Գլխավոր Նորություններ ԲԺԻՇԿ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԱՏՈՒՆԻ

ԲԺԻՇԿ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԱՏՈՒՆԻ

8033
Տարածել

Խոսք հրաժեշտի

Անժամանակ ընդհատվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, բժիշկ-թերապևտ, գիտնական Գրիգորի Ամատունու երկրային կյանքը: Նա 61 տարեկան էր:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1973-ին Գրիգորի Ամատունին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ: Մասնագիտական գործունեությունն սկասել է 1980-1981 թվականներից՝ թե գործնական՝ աշխատելով Աշտարակի շտապ օգնության կայանում, թե գիտական՝ աշխատելով Երևանի բժշկական ինստիտուտ պրոպեդեվտիկայի, ապա թերապիայի ամբիոններում:

Բժիշկ Գրիգորի Ամատունին մշտապես առաջին գծում էր. 1988-ին մասնակցել է Սպիտակի երկրաշարժի փլատակներից տուժածների որոնման և փրկելու աշխատանքներին: Երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանի համար փրկարարական ծառայությունն ուղղակի օդուջրի պես անհրաժեշտություն է, ու երբ սկսվեց «Սպիտակ» փրկարարական ջոկատի ձևավորումը, նա առաջին գծում էր: Ջոկատը ստեղծվեց 1989-ին, շտաբի պետն էր, ապա ուսումնական բաժնի և բժշկական խմբի ղեկավարը: Երբ Երևանի բժշկական ինստիտուտում անցավ գիտական աշխատանքի, դրանից հետո էլ Ամատունու կապը ջոկատի հետ չէր կտրվել, կարողությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը նրա պարտադիր մասնակցությամբ էին իրականացվում:

Հետո արցախյան պատերազմ ու էլի առաջին գիծ. Երասխավան, Իջևան, Նոյեմբերյան, Ոսկեպար, Մարտակերտ, Քարվաճառ: Գնդակոծությունների և հակառակորդի հարձակման, մեր հակահարձակման ժամանակ բժիշկը զենքը ձեռքին զինվոր էր, իսկ համեմատաբար հանգիստ պահերին՝ ռազմական բժիշկ:

Բժիշկ-ազատամարտիկը բազում պարգվևների է արժանացել. «Զորավար Անդրանիկ», «Դրաստամատ Կանայան»… Հրադադարից հետո էլ շարունակել է սովորել և սովորեցնել. մասնագիտական վերապատրաստման դասընթացների է մասնակցել Ֆրանսիայում, Հունգարիայում, Գերմանիայում, այլ երկրներում ու Հայաստանի գրեթե բոլոր մարզերում փրկարարների կարողությունների զարգացման ծրագրեր իրականացրել՝ աղետների բժշկություն և այլ թեմաներով:

2001-ից աշխատում էր նաև արտակարգ իրավիճակների վարչության ուսումնական կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ: Իսկ 2006-ից Ճգնաժամային կառավարման պետակադեմիայում դասխոսում էր առաջին բուժօգնություն:

Հայաստանն այսօր ունի Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներին համապատասխանող հինգ թիմ: Այս թիմերի վարժանքների սցենարների բուժօգնության հատվածի մշակումը և ղեկավարումը Գրիգորի Ամատունու պարտադիր մասնակցությամբ էր: Եվ ընդհանրապես, Հայաստանի փրկարարների ցանկացած վարժանքի պլանի առաջին բուժօգնության բաղադրիչը Գրիգորի Ամատունու ձեռքով պիտի անցներ:

Գիտնական էր յուրահատուկ աշխարհայացքով: Առաջնորդվում էր դրանով և Ճգնաժամային կառավարման պետակադեմիայում էլ առաջին բուժօգնության դասերը վարում էր յուրահատուկ մոտեցմամբ՝ մի վախեցիր չիմանալուց, վախեցիր սխալ իմանալուց, քանի որ, ըստ նրա, դրանից է ամբողջ աշխարհի չարիքը:

Ակադեմիայում բոլորը նրան բժիշկ էին կոչում: Քար լռություն էր նրա դասերին: Գրառվում էր նրա յուրաքանչյուր խոսքը, լարված հետևում էին ձեռքերի շարժումներին, երբ ցուցադրում էր տուժածին զննելու բուժկարգականոնները:

Բժշկագիտության զգայուն ու սուր հարցերին, կյանքի ու մահվան մասին ուներ իր պատասխանները: Ահա դրանցից մի քանիսը՝

 

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին.

Ես դեմ եմ այդ օրենքին։ Հիպոկրատի երդումից. «Ես չեմ տա մահաբեր դեղորայք ինձանից այն խնդրողին և մատնացույց չեմ անի նման մտահաղացման իրագործման ճանապարհը։ Նույն կերպ էլ ոչ մի կնոջ վիժեցնող հաբեր չեմ հանձնի»։

Երեխան իրավունք չունի որոշել. նա ինքնուրույն չի եկել այս աշխարհ, և նա չպիտի որոշի, թե ինչպես վարվի իրեն նվիրված կյանքի հետ, քանի որ նա դեռ հիմար է և գրեթե չի ճանաչում կյանքը։ Եթե, իհարկե, նա հոգեպես առողջ է։

 

Կլոնավորման և սեփական պատճեն ունենալու մասին.

Ես դեմ եմ կլոնավորմանը։ Միայն սիրով և բնական ճանապարհով ծնված երեխաները հոգի ունեն, ունակ են բարի զգացմունքներ և հարուստ հույզեր ապրել։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին.

Բացասաբար եմ վերաբերվում։ Մարդն օրգանի փոխպատվաստումից հետո հաշմանդամ է դառնում և ուղղակի գոյատևում է՝ ապրելով իմունոդեպրեսանտների վրա, դա կյանք չէ։ Փոխպատվաստումը թույլատրելի է միայն միաբջիջ երկվորյակների դեպքում։

 

Հղիության արհեստական ընդհատումների մասին.

Դեմ եմ։ Ելնելով նույն այդ Հիպոկրատի երդումից։ Պետք է հիշել, որ արդեն երրորդ շաբաթվանից սկսած՝ պտուղն ուղեղ ունի։ Բացի դրանից, կանայք աբորտից հետո երկար ժամանակ լացի ձայն և չծնված երեխայի կշտամբանքն են լսում։ Անգամ ծերունական տկարամտության վիճակում փնտրում ու սպասում են նրան։

 

Խորհուրդ կյանք մտնողին.

Կյանքդ արժանապատվորե՛ն ապրիր, պատվի, բարու, ազնվության, ջանասիրության օրենքներով, մարդկանց համար ինչ-որ բարի և պիտանի բան ստեղծելով։ Մի՛ գողացիր և հիշի՛ր մահվան մասին, որպեսզի մահանաս հանգիստ, և որպեսզի շրջապատում տխրեն՝ լսելով քո անունը և բարի խոսքով հիշեն քեզ։

 

Մահվան վախի և հավերժ կյանքի մասին.

Չեմ վախենում, արդեն տեսել եմ այն։ Անմահություն չեմ ուզում։ Ձանձրալի է այդքան երկար ապրել, բացի դրանից, այդքան անելիք էլ չկա։

 

Այս տարվա հունվարին News.am-ի հետ զրույցում ասել էր բժիշկ Ամատունին: Կանխազգացե՞լ էր անսպասելի մոտալուտ մահը: Դժվար: Որովհետև անելիք շատ ուներ: Նա ամեն օր կյանք էր պարգևում:

Բժիշկ Գրիգոր Ամատունու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: Ծանր կորստին մի մխիթարանք կա. թավ բեղ ու մորուսով, հեքիաթային բարությամբ ու անզուգական ժպիտով բժիշկ Ամատունու դասերն օգնում են բոլորին…

 

Հանգչիր խաղաղությամբ, ԲԺԻՇԿ: