Գլխավոր Նորություններ ՀՈՒՆԻՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՀՈՒՆԻՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

418
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017-ի հունիսի և առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

 

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունիս ամսին իրականացրել են 1910 ելք՝ 234-ով կամ 14 տոկսով ավելի, քան 2016-ի հունիսին: 653 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 762 դեպք՝ կենցաղային կանչ, 88 դեպք՝ կեղծ ահազանգ, 407-ն այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 30 մարդ (այդ թվում՝ 8 կին), տուժել՝ 973 մարդ (այդ թվում՝ 262 կին և 155 երեխա): Փրկարարները 30 մարդու կյանք են փրկել: 2016-ի հունիսի համեմատ աճել է թե զոհերի, թե տուժածների, թե փրկվածների քանակը:

Հրդեհներ

Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 510 ահազանգ (2016 թվականի հունիսին՝ 420 ահազանգ), հրդեհ է գրանցվել 313 դեպքում (2016 թվականի հունիսին՝ 308 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակն աճել է 5-ով: 113 կեղծ ահազանգ է գրանցվել, 10 դեպքում էլ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել և զանգահարել 911: Հրդեհներից տուժել է 5 մարդ (2016-ի հունիսին՝ 1-ական զոհ և տուժած): Նյութական վնասը՝ մոտ 36 մլն դրամ՝ 11,7 մլն-ով պակաս, քան 2016-ի հունիսին: Առավելագույն նյութական վնաս գրանցվել է մայրաքաղաքում՝ 13,96 մլն դրամ: Մարզերից առավելապես տուժել է Կոտայքը՝ 9,3 մլն, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 170 հազար դրամ: Ամենաշատ հրդեհներ գրանցվել են բուսածածկ տարածքներում՝ 99: Սրանից բացի կրակի բաժին են դարձել աղբ՝ 66, առանձնատուն՝ 37, բնակելի շենք և տրանսպորտային միջոց՝ 31-ական, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 9, պահեստավորված անասնակեր՝ 2 և այլն: Քաղաքներում գրանցվել է 236 հրդեհ, գյուղերում՝ 77: 2016-ի հունիսի համեմատ քաղաքային հրդեհների թվաքանակը նվազել է, գյուղական հրդեհներինն աճել: Երևանում գրանցվել է 183 հրդեհ: Մարզային քաղաքներից ամենաշատ հրդեհ եղել է Կոտայքի քաղաքներում՝ 12, ամենաքիչը՝ Տավուշի և Գեղարքունիքի քաղաքներում՝ մեկական: Հրդեհներից ամենաշատը տուժել են Կոտայքի գյուղերը՝ 18 դեպք, ամենաքիչը՝ Շիրակի գյուղերը՝ 2 դեպք:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

Գրանցվել է 353 ՃՏՊ՝ 64-ով ավելի, քան անցած տարվա հունիսին: Այս պատահարներից զոհվել է 20, տուժել՝ 473 մարդ: 2016 թվականի հունիսի համեմատ զոհերի և տուժածների թիվն աճել է: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 172, բախումներն են: 95 դեպք՝ վրաերթ, 40 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 46 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Երևանում՝ 158: Մարզերից ամենաշատը, Կոտայքում՝ 32, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 8:

Փլուզումներ

Հունիս ամսին հանրապետությունում գրանցվել է 15 փլուզում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքերի մեծ մասը՝ 10, գրանցվել է մայրաքաղաքում, երկու փլուզում՝ Շիրակի մարզում և մեկական՝ Գեղարքունիքում, Լոռիում, Սյունիքում: Փլուզվել են շենքեր և շինություններ, ավտո և երկաթգծի ճանապարհների ինժեներական կառույցներ և այլն:

Թունավորումներ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 480 թունավորում, զոհվել է 5, տուժել՝ 491 մարդ: 2016-ի հունիսի համեմատ թունավորումների, զոհվածների և տուժածների թվաքանակն աճել է: Ամենաշատ թունավորումներ գրանցվել են մայրաքաղաքում՝ 327: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում՝ 46 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքում՝ 2 և Վայոց ձորում՝ 3:

Թունավորումների հիմնական պատճառներն են. դեղորայք՝ 130, ալկոհոլ՝ 118, սողունների և միջատների խայթոց՝ 115, քիմիական նյութեր՝ 74, սնունդ՝ 38 և այլն:

Ուժեղ կարկուտ

2017-ի հունիսին գրանցվել է ուժեղ, վնասաբեր 15 կարկուտ: 5 դեպք Սյունիքում, 2-ական՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և 1 դեպք՝ Լոռու մարզերում: Վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսեր, գարու և ցորենի ցանքատարածքներ, պտղատու այգիներ և բազմամյա տնկարկներ՝ ընդհանուր հաշվով մոտ 746 հա: Վնասի գումարային չափն ավելի քան 5 մլրդ դրամ է:

Այլ դեպքեր

2017-ի հունիսին գրանցվել է մեկական պայթյուն, քարաթափում, սողանք, տեղատարափ անձրև, անասնահամաճարակ, երեքական ուժեղ քամի, հեղեղ, վայրի կենդանիների հարձակում և այլն:

Կիսամյակային ամփոփում

Այս տարվա առաջին կեսին գրանցվել է 6069 արտակարգ դեպք, պատահար, մեծ մասը՝ 3534 դեպք՝ տեխնածին: Բացի սրանցից, գրանցվել է նաև 2357 սոցիալ-կենսաբանական և 178 տարերային արտակարգ դեպք: Այս դեպքերից զոհվել է 149 մարդ, այդ թվում՝ 29 կին, 4 երեխա, տուժել 4866 մարդ, այդ թվում՝ 1465 կին, 825 երեխա: 2017-ի առաջին վեց ամսում փրկարարները 131 մարդու կյանք են փրկել: Ինչպես և նախորդ տարիներին, արտակարգ դեպքերի մեծ մասը՝ 5567, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարները, թունավորումներն են: Զոհերի գերակշիռ մասը՝ 101 մարդ, ճանապարհատրանսպորտային պատահարներից է:

 

Հրապարակման պատրաստեց

Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ