Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՓՐԿԱՐԱՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ՝ ԱՇԽԱՐՀԻՆ

ՓՐԿԱՐԱՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ՝ ԱՇԽԱՐՀԻՆ

629
Տարածել

Հարցազրույց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ,

փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի հետ

— Պրն գնդապետ, մեր թերթի նախորդ համարներում ներկայացրեցինք մարզի հրշեջ-փրկարարական ջոկատները, այնտեղ աշխատող մարդկանց: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր հրապարակումներից:

— Ուրախ եմ, որ լուսաբանվեց տղաների աշխատանքը: Ժողովուրդը տեսնում է կատարված գործը և մեծ հարգանքով է վերաբերում մեր ծառայությանը: Ես ինձ լավ եմ զգում, երբ բացում եմ թերթի համարն ու կարդում մեր տղաների մասին հրապարակումները: Երբ լուսաբանվում է տղաների աշխատանքը, նրանք ոգևորված ու առավել եռանդով են շարունակում գործը:

— Կարծում եմ՝ տղաների աշխատաքն ամբողջացնելու անհրաժեշտություն կա: Ակնկալում ենք նաև Ձեր օգնությունը աշխատանքային հետաքրքիր ուղի անցած հրշեջ-փրկարարներին ներկայացնելու համար:

— Կան վետերաններ, որոնց պարտավոր եք ներկայացնել: Օրինակ, Մասիսի ՀՓՋ նախկին հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Թովմաս Հովհաննիսյանը, որը 38-39 տարի ծառայել է համակարգում: Բազմաթիվ արտակարգ գործողությունների ու իրավիճակների է մասնակցել և երկար ու փորձություններով լի ճանապարհ անցել: Աղասի Հովհաննիսյանը նրա տեղակալն էր և նույնպես տասնամյակներ շարունակ ծառայել է մեր ժողովրդին: Այդպես շատերին ունենք: Նրանց անցած ուղին անհրաժեշտ է լուսաբանել: Ուզում եմ նաև շեշտել, որ մեր վետերանները բազմիցս հավաստել են իրենց պատրաստակամությունը հետագայում էլ օգտակար լինելու մեր փրկարարական գործին: Նրանք թեկուզև թոշակի են անցել, բայց միշտ ծառայության մեջ են, մեր կողքին:

— Անպայման հաշվի կառնենք Ձեր նկատառումները և թերթի էջերում կշարունակենք լուսաբանել ծառայության մեծ ճանապարհ անցածներին, փրկարարի հոգեկերտվածքով վետերաններին:

— Ի վերջո, մի օր բոլորս էլ անցնելու ենք կենսաթոշակի:

— Ներկայացրեք վարչության գործունեության բարդություններն ու առանձնահատկությունները, եթե, իհարկե, դրանք կան:

— Վարչությունը կազմված է երկու հիմնական բաժիններից՝ բնակչության պաշտպանության բաժին և ճգնաժամային կառավարման կենտրոն: Երկու բաժինների պետերն էլ համարվում են վարչության պետի տեղակալներ: Ամեն բաժին զբաղվում է իր հստակ գործունեությամբ, պլանավորման աշխատանքներով, ուսումնավարժանքներով, ինչպես նաև համայնքների ղեկավարների,  մանկապարտեզների, դպրոցների տնօրենների հետ են աշխատանքներ տարվում: Իհարկե, դժվարություններ կան, հիմնական դժվարությունը բնակչությանը արտակարգ իրավիճակներին դիմակայելուն պատրաստ պահելն է որպես կամավորականներ: Մարդիկ իրենց հոգսերով են տարված, չես կարող անհրաժեշտ պահին բոլորից աջակցություն ակնկալել:

— Մեծ մարզ է և 4 հրշեջ-փրկարարական ջոկատ: Դժվար է, իհարկե: Հրշեջ կամավորական նոր ջոկատների ձևավորում նախատեսվո՞ւմ է:

— Բոլոր համայնքներում ունենք կամավոր փրկարարական ջոկատներ: ՀՓՋ-ներից բացի, համայնքներն ունեն իրենց կապի օղակները, առաջին բուժօգնության խմբերը, և կախված համայնքի մեծությունից՝ անձնակազմի թվերն էլ տարբեր են: Օրինակ, եթե համայնքն ունի մոտ 2 հազար բնակիչ, ապա 15 հոգուց բաղկացած կամավոր փրկարարական ջոկատ կա այնտեղ: Մեծ համայնքներն անգամ ապահովված են տրանսպորտային միջոցներով: Չափազանց զգալի է կամավորների անհրաժեշտությունը հատկապես անտառային հրդեհների ժամանակ:

— Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Նախիջևանին: Ներկայացրեք այդ առանձնահատկություններից բխող դժվարությունները:

— Երկու սահմանամերձ համայնք ունենք՝ Պարույր Սևակը և Երասխավանը: Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում այդ համայնքների բնակչության հետ, անցկացվում են հնարավոր արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու մասին դասընթացներ: Ունենք թաքստոցներ, ամեն բնակիչ ամրագրված է որոշակի թաքստոցի: Թուրքիայի հետ սահմանն անցնում է Արաքս գետով, պարբերաբար մոտենում ենք գետին, ափամերձ պատնեշների դիտարկումներ անցկացնում, եթե քանդվել է, վնասվել, նորոգում ենք, որպեսզի Արաքսը վարարելու դեպքում, հեղեղը չվնասի այգիներն ու ցանքատարածությունները:

— Ծառայությունը լիարժեք իրականացնելու ինչպիսի՞ դժվարություններ կան այս պահին և դրանցից որոնք են, որ շուտափույթ լուծում են պահանջում: Նկատի ունեմ գույք-սարքավորումներ, հանդերձանք:

— Ի պատիվ մեր ղեկավարության, այս տարի ԱՄՆ դեսպանատնից ստացանք 100 հազար դոլարի գույք-սարքավորում Արտաշատի ՀՓՋ-ի համար, նույնքան էլ՝ Մասիսի: Այսօր որքան էլ գույք-սարքավորումները շատ են, միևնույն է, դրանց կարիքը միշտ էլ զգացվում է, քանի որ կատարելագործվում է տեխնիկան և անընդհատ դրանք փոխելու, թարմացնելու կարիքն է զգացվելու: Այսօր մեզ մի արագընթաց մեքենա է պետք գույք-սարքավորում տեղափոխելու համար, հատկապես Զանգակատուն, Պարույր Սևակ համայնքների տարածք, նաև փոքրիկ մեքենաներ՝ դեպքի վայր արագ հասնելու համար, մենք մեր անձնական մեքենաներն ենք օգագործում այդ նպատակով: Ինչպես նաև անհրաժեշտ են ամենագնաց մեքենաներ, որպեսզի անտառային հրդեհների ժամանակ անձնակազմ տեղափոխեն բարձրադիր վայրեր: Սրանք խնդիրներ են, որոնց լուծումն ընթացքի մեջ է: Իսկ մյուս բոլոր աշխատանքները կատարվում են ճիշտ և ժամանակին, և գոնե մի բնակիչ չունենք, որ բողոքի մեր ծառայության թերացումից: Հակառակը՝ շնորհակալություններն են շատ:

— Երկար տարիներ ղեկավարում եք վարչությունը: Ի՞նչ ուղիով եք անցել Դուք:

— Ծառայության եմ անցել 1997 թ. ինժեներական բաժնում, որպես շարքային: Այնուհետև վարչության պետ Գարսևան Կարապետյանը, որը կենսաթոշակի է անցել, ինձ առաջարկեց սպայական կոչում ստանալ: Սկզբում ընդդիմացա: Ամբողջ կյանքում երազել էի ոստիկան դառնալ, այդ մասին նույնիսկ հոդված եմ գրել, սակայն կոլեկտիվն ինձ այնպես տրամադրեց, որ համաձայնեցի որպես զինվորական աշխատել համակարգում: Եվ նույն թվականի նոյեմբերի 11-ին հրամանագրով ինձ շնորհվեց ավագ սպայի կոչում: Իսկ 1999-ին նշանակվեցի նոր ձևավորված վարչության պետի տեղակալ: Այդ ժանանակ ես ընդամենը 27 տարեկան էի: 2001-ին առաջարկություն ստացա սովորել ՌԴ քաղպաշտպանության ակադեմիայում, քննություններով ընդունվեցի, իսկ երկու տարի անց՝ ավարտելուց հետո, վերադարձա՝ աշխատելով կրկին վարչության պետի պաշտոնում:

Վարչությունում երեք անգամ հավասարազոր պաշտոնների փոփոխություն եմ ունեցել, իսկ 2013 թ. ապրիլի 29-ին նախկին նախարար Արմեն Երիցյանի հրամանով նշանակվել եմ վարչության պետի պաշտոնակատար: Հարցազրույցի ժամանակ չէի նկատել, որ նախարարի առջև է դրված իմ կենսագրականը, ասաց. «Քեզ հարցեր չունեմ, ուղի ես անցել, որն անցնում է նորմալ սպան, և անմիջապես նշանակում եմ»: Նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել եմ վարչության պետի պաշտոնին, իսկ դեկտեմբերի 2-ին ինձ շնորհեց գնդապետի կոչում: Արժանացել եմ բազմաթիվ պարգևների: «Կանխարգելում, փրկություն, օգնություն» մեդալը ստացել եմ Արմեն Երիցյանից, ՌԴ սահմանապահ զորքի կազմավորման 65-ամյակի առիթով արժանացել եմ «Սահմանապահ» մեդալի: Արժանացել եմ «15 տարի անբասիր ծառայության» համար մեդալի: «20 տարի անբասիր ծառայության համար» մեդալն էլ նախարար Դավիթ Տոնոյանը շնորհեց: Սիրում եմ ծառայությունը, սիրում եմ իմ աշխատանքը, չեմ պատկերացնում աշխատանք՝ առանց ուսադիրների: Մանկուց սիրել եմ համազգեստը, դեռ այն ժամանակ լուսանկարվել մայոր-օդաչուի համազգեստով: Երբ փոքր էի, ասում էի՝ օդաչու պետք է դառնամ, հետո՝ ոստիկան, բայց  փրկարար դարձա: Որպես վարչության պետ, մեծ դեպքերին մասնակցում եմ, գիշեր ու զօր իմ անձնակազմի կողքին եմ՝ ցանկացած դժվարության պահին:

— Ո՞րն է եղել փրկարարական Ձեր առաջին գործը:

— Վաղ օրերի պատմություն է: Արաքսը վարարել ու լցվել էր Արարատ գյուղի տարածքը, նույնիսկ մեքենաներ էին ջրածածկ եղել: 2-3 օր մի 10 հոգով Արաքսի ափին էինք, մասնակցում էինք աշխատանքների, որոնք և՛ փրկարարական էին, և պաշտպանողական: Արաքսի ափապատնեշն էր քանդվել:

— Ո՞րն է եղել փրկարարական այն գործը, որ դաջվել է Ձեր հիշողության մեջ:

— Մոտ 2-3 տարի առաջ էր, առավոտյան աշխատանքի գնալիս, Այգեզարդ գյուղի խաչմերուկում տեսա, որ վթար է տեղի ունեցել: Մտածեցի՝ ոչինչ, վթար է, կարևորը, որ զոհեր չկան: Հետո տեսա, որ գետնին ընկած 2 զոհ կա: Օգնեցի վիրավորներին հիվանդանոց տեղափոխել: Նրանցից մեկը ճանապարհին մահացավ, մյուսն էլ՝ հիվանդանոցում՝ մեկ ամիս անց: 4 զոհ եղավ այդ գյուղական ավտովթարից, որը մինչ օրս անջնջելի տպավորվել է մեջս, և ամեն անգամ հիշելիս ցավ եմ ապրում: Հողագործ մարդիկ էին, հոկտեմբերի սկիզբն էր, գնում էին իրենց այգին՝ խաղողաքաղի:

— Ո՞րն եք համարում Ձեզ հաճույք կամ զմայլանք պատճառած դեպքը, իրադարձությունը փրկարարական ծառայության ընթացքում:

— 2014-ի մարտի 31-ին շատ ձյուն էր եկել, և Երասխ-Զանգակատուն տանող ճանապարհը փակվել էր: Զեկուցեցի մարզպետին իրավիճակի մասին և ասացի, որ իմ տղաների հետ ԳԱԶ-66 և ՈՒԱԶ մեքենաներով կհերթապահենք ճանապարհին: Մարզպետը հարցրեց՝ հնարավո՞ր է, որ չկարողանաս, ասացի՝ չէ՛, կարող ենք: Ամբողջ գիշեր տղաների հետ չենք քնել, 40-50 ավտոմեքենա՝ մոտ 200 ուղևորով, հանել ենք անվտանգ տարածք: Հետո գիշերվա 1-ին, որ արդեն մեքենաների հոսքը դադարել էր, գնացինք Վարդաշեն գյուղ՝ մեր աշխատակիցներից մեկի քեռու տուն, վառարանի մոտ նստած տաքանում ու զրուցում էինք ու չէր զգացվում, թե վարչության պետն ով է, հրշեջն ով է: Հոգնած, բայց ուրախ էինք, որ կարողացանք օգնել մարդկանց, մեքենաները դուրս բերել ձնե կապանքներից: Իսկ մենք մեր ընտանիքները թողած՝ ուրիշի տանը նստած էինք, բայց ուրախ էինք՝ լավ գործ էինք արել: Ժամը 4-ին նորից դուրս եկանք, ճանապարհը մաքրեցինք մինչև առավոտյան 8-ը, անգամ մեկ վթար չեղավ, և միայն 10-ին մոտ վերադարձանք վարչություն ու նոր զգացինք, որ շատ ենք հոգնել:

— Եվ այդ դեպքերից հետո չի՞ փոխվել Ձեր վերաբերմունքը շրջապատող աշխարհի, գործի նկատմամբ:

— Եթե տրամադրված ես ծառայության և ուսադիր ես կրում, ուրեմն պատրաստ պետք է լինես ամեն ինչի՝ և՛ ողբերգական, և՛ հաճելի դեպքերի: Ցանկացած դեպքում, երբ դու ճիշտ ու ժամանակին ես աշխատանքը կատարում, դուրս գալիս այդ իրավիճակից, դա արդեն ուրախալի է: Երբ ջրախեղձի մարմինը գտնում և հանձնում ես տիրոջը, ողբերգություն է, բայց քեզ շնորհակալություն են հայտնում: Դու պարզապես պետք է քո աշխատանքը կատարես, մարդ փրկես, վտանգից հեռու պահես հասարակությանը:

— Շա՞տ են այն փրկարարները, որոնց հետ ցանկացած դժվարության առաջադրանք հեշտ հաղթահարելի է:

— Մեր թիմում հիմնականում նորմալ տղաներ են ընդգրկված և բոլորն էլ գիտակցում են գործի լրջությունը: Դեպք չի եղել, որ ես կասկածեմ, թե ինչ-որ մեկը թերանում է կամ անկարող է կատարել առաջադրանքը: Չէ՛, այդպիսի բան չի կարող լինել, ամեն մեկն իր գործն է անում: Բոլորի հետ էլ ուս ուսի կկանգնեի ցանկացած դժվար իրավիճակում, որովհետև բոլորին էլ վստահում եմ, և դա շատ լավ գիտեն իրենք:

— Ձեր պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն է իսկական փրկարարի կերպարը: Ձեր ղեկավարած վարչությունում կա՞ն այդ կերպարին համապատասխանող փրկարարներ:

— Եթե փրկարար է, ուրեմն էլ չպետք է պատկերացնել: Եթե մարդը երդում է տվել, ծառայում է և իր պարտականությունները կատարում բարեխղճորեն, չպետք է պատկերացնել, այլ՝ ընդունել:

— Ի՞նչ մարդ է փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը ծառայությունից, աշխատանքից դուրս, ի՞նչ հետաքրքրություններ ունեք: Թեև գիտեմ՝ ազատ ժամանակ չեք ունենում, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տնօրինում այն, եթե, իհարկե, ունենում եք: Միայն չասեք՝ ականջն ահազանգին:

— Սիրում եմ որսորդություն, ձկնորսություն, բայց ժամանակ չեմ ունենում դրանցով զբաղվելու: Էականը ձուկ որսալը չէ, պարզապես նստես գետի ափին և պրկված նյարդերդ թուլացնես: Սիրում եմ նաև գյուղատնտեսությամբ զբաղվել, երբ աշխատանքից հետո, հատկապես ամռան եղանակին, տուն եմ գնում, սիրում եմ միայնակ նստել իմ այգում՝ խորհել, երևակայել՝ ծառերին նայելով, մտածել, հանգստանալ:

— Փոքր-ինչ պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ովքե՞ր են Ձեր աջակից նվիրյալները:

— Ծնվել, մեծացել եմ բանվորի ընտանիքում, հայրս զոդող է աշխատել գյուղում, մայրս՝ բուժքույր՝ դպրոցում: Ունեմ մեծ եղբայր՝ Ռուդիկ Մարգարյանը, որ միջազգային կարգի սպորտի վարպետ է, ազատ ոճի ըմբշամարտիկ, ԱՊՀ երկրների չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր: Տղաս է գնում նրա ճանապարհով և հիմա հանձնում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունները: Ես էլ եմ զբաղվել սպորտով՝ թեթև ատլետիկայով և ըմբշամարտով, հետո թողել եմ: Բարձրագույնն ավարտելուց հետո ծառայել եմ Հայկական բանակում, զորացրվելուց հետո ծառայության անցել արդեն մեր համակարգում: Ապրում եմ ծնողներիս հետ, ունեմ նաև դուստր, որը սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի չորրորդ կուրսում: Ապրում եմ գյուղում, աշխատանքից հետո զբաղվում գյուղատնտեսությամբ: Սիրում եմ մարդկանց հետ շփվել, զրուցել, դարդուցավից տեղյակ լինել:

— Պրն գնդապետ, ես սպառեցի իմ հարցերը, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ:

— Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել «911. Արտակարգ թերթին», քանի որ մարդուն գնահատելու, ոգևորելու առիթ է, երբ լուսաբանում եք մեր փրկարարների աշխատանքը: Մարդուն գործով են ճանաչում: Մեր գործը մարդ փրկելն է: Մենք մեր աշխատանքն ենք կատարում:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Արտաշատ-Երևան

 

Տարածել
Նախորդ հոդվածՓՈՐՁ
Հաջորդ հոդվածՕգնում են փրկարարները