Գլխավոր Նորություններ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

525
Տարածել

Գյուղնախարարությունը հաշվարկել է հուլիսի 6-7-ին տեղացած կարկուտի պատճառով հասցված վնասի չափերը Դիտարկման արդյունքում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևոտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում:

Ըստ «Արմենպրեսի»՝ գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք, վնասվածությունը հիմնականում 50 տոկոսից բարձր է, իսկ որոշ վայրերում այն հասնում է մինչև 100 տոկոսի:

«Տարբեր մարզերում տեղի ունեցած կարկտահարության դեպքերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են վնասների չափերի հավաքագրմամբ: Հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարությանը, որից հետո որոշում կկայացվի, սակայն 50 տոկոս և ավելի վնասներ ունեցող հողօգտագործողների համար աջակցություն ցուցաբերելու մասով հիմնականում քաղաքականությունը նույնն է լինելու»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ արդեն մարզերում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի կողմից տարվում են աշխատանքներ՝ վարկերի մարման հետ կապված զիջումներ կատարելու ուղղությամբ, ընդ որում՝ յուրաքանչյուր հողօգտագործողի նկատմամբ ցուցաբերվում է անհատական վերաբերմունք: Ըստ պաշտոնյայի՝ ուսումնասիրվում են նաև ոռոգման ջրի վարձավճարների, հողի հարկի զիջման հարցերը:

Կարկտահարությունից տուժածներին օգնելու համար Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հավաստմամբ՝ որոշ գյուղացիների համար կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, որոշների համար կարվի արժույթի փոփոխություն, տուկոսադրույքների նվազեցում:

«Տարբեր են լինելու մոտեցումները՝ կախված գյուղացիական տնտեսությունից, վնասի չափից, գյուղացու եկամուտներից»,- ասել է Արթուր Ջավադյանը:

Նկարում՝ կարկտահատիկներ Մաստարայից (Գագիկ  Սուրենյանի ֆեյսբուքյան էջից):