Այրման և ջերմային ազդեցության գոտիներ
Հրդեհների դասակարգումը քննարկելուց հետո, այժմ ուսումնասիրենք հրդեհների զարգացումը:
Տարածությունը, որտեղ զարգանում է հրդեհը, պայմանականորեն բաժանում ենք երեք գոտու.
- այրման,
- ջերմային ազդեցության,
- ծխապատման:
Այրման գոտի
Տարածություն, որտեղ տեղի են ունենում այրվող նյութերի (պինդ, հեղուկ, գազային) ջերմային տարալուծման կամ գոլորշիացման գործընթացներ: Այս գոտին սահմանափակվում է կրակի բոցի լեզվի չափերով, բայց որոշ դեպքերում կարող է սահմանափակվել շենքի (շինության) արգելապարսպով, տեխնոլոգիական կայանքների, սարքերի կողապատերով:
Այրումը կարող է լինել բոցով (համասեռ) և անբոց (տարասեռ): Բոցով այրման ժամանակ այրման գոտու սահմաններն են այրվող նյութի մակերեսը և կրակի բոցի բարակ փայլուն շերտը (օքսիդացման ռեակցիայի գոտին):
Առանց բոցի այրման ժամանակ (թաղիք, տորֆ, կոքս) այրման գոտին այրվող պինդ նյութերի ծավալն է սահմանափակ չայրվող նյութով: Այրման գոտու բնութագրիչներն են. մակերես, ծավալ, բարձրություն, այրվող բեռ, նյութի լիայրման արագություն (գծային, զանգվածային, ծավալային) և այլն: Հրդեհի զարգացման հիմնական պատճառը այրման ժամանակ առաջացող ջերմությունն է: Այս ջերմության ազդեցությունից այրման գոտին շրջապատող դյուրավառ և չայրվող նյութերը տաքանում են, «նախապատրաստվում» այրմանը, ապա բոցավառվում, իսկ չայրվող նյութերը քայքայվում, հալվում, շինարարական կառուցատարրերը դեֆորմացվում, կորցնում են իրենց ամրությունը:
Ջերմություն առաջանում է միայն կրակի բոցի բարակ փայլուն շերտում, որտեղ տեղի է ունենում քիմիական ռեակցիան:
Ջերմային ազդեցության գոտի
Տարածություն, որը հարում է այրման գոտուն: Այստեղ տեղի է ունենում ջերմափոխանակում կրակի (բոցի) մակերեսի և շրջապատի միջև: Գոտու սահմանն այնտեղ է, որտեղ ջերմային ազդեցությունը բերում է նյութերի ու կոնստրուկցիաների վիճակի զգալի փոփոխության, և առանց ջերմային պաշտպանության միջոցների մարդկանց համար ստեղծում են կյանքի և առողջության համար վտանգավոր ու անհնարին պայմաններ:
Ջերմային ազդեցության գոտու պրոեկցիան գետնի կամ շինության հատակի մակերեսի վրա կոչվում է ջերմային ազդեցության մակերես: Շենքերում հրդեհների ժամանակ այդ մակերեսը բաղկացած է երկու հատվածից՝ շենքի ներսում և շենքից դուրս: Ջերմային ազդեցության գոտու չափերը կախված են հրդեհի տեսակարար ջերմությունից, այրման գոտու ջերմաստիճանի չափերից և այլն:
(շարունակելի)
Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ
ՃԿՊԱ «Փրկարարական ամբիոնի» դասախոս