Գլխավոր Նորություններ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

382
Տարածել

Հարձակում. հանկարծահաս ու անսպասելի

Բնությունն էլ իր բաժին կռիվն ունի էս աշխարհի ու մարդու հետ: Մարդը միշտ աչքի առջև, մտքի մեջ ու տեսադաշտում ունի այդ կռվի մանրամասները, նահանջն ու հակահարձակումը: Պատրաստ է ու մշտապես զգուշանում է, գիտակցում է, որ մի օր այդ կռիվն ընդունելու է, բայց չգիտի, թե հատկապես ո՞ր կողմից և ե՞րբ է հարձակումը լինելու, ինչպես չհայտարարված պատերազմն է: Այդպես էլ օգոստոսի 12-ին Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհն էր, որ վեճ ու հաշիվ մաքրելու պես չէր կամ սովորական կռիվ՝ առավելագույնը մի քանի կրակոցներով, այլ պատերազմ էր, բնության կրակե պատերազմը մարդու և նրա աշխարհի դեմ: Ինչպես 2016-ի ապրիլն էր, որ դիպուկահարների կրակոցներ կամ կրակահերթեր չէին դիրքից դիրք, այլ քառօրյա պատերազմ՝ անակնկալ, հանկարծահաս, անսպասելի: Պատրաստ էինք, բայց չգիտեինք, թե որ պահին և երբ է տեղի ունենալու հարձակումը: Այդպես էր նաև Խոսրովում՝ փրկարարների ընդունած պատերազմը բնության ահեղ տարերքներից մեկի՝ կրակի դեմ: Կրակի տակ մոխրացած տարածքները չորս օրում ետ գրավեցին փրկարարները, այստեղ էլ, ցավոք, զոհերի` այս դեպքում խոտածածկ ու անտառապատ տարածքների գնով:

 

Վրանային փոքրիկ քաղաք

Առավոտյան ժամը 6-ին, ամռան լուսաբացի միջով, Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի (ՀՓՋ) բակից «Մերսեդես» և «Նիվա» մակնիշի մեքենաները՝ բեռնված օրվա համար անհրաժեշտ գույք ու հանդերձանքով, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի ղեկավարությամբ ուղևորվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ գիշեր ու զօր հերթապահող փրկարարների ճամբարատեղի: Ճանապարհին կարճատև կանգառ են կատարում մեքենաները Վեդիի ՀՓՋ-ի բակում, դեղձ ու խնձորի արկղերով ու դարձյալ փրկարարական անհրաժեշտ պարագաներով, հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանի «Վիլիսն» է միանում, իսկ քիչ հետո, արդեն զառիթափ ճանապարհահատվածին՝ երկու «Գազ-66» հրշեջ մեքենաները, և ամբողջացած շարասյունը խճապատ, տեղ-տեղ քարափակող ու ոլորան ճանապարհով մուտք է գործում արգելոց: Ճամբարատեղին փոքրիկ վրանային քաղաքի է վերածվել՝ շուրջօրյա հերթապահություն իրականացնող հերթափոխներով: Փրկարարները շարք են կանգնել դեռ վաղորդայնի ցողից թաց դարավոր ծառերի տակ և լսում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի հրահանգներն ու ցուցումները: Ստանում են 8 և 10 լիտրանոց հրդեհաշիջման կարմիր բալոններ՝ տեղադրելով ուսապարկերում, ջուր սրսկող՝ շալակի ապարատներ, բահ, կացին, սղոց ու պարան և «Գազ-66» մեքենաներով ու ամենագնացներով ուղևորվում արգելոցի խորքերն ու բարձրադիր վայրերը, մասնավորապես՝ «Կարմիր քարի» շրջակայքը, հրդեհի դեռևս չմարած փոքրիկ օջախները հայտնաբերելու և մարելու առաջադրանքով: Ուղղաթիռը նույնպես փրկարարներ է տեղափոխում՝ հասցնելով արգելոցի ամենաբարձր կատարները:

 

Նախարարը կապի մեջ է

Հրդեհաշիջման 7-րդ օրն է, իրական հրդեհը մարվել է գրեթե երեք օր առաջ, սակայն փրկարարները աշխատանքն ավատված չեն համարում, քանի դեռ մերթ ընդ մերթ կայծկլտացող կրակի օջախները վերջնականապես վերացված չեն: Մարվել չցանկացող ու վերջնականապես չհանձնվող կրակի կետերում շարքային փրկարարների կողքին են ՀՀ ԱԻ նախարարության սպայական կազմն ու ղեկավարությունը: Նրանք կապի միջոցով ղեկավարում են աշխատանքները՝ անընդհատ ցուցումներ տալով, հետախուզում տարածքն ու անմիջապես մասնակցում շիջման աշխատանքներին: Առավոտ կանուխ փրկարարների հետ ուղևորվում են սարերը և մութ-մթով վերադառնում: Իսկ կապը չի լռում, ինչպես պատերազմի դաշտում է, անընդհատ հնչում են ծածկանուններ՝ միմյանց հարցնելով ու պատասխանելով, և այդ ընթացքում պարբերաբար լսվում է. «Ղազարյան, նախարարը կապի մեջ է… Գյոզալյան, նախարարը կապի մեջ է… Հովակիմյան, նախարարը կապի մեջ է…»: Իսկ ժամը 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ճամբարատեղիում է: Ուղղաթիռով հասցրել է տարածքը զննել: Խորհրդակցություն է անցկացնում ճամբարատեղիում մնացած սպաների հետ, հրահանգներ տալիս ու մեքենայով ուղղվում կրակի թաքուն ու բացահայտ օջախներից համառորեն չհրաժարվող արգելոցի բարձրադիր վայրեր: Հետո կրկին ուղղաթիռով չխաղաղվող տարածքը կզննի արդեն ամենատես երկնքից: Իսկ թե ինչպե՞ս է գնահատում նախարարը բնական աղետի ծավալներն ու կատարված աշխատանքը, հակիրճ պարզաբանեց. «Աշխատանքը գնահատել չեմ ուզում, իսկ աղետ բառն օգտագործելը մի քիչ չափազանցություն կլիներ: Իհարկե, իրականում բնապահպանական աղետալի վիճակի կարող էր վերածվել, եթե ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկվեին: Ես կատարվածն աղետ չեմ համարում»:

 

Փրկարարը

Ժայռապատ սարի կատարից կրակը իջել է անտառ, մոխրացած խոտածածկ սարալանջեր են ու այրված ծառերի սև ու սուր գերաններ՝ ցից-ցից երկինք պարզված: Տպավորում են ինչպես մահվան ճամբարի ուղեկալներ կամ անդրաշխարհի դարպասներ: Տեղ-տեղ օազիսների պես կանաչ տարածքներ դեռ կան այդ մոխրե անապատում կամ սև օվկիանոսում, որ ձոր ու բլուրի հաջորդումով թվում է փոթորկված ու ալեկոծ՝ նկարված վարպետ նկարչի ձեռքով: Այս դեպքում ինքնայրված բնությունն է, որ քարացել է երկնքի կտավին՝ որպես անփույթ, սակայն անվիճելիորեն հմուտ վրձնահարված: Վերևում՝ երկնքի կապույտին, ամպերի սպիտակ ծվեններ ու քուլաներ են, իսկ ներքևում՝ սև ու մոխրե սարերի ստորոտին, կանաչ օազիսներ ու փրկված անտառափեշեր: Վերևի ու ներքևի անհավասար հավասարությունն այսպիսին է տիեզերքի խարխլված այս անկյունում: Իսկ խարխլումը թերևս շարունակվում է քողարկված, արտաքուստ խաղաղեցնող շղարշի տակ: Թաքուն այրվող տորֆային շերտն է, որ հանկարծ բացահայտ է դառնում՝ կրակե լեզուն դուրս ցցելով մի կանաչ վայրում, կամ շիջված ծառի արմատներն են, որ ծպտված այրվում են ու նորից բոցավառում արդեն մոխրի սև շերտով պատված ծառաբունը: «Բահով քերում ենք գիհիի բները, հողով ծածկում, քանդում այրվող արմատները, շիջում, հաճախ ջուրը չի էլ օգնում, պատահում է ժամերով մի ծառաբնի վրա ենք չարչարվում»,- ասում են փրկարարները և ավելացնում, որ գիհին այն ծառատեսակն է՝ իր խեժային առանձնահատկությամբ, որ մարելուց հետո կրկին բռնկվում է, իսկ արգելոցի անտառապատ տարածքը հիմնականում գիհիներ են: Մինչև երեկո դեռ հրդեհի վտանգ պարունակող տարածքի բոլոր օջախները փրկարարները մարում են, որևէ առանձնահատուկ ու կրակե նշաններ ցուցանող երևույթ չի նկատվում, կարծես ավարտվեց ամեն վտանգավոր ընթացք: Սակայն լուսաբացին կրկին հողից վերև ու ժայռերի արանքներում ցցվում են կրակե լեզվակները, կարծես աստղազարդ երկնքի երկրային կրկնակը լինի՝ երկինք ու երկիր նույնացնելու միտումով: Թերևս այդպես ժայռին գամված Պրոմեթևսի լյարդն էր, որ ցերեկը կտցում էին արծիվները, իսկ գիշերը կրկին աճում էր: «Բուն գործընթացն իրականացնում են փրկարար տղաները: Քարաժայռերի մեջ այծերի բացած կածաններով այսօր մարդիկ են քայլում, այրվող ծառաբնից ծառաբուն շիջելով իջնում են ներքև: Մարդու նոր տեսակ է ձևավորվում և այդ տեսակը մեր փրկարարն է»,- հպարտ ու արժանապատիվ նշում է փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Պարանների օգնությամբ տեղաշարժվում, ձեռքներին բահ ու կացին, շալակներին սրսկիչ ապարատ ու կրակմարիչ բալոն, վերևից՝ կիզիչ արև, ներքևում՝ բոցավառվող ծառաբուն… փրկարարն է աշխատում՝ արևից այրված մաշկով ու կրակից կարմրած դեմքով, ծխահարված ու ջրազրկված, որ մոռացել է սնվելու մասին: Այտուցված ոտքերով ու մրապատ ձեռքերով է, որ երբեմն ու հանկարծ մինչև գոտկատեղը խրվում է այրվող տորֆի շերտի մեջ: Նրանց հետ են նաև Խոսրովի արգելոցի բնապահպանները, որպես տեղանքին քաջածանոթ ուղեկցորդներ: Այսպիսին են հետհրդեհային շիջման աշխատանքները Խոսրովում: Աշխարհից կտրված ու, թվում է, Աստծուց մոռացված մի վայր, որտեղ գիտության նվաճումներն ու տեխնոլոգիական միջոցները մուտք չունեն:

 

Արջերը ողջ են ու անվնաս

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը ոգևորությամբ է խոսում փրկարարների կատարած աշխատանքի մասին՝ չմոռանալով նաև գիշեր ու զօր փրկարարների հետ ուս ուսի աշխատած իր բնապահպան տղաներին. «Փրկարարների աշխատանքը շատ բարձր եմ գնահատում: Թող շատ երկրների փրկարարներ սովորեն մերոնց աշխատանքից: Ես շատ շնորհակալ եմ և ամեն տեղ հպարտորեն նշում եմ, որ ունենք Դավիթ Տոնոյանի պես ԱԻ նախարար, որը հրդեհի բռնկման օրից մինչ այս պահը մեր կողքին է և բոլոր հարցերում աջակցում է, անգամ կրակ է շիջել: Ես տեսել եմ, թե ինչպես է այրված գերանն ուսով տեղափոխել անվտանգ տարածք: Ո՞նց կարելի է այդ մարդուն չգնահատել, չխոնարհվել ու չհպարտանալ: Նույնն էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մասին կարող եմ ասել, որ 25 լիտրանոց սրսկիչը դրել ուսին և 3 կմ ձորակներով ու լանջերով բարձրացել է, կրակ մարել»:

Տնօրեն Հովակիմյանը նշում է նաև, որ արգելոցի որևէ կենդանատեսակ չի տուժել, արջերն ու մյուս գազանները հասցրել են տեղաշարժվել ու անվնաս մնալ: Հնարավոր է, որ միայն օձեր ու մանր կրծողներ տուժած լինեն դանդաղ տեղաշարժվելու պատճառով: Փրկարարները նույնպես որևէ կենդանու այրված կամ մոխրացած մարմին չեն տեսել: Իսկ այրված տարածքի մոտ 80 տոկոսը խոտածածկ է, անտառապատ մասը տուժել է, բայց համեմատաբար քիչ և հիմնականում վերականգնելի է: Հրդեհն ամբողջությամբ չի ընդգրկել այրված տարածքը, այլ տարածվել է մաս-մաս և առայժմ չեն կարող հստակ ասել, թե կոնկրետ որքան տարածք է հրո ճարակ դարձել: Տնօրենը նաև ավելացնում է, որ հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, պարզելու համար հետաքննություն է ընթանում:

 

Երբ հնչեց ահազանգը

Հրդեհի ահազանգն առաջինը Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատն է ստացել և անմիջապես մարտական հաշվարկով հասել դեպքի վայր: «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելիս հասկացանք, որ բարդ հրդեհ է: Խոսրովի արգելոցում առաջին անգամ չէր, որ հրդեհաշիջում էինք իրականացնում, նախորդ դեպքերում մի քանի ժամում կրակը մեկուսացրել ու մարել էինք, իսկ այս անգամ ծավալներով աննախադեպ էր: Խոտածածկույթը բարձր էր, կրակին մոտենալն աստիճանաբար դառնում էր անհնար: Քանի որ բարդ ռելիեֆի պատճառով այդ տարածք տեխնիկա չի բարձրանում, հիմնականում մարդկային ուժն է աշխատում: Հրշեջները կրակը մարում են պլետներով, ծառի ճյուղերով, բահերի ու հողի օգնությամբ, մեջքով ու ուսով ջուր են բարձրացնում՝ հասցնելով կրակին: Հասկացանք, որ միայն մեր ուժերով անհնար է հրդեհը մարել, անմիջապես ահազանգեցինք մարզային փրկարարական վարչություն: Եվ տագնապով մարզի բոլոր ՀՓՋ-ները՝ Արարատի, Արտաշատի, Մասիսի, ընդգրկվեցին հրդեհաշիջման աշխատանքներում»,- պատմում է Վեդիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը: Սակայն շուտով պարզվել է, որ միայն մարզի ուժերը բավական չեն իրեն կորցրած ու մոլեգնած հրդեհի դեմն առնելու համար: «Հրդեհն իր ծավալներով աննախադեպ էր, միայն մարզի հրշեջ-փրկարարական ուժերը բավական չէին, և տագնապի ահազանգին արձագանքեցին հանրապետության մյուս մարզերը, ինչպես նաև ընդգրկվեցին Երևանի փրկարարական ուժերը և Ռուսաստանից օգնության հասած օդանավը: Իսկ փրկարարներն արեցին անհնարինը՝ զօր ու գիշեր աշխատելով անձնազոհաբար»,- պարզաբանում է Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը:

 

Մեծ փորձություն

Փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը հրդեհի 7-րդ օրը «Արջի արահետով» քայլել է 11 կմ, տեսել քոթոթների հետ խաղացող մայր արջին, հետախուզել տարածքը՝ օջախներ հայտնաբերելու նպատակով, մարել այրվող ծառաբներ՝ կրակի խանձուկները փորել-թաղելով հողում: Տղաները հեռվում էին աշխատում, մինչև հասնեին օգնության՝ ուժասպառ կլինեին:

Հետո կրկին շարունակել է օջախներ հայտնաբերելու ամենօրյա հետախուզական աշխատանքը: «Խոսրովի անտառում հրդեհներ շատ են եղել, և մասնակցել եմ հրդեհաշիջման աշխատանքներին: Բայց այս ծավալի ու բարդության դեռ չէր եղել: Ես 34 տարի է՝ ծառայության մեջ եմ և նման հրդեհ չեմ հիշում: Նույնիսկ տարիներ առաջվա Ջերմուկի դեպքը սրա համեմատ խաղ ու պար էր»,- նկատում է փ/ծ գնդապետը՝ հավելելով, որ «Խոսրովը» մեծ փորձություն էր:

Իսկ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, որը ղեկավարում էր ամբողջ փրկարարական գործընթացը, որ ծեգին բարձրացել էր սարերը և ուշ գիշերով իջել ճամբարատեղի, ներկայացնում է օրվա կատարված աշխատանքը. «Միայն այսօր 65 փրկարար է իջել սարերից, շուրջ 500 հայտնաբերված օջախ է մարվել: Իսկ այս 7 օրվա ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք: Փրկարարները կատարեցին իրենց առջև դրված բոլոր մարտական խնդիրները: Իհարկե, կային թերություններ, բայց դրանք այսքան կատարված աշխատանքի մեջ անտեսանելի են դառնում: Փրկարարներից բացի ընդգրկված են եղել զինվորականներ, անտառտնտեսության, ինչպես նաև Խոսրովի արգելոցի անվտանգության աշխատողները, որոնք մեծ գործ են կատարել և հետախուզում ու հրդեհաշիջում են անում նաև գիշերները: Բայց փրկարարները միշտ գործում են շտապից ավելի արագ»: Փ/ծ գնդապետը փրկարարների աշխատանքը գնահատում է լավից բարձր, բայց նաև նշում է, որ գերազանցի հասնելու համար դեռ տեղ ունեն: Իսկ յոթօրյա հրդեհաշիջման աշխատանքներին մասնասնակցել են հազարից ավելի մարդ, որոնցից միայն 7-8 հարյուրը փրկարարներ են եղել, 180 էլ՝ զինվորական:

 

«Փրկության» մատաղ

ՌԴ ԱԻՆ օդանավը 17-րդ թռիչքն է կատարում: Դա առավոտյան էր: Իսկ երեկոյան, ավելի ստույգ՝ ուշ գիշերին՝ ժամը 22:48-ին, ճամբարատեղի՝ վրանային քաղաք է վերադառնում փրկարարների վերջին խումբը՝ «Գազ-66»-ի թափքում նստած: Տղաներին մատաղի սեղանն էր սպասում: Կրակի վերջին օջախները մարելու առիթով փրկության մատաղ էր մատուցվելու: Վերջապես վերջ: Սակայն փ/ծ գնդապետ Ղազարյանը տեղեկացրեց, որ հայտնաբերված չորս կրակի օջախ դեռ կա, որ մթության պատճառով չհասցրեցին մարել: Դրանք էլ առավոտյան հետախուզումից հետո կմարեն, եթե նոր օջախներ չհայտնաբերվեն մինչ այդ: Որևէ վառվող կայծ չպիտի մնա: Նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է, որ վերջին կրակն ու ծուխը մարելուց հետո միայն փրկարարները դուրս գան տարածքից:

 

Հուսիկ ԱՐԱ

Խոսրովի անտառ