Գլխավոր Նորություններ ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

690
Տարածել

Վարդավառը Երևանում ոչ ոքի անտարբեր չթողեց: Ջրով լի դույլերով զինվել էին նաև օտարերկրացիները (նկարում): Տեսե՛ք, ինչ տագնապ կա տղամարդու երեսին: Երևի կարծել էին, թե զերծ կմնան ջրաշիթերից: Բայց՝ չէ: Նրան էլ ջրեցին, կնոջն էլ: Ու այնքան, որ թրջվեցին մինչև վերջին թելը: Չէին սպասում: Ու հիմա հսկայական դույլով, կարծես, դարանակալել է, մինչև ջրվելը իր նման միամիտ մեկին մի լավ թրջելու համար: Երևանյան խշխիշ օդից նրա մարմինը հովացել է, բայց արի ու տես, որ հրճվող սիրտը «վրեժ» է ուզում:

Իմ տպավորությամբ, Վարդավառը երբեք այսքան ջրառատ չէր եղել: Արևի շողերից ջուրն օդում խայտուն ալիքներ էր տալիս և ուրախ ցնծություն պատճառում ջրադույլերով վխտացող եռուն ջրախաղին: Ու Պայծառակերպության տոնին կերպափոխություն էր իջել բոլորի վրա՝ օտար թե յուրային դարձել էին երկրային ու երկնային պայծառատես էակներ, որոնք հայացքով կարող էին տիեզերքի անհունները թրատել:

Թերևս, միակն ենք մենք աշխարհում, որ Վարդավառի նման տոն ունենք:

Եվ միակն ենք, որ ջուրն այդպես փառաբանել գիտենք: Ի՜նչն է շատ մեր լեռնաշխարհում՝ ջուրը: Ու նաև ջուրն անարժեք համարելուն ենք սովոր: Աշխարհի և ոչ մի կետում էժան ապրանքին չեն ասում՝ ջրի գին: Մենք ասում ենք: Ի՞նչ է ստացվում՝ մեկ փառաբանում ենք ջուրը, մեկ անարժևորո՞ւմ այն: Երևի իրանցի օտարն էլ տարակուսած՝ այդպես է մտածում մեր մասին: Գուցե նրա հայացքում արտահայտված տագնապի պատճառը նաև դա՞ է: Չ՞է որ իրենց երկրում՝ քյարիզներում հոսող ջուրը սակավ է:

Մենք գիտենք ջրի զորությունը: Ջրառատ մեր երկրում ջրի պակասը կա: Ու հողը ջրով արբեցնելու արդյունքով է մեր կերպն այսպիսին: Քարից հաց քամել սովորել ենք ջրից: Ջրի կաթիլը մեզ համար ծովի արժեքն ունի: Մաքրության արժեք:

Այս Վարդավառից, կարծես, կերպափոխվում է նաև Հայաստանը: Հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակն է՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքով: Մաքրությունը միայն ջրով չէ, այլ դրա նկատմամբ բծախնդիր մարդու կերպափոխությամբ: Սահմանվում են մաքրաբարոյության հստակ կանոններ, Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքում անմաքրության դեմ կիրառվելու են տուգանքներ, կանխարգելման միջոցառումներ, որին սպասում էինք վաղուց: Միջավայրն աղտոտելու համար սահմանվելու է նվազագույնը 16 հազար դրամ տուգանք, խոշոր ձեռնարկությունների համար տույժը հասնելու է մինչև 200-300 հազար դրամի: Սակայն կարծիք կա, որ տուգանքների չափը շատ ավելին պետք է լիներ: Մարդկային կերպափոխությունը, ցավոք, միայն դաստիարակությամբ չէ, նաև օրենքի ուժով է: Մենք գրել ենք. Թբիլիսիում ծխախոտի կոթուկը նետելու համար հետիոտնը տուգանվում է մոտ 32 դոլարով: Տուգանվում են նաև փողոցն աղտոտած կենդանիների տերերը: Այնտեղ մաքրությունը տեսուչներն են հսկելու՝ լուսանկարչական ապարատներով: Իսկ թե մեզ մոտ ովքե՞ր են հետևելու օրենքի կատարմանը, դեռևս հստակ չէ:

Այսօր շատ բան է փոխվել Երևանում: Հիացմունքի է արժանի հոծ մարդկանց բազմությունը՝ լուսացույցի կանաչին սպասելիս: Նոր ժամանակների նվաճումն է դա: Մարդիկ դանդաղ, բայց սերտեցին անվտանգության կանոնները:

Ջուրը փառաբանող, կենարար այդ հեղուկը կերպափոխության խորհրդանիշ համարող մենք կունենաք նաև մաքուր Հայրենիք:

Բավական չէ՞, ինչքան նախանձով հիացանք  այլ երկրների մարդկանց մաքրաբարոյությամբ: