Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՓՐԿԱՐԱՐԸ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿ Է

ՓՐԿԱՐԱՐԸ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿ Է

653
Տարածել

Ուզում եմ աշխարհը խաղաղ տեսնել, առանց աղետների ու պատահարների

«54 տարեկան եմ, բայց 60 և ավելի տարիների աշխատանքային փորձ ու կենսագրություն ունեմ»,- ժպիտով ասում է Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հայրապետ Սարգսյանը: Ծնվել է հրշեջի ընտանիքում, հայրը՝ Խաչիկ Սարգսյանը, 1958-ից մինչև 1991 թվականը, 33 տարի աշխատել է Արտաշատի հրշեջ մասում, որպես ավագ վարորդ. «Հասցրել եմ հորս հետ մի քանի տարի աշխատել նույն հրշեջ մասում»: Իսկ որդին սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսում: Ընտանիքում արդեն երրորդ սերունդն է, որ փոխարինում է փրկարար հորն ու պապին: Հիմա ծառայում է Հայոց բանակում: «Փոքրերը տեսնելով մեծերին՝ ընտրում են իրեց ապագան, որովհետև երեխայի համար ամենաուժեղն իր ծնողն է»,- աշխատանքային կենսագրությունն ու ընտանեկան ավանդույթն ամբողջացնելով ասում է վարչության պետի տեղակալը:

Այսօր արդեն փ/ծ մայոր Հայրապետ Սարգսյանը 1985-ին է աշխատանքի անցել Արտաշատի հրշեջ մասում. «Այն ժամանակ քաղաքացիական էր աշխատանքը, պրոֆեսիոնալ հրշեջ մաս էր կոչվում, հետո անվանումը փոխվեց՝ դառնալով մասնագիտացված հրշեջ մաս: 1994-ին անցել եմ ծառայության արդեն որպես պետական հրդեհային հսկողության բաժանմունքի տեսուչ՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում»: Իսկ 2002-ի դեկտեմբերին, երբ համակարգում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, մեկ տարի անց բացվեց Արարատի հրշեջ մասը՝ որպես առանձին միավոր, իսկ մինչ այդ համարվում էր Վեդու հրշեջ մասի հենակետ, որը սպասարկում էր միայն Արարատ քաղաքը, Սարգսյանը նշանակվեց նորաբաց հրշեջ մասի պետ. «Սկզբում դժվար էր, շենքային պայմաններ չկային, ամեն ինչ նոր էր ձևավորվում, բայց ստացվեց, կազմակերպեցի ծառայությունը և 7 ամսվա ընթացքում կարողացա ամբողջովին կազմավորել Արարատի հրշեջ մասը»: Արած աշխատանքը գնահատվում է, ինչի արդյունքում էլ արդեն 2004 թվականին նշանակվում է վարչության պետի տեղակալ:

Փ/ծ մայորն ու վարչության պետի տեղակալն իր երկարամյա ծառայության ընթացքում արժանացել է 10, 15 և 20 տարի անբասիր ծառայության համար երեք մեդալներին էլ: Իսկ Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասի կողմից «Գերազանցիկ սահմանապահ» մեդալն է շնորհվել փորձառու հրշեջին: «2003 թե 2004 թվականն էր, սահմանին՝ ուղեկալներում, չոր խոտածածկ տարածք էր բռնկվել: Կրակը սպառնում էր ռուս սահմանապահների հատուկ զինսարքավորումներին: Կիլոմետրով այրվում էր տարածքը, անհնար էր հանգցնելը: Արագ կողմնորոշվելով՝ զինվորներին 10 մ հեռավորությամբ շարեցի, լուցկիներ բաժանեցի, ասելով՝ վառում եք այնպես, որ կրակը ետ չգա: Այդպես կրակը գնաց դեպի այրվող տարածք, և հրդեհն ինքն իրեն մարեց»,- մեդալին արժանանալու առիթն է վերհիշում Սարգսյանը: Բացի դրանից, նրան շնորհվել է նաև «Անվեհեր փրկարար» և «Երկրապահ» մեդալները, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի:

Իսկ մինչև կհասցներ հրշեջի աշխատանքին նվիրվել, որ մանկությունից է ուղեկցել նրան, փ/ծ մայորը մասնագիտացել է նախ երաժշտության ասպարեզում. «Երաժշտական կրթություն եմ ստացել, նվագել եմ փողային նվագախմբում, բանակում օրկեստրում եմ նվագել՝ բարիտոն, բայց տիրապետել եմ բոլոր փողային գործիքներին, որովհետև սիրում էի և հաճախ էի փոխարինում բացակա երաժիշտներին հենց նրանց գործիքներով: Նվագում եմ նաև ակորդեոն, դաշնամուր, սինթեզատոր: Երաժշտությունն ինձ հետ է եղել մինչև 1994 թվականը՝ ծառայության անցնելս: Երբ զինվորական համազգեստ հագա, թողեցի նաև նվագելը»: Նույն թվականին փորձառու հրշեջն իր նախաձեռնությամբ երաժիշտ ընկերների հետ գնում է Արտաշատի ռուսական զորամաս, որն այդ ժամանակ նվագախումբ չուներ, հրամանատարին ասում, որ իրենք կարող են դառնալ զորամասի համար զինվորական նվագախումբ. «Հրամանատարությունն ընդունեց առաջարկը, բայց ես աշխատում էի հրշեջ մասում, և ինձ առաջարկեցին սպայական կոչում, նաև տեսուչի աշխատանք: Ես կանգնած էի երկընտրանքի առաջ և ընտրեցի հրշեջի ծառայությունը, թերևս զորամասում նվագելու համար այդ ժամանակ ավելի բարձր էին վարձատրում: Իսկ ընկերներս շարունակեցին նվագել զորամասի նվագախմբում, նրանցից դեռ մինչ օրս էլ կան նվագողներ»:

Անցած ճանապարհի հեռվից նայելով՝ վարչության պետի տեղակալը վստահ է, որ փրկարարը մարդու ամենամարդ տեսակն է. «Հենց ադ փրկարարի հայացքով էլ ուզում եմ աշխարհը խաղաղ տեսնել, առանց աղետների ու պատահարների: Մարդիկ մշտապես մեկմեկու օգնեին, պետություններն էլ պատերազմելու փոխարեն անհրաժեշտության դեպքում միմյանց փոխօգնության հասնեին»: Ու հիշում է մարդկային հոգին նրբացնող ու նաև ներաշխարհը տակնուվրա անող մի դեպք. «Արտաշատի հրշեջ մասում էի աշխատում, գիշերային ահազանգ ստացանք. քաղաքի կապի զորամասում հրդեհ է: Երբ մեքենան հրշեջ մասից դուրս եկավ, արդեն հրդեհը երևաց, այնքան հզոր էր, որ երկինքը լուսավորվել էր: Զորամասի ներսում 70-80 մ երկարությամբ մի շինություն կար, որտեղ բարձրագույնն ավարտած ու սպայական դասընթացներ անցնող ուսանողներն էին մնում: Փայտաշեն շինություն էր, բռնկվել էր ու կրակը երկրորդ հարկին էր անցնում: Մինչև լուսաբաց հաջողվեց հրդեհը մեկուսացնել ու մարել: Շատ բան էր մոխրացել, բայց այրված երաժշտական գործիքներն էին, որ վառ տպավորվել են մեջս, չէ՞որ ինքս երաժիշտ եմ»:

Այս համոզմունքն ու հայացքն ունի Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հայրապետ Սարգսյանը: Իսկ գործընկերոջ մասին անմիջական ղեկավարը՝ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, խոսում է հարգանքով ու բարձր գնահատում անցած ուղին, մարդկային բնորոշ հատկանիշները. «Ծնվել է հրշեջի ընտանիքում, փոքր տարիքից տեսել է հոր աշխատանքը, հետո ինքն է դարձել հրշեջ, հիմա էլ որդին է փորձում շարունակել փրկարարի արդեն ընտանեկան ավանդույթ դարձած գործը: Սարգսյանն իր ծառայության ընթացքում քայլ առ քայլ հաջողություն ունենալով մշտապես գնահատվել է և հասել արդեն վարչության պետի տեղակալի պաշտոնին: Պատասխանատու անձնավորություն է, որի հետ կարելի է ծառայել, ճանապարհ գնալ, վստահել»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Տարածել
Նախորդ հոդվածՓՈՐՁ
Հաջորդ հոդվածՕգնում են փրկարարները