Գլխավոր Նորություններ ԽՈՒՍՏՈՒՓԻ ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԽՈՒՍՏՈՒՓԻ ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

923
Տարածել
dav

Զանգեզուրի կենսոլորտային համալիրը, որն ընդգրկում է Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքները՝ արգելավայրեր, արգելոց, ազգային պարկ, արդեն մի քանի օր է՝ էկոտուրիզմի սիրահարներին նոր արտադրանքով է ներկայանում: Կապանից 47 կմ հեռու գտնվող «Խուստուփ» վրանային ճամբարը պատրաստ է ընդունել զբոսաշրջիկների աշխարհի տարբեր ծայրերից: Այն ապահովված է վրաններով, քնապարկերով, լուսավորությամբ, սանհանգույցներով, խոհանոցով, որտեղ հյուրերը կարող են իրենց նախըտրած ուտելիքը պատրաստել, խորոված անել բնության գրկում, հավաքվել խարույկի շուրջը: Վերելք Խուստուփ լեռ, թեյի, սուրճի անվճար հյուրասիրություն, ուղեկցորդների տրամադրում, գիշերակացի հնարավորություն… Հովեկները բացի իրենց հետ վերցրած սննդից, հարկ եղած դեպքում կարող են օգտվել մոտակա Ծավ, Շիշկերտ, Ներքին Հանդ գյուղերի էկոլոգիապես մաքուր գյուղմթերքից: Բնամթերքի իրացման խնդիր ունեցող այս գյուղերում արդեն աշխուժություն է նկատվում…

Զբոսաշրջիկները կարող են օգտվել ինչպես Խուստուփի լեռնագագաթ տանող, այնպես էլ առաջարկվող այլ հետաքրքիր երթուղիներից, ձիերով, մեքենաներով բարձրանալ լեռները, քայլել ալպյան մարգագետիններով, շարժվել դեպի «Սոսու պուրակ» արգելավայրը՝ արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը, կենու, հաճարենու պուրակը, միջնադարյան եկեղեցիներ, կամուրջներ, հնարավոր է հանդիպեն նաև «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծերի, վայրի հնդկահավերի և այլն: Ճամբարի կազմակերպիչները վստահեցնում են, որ հովեկները բացահայտելու շատ բան կունենան խորհրդավոր այս անկյուններում:

Տարբեր ժամանակներում 3201 մ բարձրություն ունեցող լեռը մշտապես գրավել է ինչպես տեղացիներին, այնպես էլ Կապան այցելած հյուրերին: Շատերի համար այն ուխտագնացության վայր է եղել, քանի որ այդտեղ են անթեղված զորավար Գարեգին Նժդեհի մասունքները: Դեռևս շատ հնում լեռը եղել է աղոթատեղի, ուխտավայր: Խուստուփի հարավարևմտյան լանջի քարանձավ-սրբատեղին Վարդավառի տոնին բազմաթիվ մարդիկ են այցելում, քարանձավի առաստաղից կաթող ջուրն ուխտավորները սուրբ ջուր են համարում, խմում են դրանից և տանում իրենց հետ՝ ցողելու արտերն ու դաշտերը:

«Վրանային ճամբարը հիմնելու նախաձեռնությունն իմն է, այն իրականացվել է պահպանվող տարածքների աջակցման ծրագրի շրջանակներում և մեր աշխատակիցների ուժերով: Նպատակ ենք ունեցել առավել ճանաչելի դարձնել Սյունիքի հարավը: Վրաններում մարդիկ կարող են գիշերել նույնիսկ տեղումնառատ օրերին, իսկ քնապարկերում՝ մինչև -5 աստիճան ցրտին»,- տեղեկացրեց «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը, որը վրանային ճամբարի բացմանը ներկա էր, մեզ ասաց, որ վրանային ճամբարը հիմնվել է առանց բանապահպանական խախտումների:

Ծրագրի հաջողության դեպքում հետագայում նման ճամբարներ կհիմնվեն Մեղրու և Կապանի տարածաշրջանների մյուս պահպանվող գոտիներում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Կապան