Գլխավոր Նորություններ ՍԵՎԱՆԻ ԼՈՂԱՓԵՐԸ «911»-Ի ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՍԵՎԱՆԻ ԼՈՂԱՓԵՐԸ «911»-Ի ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

466
Տարածել

Լողաշրջանը Հայաստանում պաշտոնապես բացված է հուլիսի 1-ից, և ջրափրկարարներն այդ օրվանից ուժեղացված ռեժիմով հսկողություն են իրականացնում Սևանա լճում: Մամլո ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Արմեն Ճզմաչյանը։ Նրա տեղեկացմամբ, փրկարարները հսկողություն են սահմանել երեք հանրային լողափերին և թերակղզու փրկարար ծառայության ափամերձ հենակետում: «Աշտարակների վրայից փրկարարները հեռադիտակներով հետևում են լճում լողացողներին: Բարձրախոսներով զգուշացնում են քաղաքացիներին չանցնել նախապես տեղադրված լողանշանները: Լճում հերթապահում են նաև «911»-ի մոտորանավակները»,- նշել է Արմեն Ճզմաչյանը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ջրափրկարարները հերթապահություն են իրականացնում նաև այն վայրերում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում տարբեր գերատեսչություններ կամ մանկապատանեկան ճամբարներ: Փրկարարներն ամեն երկուշաբթի հերթապահություն են իրականացնում սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երեխաների լողի ժամին, ինչպես նաև պատանի երկրապահների՝ Սևանի ափին բացված ճամբարում: Հուլիսի վերջին 8 օր շարունակ հերթապահություն կիրականացնեն «Միասին» համահայկական երիտասարդական ֆորումի մասնակից պատանիների և երեխաների ճամբարում:

Արմեն Ճզմաչյանը նշել է նաև, որ 2015-ին Սևանա լճում խեղդվել է 4 մարդ, 2016-ին՝ 3 հոգի, իսկ այս տարի գրանցվել է ջրահեղձման 5 դեպք: Նրա խոսքով, հիմնականում ջրահեղձվում են լողանշաններն անցնողները, որոնք հոգնում և չեն կարողանում սեփական ուժերով վերադառնալ ափ: Նա խորհուրդ է տվել լիճը չմտնել հարբած վիճակում: «Չպետք է լողալ նաև հոսող ջրերում: Չպետք է անտեսել փրկարարների կոչերը և պահպանել անվտանգության կանոնները»,- ասել է փ/ծ կապիտանը և հորդորել հովեկներին զգույշ լնել՝ մարդը կարող է խեղդվել 3-4 րոպեում:

Ինչ վերաբերում է խեղդվողներին փրկելու դեպքերին, ապա 2015 թվականին փրկվել է 31, 2015-ին՝ 21, իսկ այս տարի՝ 5 հոգի: