Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. սեռական ճանապարհով փոխանցվող

Վարակներ. սեռական ճանապարհով փոխանցվող

601
Տարածել

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները հիվանդ մարդուց առողջին փոխանցվում են սեռական հարաբերության ժամանակ: Այս խմբին են պատկանում սիֆիլիսը, գոնորեան, խլամիդիոզը, տրիխոմոնիազը, ՄԻԱՎ վարակը և այլն: Այսօր կա մոտ 30 սեռավարակ: Նշաններն են. արտաքին սեռական օրգանների շրջանում ցանավորում, խոցերի առաջացում, կարմրություն, տարբեր բնույթի (լորձային, շոռանման, թարախային, կանաչավուն, գարշահոտ) արտադրություն սեռական օրգաններից, քոր, այրոցի, անհարմարության զգացում արտաքին սեռական օրգանների շրջանում, ցավոտ միզարձակում, աճուկային շրջանի ավշագեղձերի մեծացում, սեռական հարաբերությունների ժամանակ ցավ կամ անհարմարության զգացում:

Այս նշաններից անգամ մեկի ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել մաշկավեներաբանի: Եթե զուգընկերներից մեկն ունի ՍՃՓՀ նշաններ, մյուսը նույնպես անհապաղ ստուգման կարիք ունի: Հակառակ դեպքում նրանք նորից կվարակեն միմյանց: Երբեմն որոշ մարդկանց, հատկապես կանանց շրջանում, բացակայում են հիվանդության տեսանելի նշանները: Այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ այցելել գինեկոլոգի: Երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ:

ՍՃՓՀ դեպքում առաջին քայլերը. մինչև բժշկի դիմելը բացառեք սեռական հարաբերությունները, անվերապահորեն կատարեք մասնագետ-բժշկի ցուցումները: Բժիշկը պետք է պահպանի հիվանդի գաղտնիքը: ՍՃՓՀ փոխանցման ուղիներն են. սեռական շփումը, արյունը, հիվանդ կամ վարակակիր մորից կամ կերակրող մորից փոխանցումը պտղին, երեխային: Սեռավարակը չի փոխանցվում թքի միջոցով, անվնաս մաշկի միջով, կենցաղային իրերի ընդհանուր օգտագործման ժամանակ:

Սեռավարակների մեծ մասը բուժվող է ու հարկ է առաջին իսկ կասկածի դեպքում դիմել բժշկի: Սեռավարակներից պաշտպանվելու դասական տարբերակը պահպանակներն են: Կան նաև հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք պետք է օգտագործել բացառապես բժիշկ-մաշկավեներաբանի խորհրդով:

Տարածել
Նախորդ հոդվածԻ ՇԱՀ ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ
Հաջորդ հոդվածԼԱՐՍԻՆ