Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

657
Տարածել

Ծխապատման գոտի, հրդեհի փուլեր

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Ծխապատման գոտին կրակին հարող այն տարածությունն է, որը լցվում է այրման արգասիքներով (ծխի գազերով) այնպիսի խտությամբ, որ սպառնում է մարդկանց կյանքին և առողջությանը, խոչընդոտում փրկարարական ստորաբաժանումների հրդեհների մարման գործողություններին:

Ծխապատման գոտու արտաքին սահմաններն են այն վայրերը, որտեղ ծխի խտությունը 0,000` 12 մ, թթվածնի խտությունը` ոչ պակաս, քան 16% է, իսկ թունավոր գազերը վտանգ չեն ներկայացնում առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների մարդկանց համար:

Ցանկացած հրդեհի ծխապատումը միշտ վտանգ է մարդկանց կյանքի համար: Որոշ դեպքերում ծխային գազերը պարունակում են ծծմբային գազ, կապտաթթու, ազոտի օքսիդներ և այլն, որոնց նույնիսկ փոքր քանակը մահացու է: Օրինակ, ծխի ծավալային կազմում ածխածնի օքսիդի 0,05%-ն արդեն վտանգավոր է մարդկանց կյանքի համար:

Տարածքի ծխապատումն այլ վտանգներ էլ է պարունակում: Եթե մարդն անմիջապես այրման կամ ջերմային ազդեցության գոտում է, ապա, բնականաբար, միանգամից զգում է մոտեցող վտանգը և ձեռնարկում համապատասխան միջոցներ՝ իր անվտանգությունն ապահովելու համար: Շատ հաճախ, ծխապատման ժամանակ, մարդիկ, որոնք գտնվում են շինության վերևի հարկերում (իսկ դա առավել բնորոշ է բարձրահարկ շենքերին) դրան լուրջ նշանակություն չեն տալիս: Մինչդեռ ծուխը կարող է աստիճանավանդակում, այսպես կոչված, ծխային խցանում առաջացնել, որը խոչընդոտում է վերին հարկերից մարդկանց դուրս գալուն: Առանց շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների՝ ծխի միջով մարդկանց դուրս գալու փորձերը, որպես կանոն, ավարտվում են ողբերգությամբ:

Գործնականում գրեթե հնարավոր չէ բացահայտել հրդեհի գոտիների սահմանները, քանի որ դրանք մշտապես փոփոխվում են: Կարելի է խոսել միայն դրանց  գտնվելու պայմանական վայրի մասին:

Հրդեհի զարգացման գործընթացում տարբերում են երեք փուլ. նախնական (սկզբնական), հիմնական (զարգացած) և վերջնական: Այս փուլերն առկա են բոլոր հրդեհների դեպքում՝ անկախ դրանց տեսակներից:

Նախնական փուլը հրդեհի զարգացումն է` վառոցքի աղբյուրից մինչև այն պահը, երբ տարածքը լիովին կբռնկվի կրակով: Այս փուլում տարածքի (սենյակի) ներսում տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում, և նվազում է գազերի խտությունը: Հրդեհի նախնական փուլը տևում է 5-40 րոպե, երբեմն էլ մի քանի ժամ: Որպես կանոն, այն չի ազդում շինարարական կառուցատարրերի հրակայունության վրա, քանի որ ջերմաստիճանները համեմատաբար փոքր են: Բացվածքների միջոցով դուրս եկող գազերի քանակն ավելին է, քան տարածք մտնող օդի քանակը: Հրդեհի զարգացման հիմնական փուլում տարածքի ներսում միջին ծավալային ջերմաստիճանը բարձրանում է մինչև առավելագույնը: Այս փուլում այրվում է այրիչ նյութերի ծավալային զանգվածի 80-90%-ը: Այդ դեպքում շինությունից դուրս եկող գազերի ծախսը, մոտավորապես, հավասար է մտնող օդի հոսքին:

Հրդեհի վերջնական փուլում ավարտվում է այրման գործընթացը և աստիճանաբար նվազում է ջերմաստիճանը: Դուրս եկող գազերի քանակն ավելի քիչ է, քան մտնող օդի և այրման ապրանքների քանակը:

(շարունակելի)

 

Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ «Փրկարարական ամբիոնի» դասախոս