Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԻՔ

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԻՔ

468
Տարածել

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը և Հայաստանում ամերիկյան համալսարանն այս շաբաթ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) և հեռահար զոնդավորում» դասընթաց էին կազմակերպել: Դասընթացը Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ իրականացվող Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի (DIPECHO IV) հայաստանյան բաղադրիչի «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում է:

Աշխարհագրական տեղեկատվական կամ երկրատարածական վերլուծությունը (Geographic information system՝ GIS) թույլ է տալիս քաղաքաշինական պլանավորման մեջ համադրել տվյալները՝ բնական պայմաններ, ռիսկեր, քաղաքային հյուսվածք, ենթակառուցվածքներ և այլն, ու արդյունքում ունենալ ամբողջական պատկեր, որը ցույց է տալիս՝ որտեղ զարգացման տեղ կա, որտեղ չպետք է շինարարություն անել, որտեղ են բարձրռիսկային գոտիները և այլն:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով՝ դասընթացին մասնակցում էր 15 մարդ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Կապանի, Ստեփանավանի համայնքապետարաններից, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններից, «Լոռէ» փրկարարական ջոկատից, Սյունիքի մարզպետարանից: Քաղաքների ընտրությունը պատահական չէ: Սրանք «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» համաշխարհային արշավին միացած քաղաքներից են:

Դասընթացի նպատակն է ունենալ մասնագետներ, որոնք կտիրապետեն GIS վերլուծության հմտություններին, և երբ Հայաստանում ներդրվի GIS համակարգը,  կկարողանան աշխատել: «Դասընթացի մասնակիցների գործուղած կառույցները պարտավորվել են կիրառել վերապատրաստված մասնագետի կարողությունները, նրանց ներգրավել GIS վերլուծություններ ենթադրող ծրագրերում: Այստեղ պատահական մարդ չկա»,- տեղեկացրեց Արա Բարսեղյանը: Ապագայում այսպիսի դասընթացներ էլի են կազմակերպվելու, մասնագետները վստահ են՝ կյանքը բերելու է նրան, որ GIS վերլուծությունը դառնալու է պարտադիր, առանց GIS վերլուծություն չի լինելու ոչ մի պլանավորում, և պիտի ունենանք նման մասնագետներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հ.Գ. Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի օգնությամբ մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման ներառումը քաղաքաշինական պլանավորման մեջ երկրատարածական վերլուծության միջոցով» ուղեցույց և տրամադրվել քաղաքաշինության պետական կոմիտեին:

Այս ուղեցույցի կիրառման պիլոտային ծրագրեր են սկսվել Դիլիջանում ու Գյումրիում: Այս  մասին առավել մանրամասն՝ առաջիկայում: