Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. սեռական ճանապարհով փոխանցվող. ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Վարակներ. սեռական ճանապարհով փոխանցվող. ՄԻԱՎ/ՁԻԱՀ

732
Տարածել

 

Մարդու իմունային անբավարարության վիրուսը անբուժելի սեռավարակ է: Ըստ տարբեր գնահատականների, սեռավարակի հայտնաբերումից՝ 1981 թվականից մինչ օրս աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է ավելի քան 70 միլիոն մարդ, որից մոտ 30 միլիոնը մահացել է: Հիվանդության վերջին փուլն անվանում են ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ): ՄԻԱՎ-ով վարակման պահից մինչև ՁԻԱՀ-ի զարգացումը կարող է անցնել 8-10 տարի: Այս ընթացքում մարդը կարող է իրեն լավ զգալ, առողջ տեսք ունենալ և նույնիսկ չկասկածել, որ վարակված է: Վարակն ախտահարում և թուլացնում է մարմնի իմունային համակարգը, կտրուկ բարձրացնում մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ և հետևանքը՝ գլուխ են բարձրացնում այնպիսի հիվանդություններ, որոնցով մարդը սովորական պայմաններում չի տառապում:

Նշանները. առանց որևէ պատճառի տենդ, երկարատև լուծ, քաշի զգալի կորուստ, գիշերային քրտնոտություն: Բացի սեռական ճանապարհից, սեռավարակը կարող է փոխանցվել նաև արյան միջոցով՝ հիվանդի արյան հետ անմիջական շփման, բժշկական միջամտությունների ժամանակ գործիքների ոչ բավարար վարակազերծման, նույն ասեղներով և ներարկիչներով տարբեր մարդկանց ներարկման, վարակված արյան փոխներարկման ժամանակ: Նաև հիվանդ կամ վարակակիր մորից վիրուսը հղիության ընթացքում կարող է փոխանցվել պտղին և կրծքով կերակրման ժամանակ` նորածնին:

ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերությունից ու պատահական չէ, որ բժիշկներն ասում են, որ ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու միակ ու լավագույն միջոցը  չվարակվելն է: Նաև խորհուրդ են տալիս սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակ, սահմանափակել սեռական շփման զուգընկերների թիվը, ունենալ մեկ հուսալի զուգընկեր, խուսափել պատահական սեռական կապերից, ներարկումների համար օգտագործել միանգամյա ներարկիչ:

Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է ախտորոշիչ թեստ անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հիվանդների լիակատար անանունությունը երաշխավորվում է: