Գլխավոր Նորություններ ՀԻՆԳԺԱՄՅԱ ՊԱՅՔԱՐ ԿՐԱԿԻ ԴԵՄ

ՀԻՆԳԺԱՄՅԱ ՊԱՅՔԱՐ ԿՐԱԿԻ ԴԵՄ

420
Տարածել

Հուլիսի 20-ին ադրբեջանական դիրքերից գնդակոծության հետևանքով հրդեհ էր բռնվել Չինարի գյուղի բնակիչ Տիգրան Վանյանին պատկանող անասնաֆերմայում: Այն ծածկի հետ միասին հրդեհից փրկել չէր հաջողվել, այրվել էր նաև ձմռան համար պաշարած ողջ անասնակերը՝ ընդհանուր թվով 3000 հատ խոտի հակ: Կրակոցներից տուժել էր նաև կերաղացը, քարի հաստոցը, թրթուրավոր տրակտորի նստատեղը:  Գյուղացիներին օգնելու և բռնկված հրդեհը մարելու նպատակով ահազանգ ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:  Երբ դեպքի վայր են հասել, անասնաֆերման և խոտի հակերն արդեն կրակի ճարակ էին դարձել, սակայն հրդեհաշիջման աշխատանքների շնորհիվ հաջողվել էր կանխել կրակի տարածումը դեպի հարակից տներն ու անասնագոմը:  Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Վահագն Թադևոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կրակի դեմ պայքարել են մոտ 5 ժամ, հրդեհը հաջողվել է մեկուսացնել գիշերը ժամը 2-ի սահմանում, մարել՝ մեկ ժամ հետո:

«Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուժեղ քամի էր բարձրացել, և ամեն րոպե կրակը կարող էր տարածվել հարևանությամբ  գտնվող տների, անասուններով լի անասնագոմի վրա, սակայն կարողացանք փրկել կրակի ճիրաններից: Քամու հետևանքով միայն տրակտորը սկսեց այրվել, բայց արագ հասցրեցինք մարել, միայն նստատեղը վնասվեց: Մինչև ժամը 5-ը հերթապահել ենք Չինարիում, խոտը նորից շրջել, ջուր լցրել, որպեսզի հրդեհի նշույլ անգամ չմնա: Աշխատել ենք մթության մեջ, անվտանգությունից ելնելով՝ անջատել էինք փողոցի լուսավորությունը,  քանի որ վտանգավոր էր աշխատել ադրբեջանական դիտակետի դիմաց: Ամբողջ ընթացքում մեզ հետ հավասար դեպքի վայրում աշխատում էին նաև Չինարիում տեղակայված քաղպաշտպանության հենակետի փրկարարները»,- փոխանցեց Բերդի ՀՓՋ հրամանատարի տեղակալը:

Չինարիի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով՝ վնասի չափը կազմում է  12 մլն դրամ: Վնասվել են նաև գյուղի տների, մանկապարտեզի և այլ շենք-շինությունների տանիքները: Գյուղապետը նաև հավելեց, որ վերջին օրերին լարվածություն չի նկատվում, սահմանագոտում հարաբերական անդորր է…

 

 

Մ. Ս.