Գլխավոր Նորություններ ԿՐԱԿՎԱԾ ԱՆՏԱՌԸ

ԿՐԱԿՎԱԾ ԱՆՏԱՌԸ

511
Տարածել

Ամառվա տապը մեծացրել է բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս օրերին անտառային հրդեհները ոտքի են հանել աշխարհի հազարավոր հրշեջ-փրկարարների: Կալիֆոռնիայում շոգ ու չոր եղանակը դժվարացնում է հրդեհաշիջումը: Ուժեղ քամիները թռիչքային հրդեհներ են առաջացրել 17 դժվարամատչելի անտառավայրերում: Տիեզերքից ստացված լուսանկարներում տպավորություն է, թե այրվում է ամբողջ նահանգը: Տարհանվել է 3,5 հազար մարդ: Նահանգի հյուսիսում՝ Սիերա Նևադա լեռան ստորոտին գտնվող Սակրամենտո քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում կրակից փրկվածների թիվը հասնում է 4 հազարի, ևս 7,5 հազար մարդ պատրաստվում են հեռանալ իրենց տներից: Հրդեհի դեմ պայքարում կարծես հրշեջներն անզոր են: Չեն բացառում, որ, եթե առաջիկա օրերին չհաջողեն կասեցնել կրակի տարածումը, կարող են պահանջվել բնակիչների նոր տարհանումներ: Տարերային հրդեհներ են նաև Մերձբայկալում: 28 հրդեհի օջախ է գրանցվել երկրամասի ամենադժվարամատչելի լեռնամասերում: Թե ԱՄՆ-ում և թե Ռուսաստանում հրդեհների դեմ պայքարում են հրդեհաշիջման բոլոր ժամանակակից միջոցներով՝ ավիացիայով, արհեստական անձրևներով: Իսկ այն անտառաշրջաններում, որտեղ հրդեհը սպառնացող վտանգ չէ, զուր ծախսերից խուսափելու համար դադարեցրել են հրդեհաշիջումը՝ թողնելով ինքնամարման:

Մեզ մոտ անտառային տարածքները փոքր են: Հրդեհի դեպքում էլ շիջումը մեծամասամբ իրականացվում են առանց ջրի, մարդկային ուժով ու չարչարանքով: Անտառային վերջին հրդեհները գրանցվել են նախորդ տարի՝ Մեղրու «Արևիք» ազգային պարկում և Խոսրովի արգելոցում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ անտառային հրդեհների պատճառը մարդն է: Ոչնչանում է անտառը, ոչնչանում է նաև կենդանական աշխարհը, ամայանում է երկիրը, փոխվում է եղանակը, պակասում են ջրային ռեսուրսները, մարդկային կենսապայմաններն են սուղ դառնում:

Պաշտոնական տվյալներով՝ 1 հա անտառի պահպանման համար պետբյուջեից հատկացվում է տարեկան 240 դրամ: Անտառապահների աշխատավարձը չի անցնում 12 հազար դրամից: Նրանք ապահովված չեն ո՛չ զենքով, ո՛չ ձիով, ո՛չ էլ տրանսպորտային միջոցներով: Անտառային օրենսգիրքը վաղուց վերանայման կարիք ունի: Չնայած  օրենսգիրքն արգելում է արտադրական նպատակներով անտառահատումները և խնամքի ու սանհատումներից զատ այլ բան չի արտոնում, բայց փաստ է, տարեցտարի կրճատվում են անտառային տարածքները: Նոր օրենսգրքի նախագծով անտառն այլևս դադարում է զուտ պետական սեփականություն լինելուց: Սահմանվում են սեփականության տարբեր իրավունքներ՝ անտառային հողերը կարող են հանդիսանալ համայնքների, իրավաբանական անձանց ու քաղաքացիների սեփականությունը: Ներմուծվում է նույնիսկ արտադրական անտառ հասկացությունը: Թե ինչ փոփոխությունների կենթարկվի այս նախագիծը, ցույց կտա ժամանակը: Ճշմարտությունն այն է, որ 1993-ին անտառային կանաչ ծածկույթը կազմել է մեր երկրի տարածքի 11,2 տոկոսը: Ու թեև պետական վիճակագրությունը շարունակում է ներկայացնել նույն թիվը, բայց ՄԱԿ-ի փորձագետներն այդ ցուցանիշի ուղիղ կեսն են նշում:

Հիշեցում. անտառածածկ Նորվեգիայում  անտառահատումներն արգելված են, Գերմանիայում  ծառահատողին հոգեբուժարան են տանում: 14-րդ դարում իտալական օրենքներով Ալպերում ծառահատումները քրեորեն պատժելի էին: Այդ օրենքը գործում է միչև օրս:

Նկարում Վաճառի Սբ Ստեփանոս եկեղեցու (13-րդ դար) ավերակներն են, որ քանի՜ տարի, Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթի խոսքով, բռնված էին «թրթուրով, մորեխով, քրդերով»:

Անտառն էլ բռնված է գոյությանը սպառնացող վտանգներով…