Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

623
Տարածել

Աջափնյակում 5 մետրանոց օձ է հայտնաբերվել

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 150 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Աջափնյակ, Էրեբունի վարչական շրջանների և Արարատի փրկարարները:

Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 30 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մեքենաներն են դուրս բերվել երթևեկելի հատված: Բարձր ջերմաստիճանով պայմանավորված դեռ շատ են բուսածածկ տարածքների հրդեհները: Այս շաբաթ բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներ են գրանցվել Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղում՝ 25 հեկտար, Կոռնիձոր գյուղում՝ 15 հա, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ 10 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մատույցներում տարբեր օրերի՝ 15 հա, 4 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 4 հա, Երևան-Սևան ավտոճանապարհ 15 կմ-ի մոտ՝ 80 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 6 հա խաղողի այգի, Ուջան գյուղում՝ 5 հա, Տավուշի Կողբ գյուղում՝ 10 հա և այլն:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մարգարյան փողոցի բակերից մեկում բնակիչներն օձ են բռնել: Պարզվել է՝ օձը մոտ 5 մետրանոց պիթոն է: Հրշեջ-փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ծարավ Աղբյուր փողոցի բակերից մեկում, շենքի 7-րդ հարկից պայուսակն ընկել է 3-րդ հարկի պատշգամբի ծածկի վրա: Փրկարարներն իջեցրել են պայուսակը: Քանաքեռ-Զեյթունի փրկարարները գիշերն ահազանգ են ստացել, թե Ահարոնյան փողոցի բնակիչներից մեկի մատանին մատից դուրս չի գալիս: Փրկարարները մատանին հանել են 45-ամյա կնոջ մատից:

Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Օշական գյուղում վիրավոր արագիլ կա: Փրկարարներն արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի: Արմավիրի փրկարարներն էլ Գայ և Ջանֆիդա գյուղերում ընկած վիրավոր արագիլներին են տեղափոխել կենդանաբական այգի:

Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ամասիա գյուղում խոշոր եղջերավոր անասունն ընկել է փոսը:  Հրշեջ-փրկարարները փոսից հանել են խոշոր եղջերավոր անասունին և հանձնել տիրոջը: