաջացնել:

Այլ երկրներում ավելի հզոր հրդեհներ են լինում: Մեզ մոտ փշատերև անտառները շատ չեն: Նկատել եմ, որտեղ խառն անտառներ են, կրակը խեղճանում, առաջ չի գնում: Լայնատերև անտառները դժվարությամբ են այրվում և կարող են հրդեհից պաշտպանել փշատերևներին:

Խոսրովի հրդեհը սովորականներից չէր: Գիհին սովորական ծառ չէ: Համոզված եմ՝ սովորական փայտից գիհին երեք անգամ երկար է վառվում: Ցանկացած այսպիսի դեպքից հետո մասնագետները պետք է լուրջ վերլուծություն կատարեն՝ օգտագործելով նաև միջազգային փորձը: Գուցե այլ երկրներ արդեն ունեն գիհու հրդեհի դեմ պայքարի արդյունավետ հնարք-միջոցներ: Ասում եմ, սովորական հրդեհ չէր, որ ջուրը լցնեիր՝ հանգչեր: Այստեղ արդյունավետ աշխատեց ավիացիան, այն էլ՝ այնքան ժամանակ, որքան բաց կրակ կար: Բաց կրակից հետո ավիացիայի արդյունավետությունը նվազեց, որովհետև ջուրը գիհու վրա պահելով՝ արդյունք չէր տալիս:

— Ի՞նչ դասեր ունեք քաղելու այս հրդեհից:

— Դասեր մե՛նք չպիտի քաղենք, դասեր պիտի քաղի ամբողջ երկիրը: Ինչո՞ւ արգելոցի տարածքում հեռահաղորդակցության կապ չկա: Ինչ էլ ուզենք անենք, մեր ռադիոկայանները սարի հետևում էլ չեն լսվում: Արգելոցի տարածքում ջրային օազիսներ պետք է ստեղծվեն: Աշխատակիցները ձիով են շրջում, եթե կարողանան մի 20 լիտր ջրամաններով շրջել, մի տեղ հրդեհի վտանգ նկատեցին՝ կարող են հանգցնել: Առաջին պահին մեկ լիտր ջուրն ավելի մեծ գործ կարող է անել, քան հետագայում մի քանի հրշեջ մեքենան: Ամառվա տապին պետք է ուժեղացնեն հսկողությունն արգելոցում, բացառեն ելումուտը տարածք:

Կարծում եմ, հրդեհաշիջմանը մասնակցած սպաներից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իր դիտարկումներն ու նկատառումները, որպեսզի դրանց հիման վրա մշակվեն միջոցառումների ծրագրեր և ներկայացվեն իրագործման:

Կարծում եմ նաև, որ որոշակի միջազգային ծրագրեր իրականացնելիս պիտի փորձենք բերել ամենագնացներ՝ թեկուզև ոչ մեծ ծավալի ջրատարողությամբ:

Ճիշտ կլինի միջազգային խորհրդատվական խմբերի աջակցությամբ քննարկում կազմակերպել, որի մասնակիցները կլինեն «Խոսրովի» հրդեհի մարմանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներ: Մասնակցեն նրանք, ովքեր այս տեսակի հրդեհների մարման փորձ ունեն: Ես 34 տարվա փորձ ունեցող հրշեջ եմ, այս հրդեհից հետո պարզվեց, որ ամեն ինչ չէ, որ տեսել եմ: «Խոսրովի» հրդեհի առանձնահատկությունն ինձ համար բացահայտում էր, զարմանալի: Այս հրդեհից սովորելու շատ բան կա ու այդ գործին պետք է լծվեն երիտասարդ մասնագետները, որպեսզի կարողանանք պայքարել նման արտասովոր հրդեհի դեմ:

Հարցազրույցը՝ Գագիկ ԵՂՅԱՆԻ