Գլխավոր Նորություններ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

763
Տարածել

Հիդրոմետ, սեյսմիկ ծառայություն

Այս շաբաթ արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկվեց երկու ստորաբաժանման արդիականացման հարցը. ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ` ծառայության արդիականացման, օպտիմալացման, կառուցվածքային փոփոխության և միջազգային համագործակցության հարցերը, իսկ Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակության հետ՝ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» արդիականացման և կարողությունների զարգացման հարցերը:

Համաշխարհային բանկի փորձագետները նախ կուսումնասիրեն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքները, ապա կկազմեն ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ, որի օգնությամբ կլուծվեն ծառայության արդիականացման և թվայնացման խնդիրները:

Դավիթ Տոնոյանի կարծիքով, կարևոր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» վաղ ազդարարման և կանխատեսումների ունակությունը: Միաժամանակ կանխատեսման շահառուները պետք է կարողանան օգտվել այդ կանխատեսումներից, տեղյակ լինեն թե որ դեպքում ինչ պետք է անել:

Իսկ սեյսմիկ պաշտպանության համակարգը արդիականացվելու է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա, օպտիմիզացվելու է կառավարման համակարգը, թվայնացվելու են դիտացանցերը: Սա նշանակում է ավելի քիչ ռեսուրսով առավել արդյունավետ աշխատանք: «ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը միջազգային համագործակցության գործընթացներում պետք է լինի նախաձեռնողի դերում, այլ ոչ թե սպասողի»,- նկատեց Դավիթ Տոնոյանը:

Պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատվել է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Դավիթ Տոնոյանը վաստակաշատ աշխատակցին պարգևատրել է ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով և շնորհակալագրով: Հրաչյա Պետրոսյանը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում աշխատում էր 1992 թվականից, ծառայության ղեկավարն էր 2011-ից: