Գլխավոր Նորություններ ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ

ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ

729
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետակադեմիայի գիտնականի առաջարկը

Առաջարկվող սարքը նորույթ է, գրանցվել է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում, որպես օգտակար մոդել, և հեղինակին տրվել է արտոնագիր՝ «Մելքոնյան Ա.Ս., Արտոնագիր N 339-U, «Արևային ջերմային կոլեկտոր», 15.03.2013»:

Սարքի մասին երկու անգամ զեկուցվել է այլընտրանքային վերականգնվող էներգիայի աղբյուրներին նվիրված միջազգային և երկու անգամ՝ հանրապետական գիտական կոնֆերանսներում: Ճկուն տարբերակը (նկ. 2, 3) նախատեսվում է կիրառել արտակարգ իրավիճակներում:

 

Սարքի կոշտ տարբերակը (նկ. 1) երեք տարվա փորձաշրջան է անցել և հաջողությամբ կիրառվում է բնակարաններում՝ կենցաղային նպատակներով էկոլոգիապես մաքուր տաք ջուր ստանալու համար: Չափերն են՝ 130 սմX52 սմX12 սմ, զանգվածը՝ 22 կգ, տարողությունը՝ 37 լ:

Ճկուն տարբերակը բազմիցս փորձարկվել է ձմռանը՝ 23.10.2016-ից մինչև 24.02.2017-ը ընկած ժամանակահատվածում՝ շրջակա օդի -90C-ից մինչև 130C ջերմաստիճանի, փոփոխական ամպամածության և հորիզոնից Արեգակի ունեցած տարբեր բարձրությունների պայմաններում: Այդ ընթացքում արձանագրված կարևորագույն արդյունքներից է այն, որ, երբ փորձարկումներից մեկի ընթացքում շրջակա օդի ջերմաստիճանը երկու և կես ժամում բարձրացավ -90C-ից մինչև -30C, ջրի ջերմաստիճանը սարքում բարձրացավ 50C-ից մինչև 830C: Դրանից հետևում է, որ սկզբունքորեն հնարավոր է սարքը կիրառել նաև բնակարանների ու տարբեր կացարանների ջեռուցման նպատակով: Ամպամած եղանակին արված փորձարկման ընթացքում, երբ շրջակա օդի ջերմաստիճանը 80C էր, ջուրը սարքում տաքացավ մինչև 380C, ինչը բավարար է լոգանք ընդունելու համար: Համատարած ամպամածության պայմաններում սարքը գործում է ջերմոցային էֆեկտի հիման վրա, պարզապես կլանվող էներգիայի քանակի նվազման պատճառով շրջակա միջավայրի հետ սարքի ջերմային հավասարակշռության վիճակը տեղի է ունենում ավելի ցածր ջերմաստիճաններում:

Փորձարկումների արդյունքները մանրամասնորեն արձանագրված են, որոնցից մեկը գրաֆիկորեն պատկերված է նկ. 4-ում:

Ամռանը՝ շրջակա օդի 250C-ից 350C ջերմաստիճանի պայմաններում 11 լ ջուրը ճկուն սարքում 20-25 րոպեների ընթացքում տաքանում է մինչև 550C, ինչը թույլ կտա 2 ժամում մեկ սարքով ընդարձակման բաքում կուտակել 30-35 լ տաք ջուր:

Բազմակողմանի հարմարավետության նկատառումներով պատրաստված կրովի ճկուն սարքի զանգվածը 12 կգ է, տարողությունը՝ 11 լ, լայնությունը՝ 90 սմ, երկարությունը՝ 120 սմ, հաստությունը՝ 6 սմ: Կարելի է պատրաստել ցանկացած տարողությամբ նմուշը կամ մի քանի կրովի սարքերը միացնել իրար՝ սարքի ցանկացած տարողությունն ապահովելու նպատակով:

Շատ կարևոր հանգամանք է սարքի ցածր ինքնարժեքը և այն պատրաստելու համար հատուկ արտադրական միջոցների ու հզորությունների անհրաժեշտ չլինելու փաստը: Սարքի կիրառության ոլորտները բազմազան են: Սարքը, հատկապես դրա ճկուն տարբերակը, նախատեսվում է արտակարգ իրավիճակներում ճամբարների կազմակերպման, դաշտային ելքերի, արշավների և, ընդհանրապես, այլ ավանդական էներգակիրների բացակայության պայմաններում կիրառելու համար: Դժվար է գերագնահատել նման սարքերի կիրառման կարևորությունը, օրինակ՝ ատոմային էլեկտրակայաններին կից բնակավայրերի բնակչության համար դաշտային բաղնիքի կառուցման, տարածքների, շենք-շինությունների, սարքերի ու տեխնիկայի դեզակտիվացիոն ու լվացման աշխատանքների կազմակերպման առումով:

Սարքի կիրառության կարևորագույն ոլորտներից են ՀՀ ԶՈՒ զորամասերը, հատկապես մարտական հենակետերը, որտեղ սարքը հասկանալի պատճառներով կարևորագույն միջոց կարող է հանդիսանալ, մասնավորաբար, անձնակազմի հիգիենայի ու կացարանների ջեռուցման խնդիրների լուծման համար:

Հայաստանի ամբողջ տարածքի համար պարզկա օրերի վիճակագրությունը շատ նպաստավոր է՝ սարքի օգտագործման արդյունավետության առումով: Սարքը էկոլոգիապես բացարձակ մաքուր է, կարող է օգտագործվել նաև սննդի պատրաստման ու կենցաղային այլ նպատակներով:

 

Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՔՊ ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ, ԶՈՒ պահեստազորի գնդապետ