Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԿԱՊԱՆԻ ՔՈՓ ԹԻՄԸ

ԿԱՊԱՆԻ ՔՈՓ ԹԻՄԸ

567
Տարածել

Որոնողափրկարարականի փորձառուները

Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) 5 թիմերից մեկը գտնվում է Կապանում, ստեղծվել է քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի բազայի հիման վրա: Ներքին որակավորման Սյունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի և արտաքին որակավորման Երևանի թիմերը ձևավորվել են հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Առաջնորդվում են Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) սահմանած չափանիշներով և ուղեցույցներով: Ինչպես մյուս թիմերը, Կապանի թիմը նույնպես հագեցած է ժամանակակից, նորագույն գույքով ու սարքավորումներով:

Կապանի որոնողափրկարարական թիմի գույքի համար նախատեսված պահեստում ենք. թիմի անդամները հերթով բացում են արկղերը, ոգևորությամբ թվարկում, թե ինչ լիարժեք միջոցներով են ապահովված. անհատական ուսապարկեր, համազգեստներ՝ ամառային-ձմեռային, քնապարկեր, պատգարակներ, անհատական պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, ձեռնոցներ, ակնոցներ, արմնկակալներ, ծնկկալներ, կոշիկներ, հիդրավլիկ համակարգ: Աղետների ժամանակ՝ փլատակներում աշխատելու համար շատ կարևոր են նաև կտրող, ծակող և այլ սարքավորումները, տեսասարքերի և աուդիոսարքերի օգնությամբ էլ հնարավոր է նույնիսկ ամենափոքր անցքի միջոցով պարզել՝ փլատակների ներսում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, և արագ արձագանքել տուժածներին: Թիմի անդամներն ապահովված են նաև առաջին բուժօգնության պարագաներով, սննդով, որը բավարար է յոթօրյա որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում: «Մեզ հատկացված այս գույքն ու սարքավորումները հիմնականում օգտագործում ենք ուսումնավարժությունների ժամանակ: Թող երկրաշարժ և այլ աղետներ չլինեն, ու այս ամենը միշտ օգտագործենք վարժանքների ժամանակ»,- ընդգծում են որոնողափրկարարական թիմի անդամները, որոնք պատրաստված են հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնելու՝ ինչպես մարզի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Կապանի ՔՈՓ թիմը բաղկացած է 47 հոգուց, որից 33-ը Կապանի ՀՓՋ-ից են, անդամներ կան նաև Քաջարանի ՀՓՋ-ից, մարզային վարչության սպաներ, թիմում ընդգրկված են նաև բժիշկներ, մասնագետներ սեյսմիկ պաշտպանության ոլորտից և այլն: «Տարեկան երկու անգամ 36-ժամյա իրական քաղաքային աղետի սցենար-վարժանքների ենք մասնակցում, երեք տարին մեկ էլ քննություն հանձնում և ստանում որակավորում. մեր տղաները միշտ բարձր ցուցանիշներ են ապահովում: 25 հրշեջ-փրկարար ստացել է փրկարարի կարգ, մեկն էլ՝ երկրորդ կարգի փրկարարի կարգ»,- նշեց որոնողափրկարարական թիմի անդամ Սասուն Գալստյանը:

Նա Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հին կադրերից է, այժմ երրորդ խմբի օղակի հրամանատարն է:

Կոչումով փ/ծ ավագ է, փրկարարական ծառայությունում աշխատանքի է անցել 2003-ից: 14 տարվա աշխատանքային տարիները խտացված են մեկ ակնթարթում, որոնց մաս են կազմում հաղթահարված դժվարությունները, փորձությունները, ձեռքբերումները և այլն: «Կյանքի մեծ փորձ տվեց ինձ ծառայությունը, գուցե իմ ճակատագիրը հենց սա էր, երբևէ մտքովս չէր անցել, որ համազգեստ կկրեմ, այն էլ հպարտությամբ: Դա մի այլ զգացողություն է, դժվարանում եմ բացատրել, պետք է ծառայության մեջ լինես, որ հասկանաս: Եթե փրկարար ես, ապա փրկարար ես թե՛ տանը, թե՛ բակում, թե՛ աշխատավայրում, ամենուր: Փրկարարի գործը սահմաններ ու դժվարություններ չի ճանաչում… Երբ ավտովթարի վայրում միանգամից 6 զոհ ես տեսնում, ու այդ տեսարանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի տալիս քեզ, բայց գիտակցում ես, որ տվյալ պահին պետք է սառնասիրտ գտնվել, ընկերոջդ թև ու թիկունք լինել, դա իր հերթին մեծ խիզախություն է պահանջում»,- ասում է ամեն տեսակի փորձությունների միջով անցած փ/ծ ավագ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Սասուն Գալստյանը, որի 4-ամյա որդին հոր համազգեստից հեռու չի գնում, շտապում է հասակ առնել ու նրա գործին անցնել:

Որոնողափրկարարական թիմի փրկարարներից և Կապանի ՀՓՋ-ի հնաբնակներից է նաև Արմեն Ասրյանը: Փրկարարի կյանքի ուղին բռնել է 2000-ից, սկսնակ հրշեջ էր, միայն սպասարկում էր հրդեհների կանչեր, այսօր արդեն դժվարանում է անթիվ տարաբնույթ դեպքերը թվել: Տարիներով կուտակած փորձն այսօր արդեն փ/ծ ավագին թույլ է տալիս երիտասարդ նորեկ կադրերի համար լավագույն փրկարարի օրինակ լինել: Գործընկերոջ պես նոր կադրերին վերապատրաստում, գործի մեջ արագ կողմնորոշվելու ու ճիշտ արձագանքելու կարևորագույն գաղտնիքներով կիսվում: Բազամթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի են արժանացել, գնահատվել նաև մարզային, քաղաքային իշխանությունների, Քաշաթաղի շրջանի ղեկավարության կողմից, երբ մեկ ամիս շարունակ հերթապահել են ազատագրված տարածքների հրդեհված ցորենի արտերի տարածքում:

«Լավ է, որ գնահատում են արածդ, ոչինչ չի կարող փոխարինել մարդկանց շնորհակալական խոսքին: Անկախ նրանից, թե ինչ կանչ ես սպասարկում, պատասխանատվությամբ ես մոտենում գործիդ: Նույնիսկ վերջերս ահազանգ էինք ստացել մի քաղաքացուց, որը խնդրել էր տուն մտած իշամեղվին բռնել, այդ կանչը ևս անարձագանք չթողեցինք: Երբեմն փակ դռան ահազանգ ենք ստանում, գնում ենք տեսնում, որ տարեց պապիկը կամ տատիկը մուշ-մուշ քնած են, չես ուզում նույնիսկ արթնացնես, ուրախանում ես, որ վատ բան չի եղել»,- պատմում է փ/ծ ավագ Արմենը: Սասունի և Արմենի հետ մեր զրույցի ընթացքում լսեցինք տարատեսակ դեպքերի մասին՝ բարդ, զվարճալի և երբեմն տխուր վերջաբանով, որոնց սպասարկելու ընթացքում նաև փրկարարներն առանց վնասվածքների չեն մնացել: Արմեն Ասրյանը, որը կյանքի երիտասարդ տարիներից ի վեր իրեն նվիրել է Կապանի ՀՓՋ-ին, իր ներդրումն ունեցել ջոկատի կայացման գործում, այդպես էլ չի ամուսնացել:

«Ամուսնանալու ժամանակ չեմ ունեցել»,- կատակում է Արմենը և չի ուզում պատկերացնել իր կյանքն առանց ջոկատի, առանց ծառայության, առավել ևս չի ուզում մտածել, թե ինչպես է մի քանի տարի անց մեկնելու վաստակած հանգստի: Անմիջապես հետևում է ջոկատի հրամանատար Դավիթ Ասատրյանի պատասխանը.

«Մենք քեզ հանգստի անցնելու չենք թողնի»,- վստահ տոնով ասում է նրա հետ երկար ճանապարհ անցած հրամանատարը և շեշտում, որ Արմենի և Սասունի պես փորձառու կադրերը շատ անելիքներ ունեն, դեռ նոր փրկարար սերունդ պետք է կրթեն,  իրենց փորձը փոխանցեն…

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կապան