Գլխավոր Միջոցառումներ ՀԱՄԱՏԵՂ ՍՈՒԶՈՒՄՆԵՐ

ՀԱՄԱՏԵՂ ՍՈՒԶՈՒՄՆԵՐ

533
Տարածել

ՃՊԿԱ մասնագետները կազմել են ջրասուզակների կրթության հայերեն ձեռնարկ

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 10-14-ը Սևանա լճի ջրափրկարարական կայանում տեսա և գործնական վարժանք են անցկացրել հայ և ռուս ջրասուզակները: Հավաքին մասնակցել է Ռուսաստանից ժամանած երեք ջրասուզակ: Հայաստանցի ջրասուզակները եղել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից՝ ՀՆՓԱԻԿ, և Գեղարքունիքի ջրափրկարարներից: Վարժանքին մասնակցել են նաև նորեկ ջրասուզակները: Սա հայ-ռուսական ջրասուզական համատեղ առաջին վարժանքն էր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի խոսքով՝ մինչև 14 մ սուզումներ են արվել, նաև փորձի փոխանակում, սուզման կարգի և ձևերի մասին քննարկումներ են եղել: Այս ամենը շատ օգտակար էր և ուսուցողական, քանի որ  արվում էր գույքի շահագործման և անվտանգության կանոնների խիստ չափանիշներով: «Անվտանգության կանոնների խստագույն պահպանումն է միայն երաշխավորում ջրասուզական աշխատանքների հաջող վերջաբանը և արդյունավետությունը: Ջրասուզակն աշխատում է վտանգավոր և ռիսկային միջավայրում: Եթե ջուրը կյանք է, ապա ջրի տակ գտնվող մարդու համար ջուրը կարող է դառնալ կյանք ընդհատող, կյանք խլող: Սուզման ռեժիմի անգամ թեթև խախտումը կարող է հաշմանդամության բերել»,- վստահ է Արտակ Էլմասակյանը:

Մինչ օրս չունենք ջրասուզակների կրթության հայերեն ձեռնարկ: Արտակ Էլմասակյանն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները պատրաստել են գիրքը, մնացել են վերջին շտկումները, սրբագրումները: 2017-2018 ուստարվա մեկնարկին ձեռնարկը պատրաստ կլինի: Սրանից բացի, ըստ մեր զրուցակցի, պետք է ամբողջացվի-համալրվի նաև ոլորտի իրավական հենքը: Այսօր Հայաստանում կա ոլորտը կարգավորող միայն մեկ փաստաթուղթ. «Ջրասուզական և ջրափրկարարական աշխատանքների իրականացման կարգ»:

Իսկ հայ-ռուսական համատեղ ջրասուզական վարժանքներ դեռ էլի են լինելու: Հայ ջրասուզակներն են գնալու Ռուսաստան՝ սովորելու ջրասուզական հատուկ տեխնիկայի շահագործում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝

Արտակ ԷԼՄԱՍԱԿՅԱՆԻ